Արթուր Թովմասյան անունով ֆեյսբուքյան օգտատերն օգոստոսի 31-ին գրառում էր կատարել դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիների մասին: «Ըստ օդում կախված լուրերի, ՀՀ հպարտ քաղաքացիներին տուգանել են 9 միլիարդ դրամ, դիմակ չկրելու համար: Տուգանվել է 900,000 հազար մարդ:
Հարց.
ՀՀ հպարտ քաղաքացին տուգանքի մատերիալ չի՛, բա ի՞նչ է»:
Հրապարակումը արտատպել էին 7or.am-ը, hayeli.am-ը, zham.am-ը և այլ լրատվական կայքեր:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:
Դիմակ չկրելու տուգանքները
Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ Արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելու և դիմակ կրելու կանոնները չպահելու համար նշանակվել է 182 հազար 860 վարչական տույժ (լրացումը՝ ստորև):
Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1 միլիարդ 82 միլիոն դրամ: Օգոստոսի 31-ի դրությամբ քաղաքացիները, փաստացի, վճարել են 12 մլն 320 հազար դրամ տուգանք: Հիշեցնենք, որ դիմակ չկրելու համար տուգանքի չափը կազմում է 10 հազար դրամ:
Ինքնամեկուսացման կանոնները խախտելու տուգանքները
Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ այս ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 108 որոշում, որոնցով տուգանքի չափը կազմել է 11 մլն 200 հազար դրամ։ Փաստացի՝ վճարվել է 200,000 դրամը։
Տեղեկացնենք, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նշանակված է տուգանք` 100-250 հազար դրամ։
Այսպիսով, ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից տարածված տեղեկությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ լրատվական կայքերն այդ տեղեկությունը տարածել էին առանց դրա իսկությունը ստուգելու։
ԼՐԱՑՈՒՄ։ Ոստիկանությունը հարցմանը պատասխանելուց վեց օր անց՝ սեպտեմբերի 8-ին, կապ է հաստատել մեզ հետ՝ հայտնելով, որ տրամադրված տվյալներում վրիպակ է եղել։ Դիմակ կրելու կանոնները չպահելու համար նշանակվել է ոչ թե 182 հազար 860 վարչական տույժ, այլ 108 հազար 286։ Թեև վրիպակը տեղի է ունեցել ոստիկանության անփութության հետևանքով, այնուամենայնիվ, «Փաստերի ստուգման հարթակը» հայցում է ընթերցողների ներողամտությունը։
Անի Ավետիսյան