Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ այտարարության կատարման ընթացքին:
«Այսօր գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ եռակողմ համաձայնությունը հետևողականորեն իրականացվում է»,- հայտարարել է Պուտինը:
Ըստ նրա՝ այդ հիմնարար հայտարարությունում խոսքը առաջին հերթին ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման, տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման և ռազմական բախումներից տուժած խաղաղ բնակչությանը սովորական կյանքին վերադառնալու համար անհրաժեշտ օգնության տրամադրման մասին է:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները՝ պարզելու, թե արդյո՞ք հայտարարության կետերը պահպանվում են։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը
Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը բաղկացած էր 9 կետից: Ըստ դրա՝ կողմերը մնում են այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, Հայաստանը Ադրբեջանին է փոխանցում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում, տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, փախստականները վերադառնում են, ստեղծվում է խաղաղապահ կենտրոն և այլն։
Որ կետերն են իրագործվել
Այս պահի դրությամբ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Աղդամի (Ակնա), Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Քաշաթաղ) շրջանները՝ համաձայն 2-րդ և 6-րդ կետերի:
Շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը՝ համաձայն 3-րդ կետի:
Ռուսաստանն ու Թուրքիան դեկտեմբերի 1-ին համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգային միասնական կենտրոն ստեղծելու մասին՝ համաձայն 5-րդ կետի:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետին, ապա դրա վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն է ստորագրվել հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ըստ դրա՝ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թվականի հունվարի 30-ը:
Որ կետերն են խախտվել
Համաձայն առաջին կետի՝ հրադադարից հետո կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
Ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել էր գրավել Հադրութի շրջանի բոլոր բնակավայրերը, բացառությամբ Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի: Հետևաբար՝ ըստ համաձայնագրի, դրանք պետք է մնային հայկական ուժերի վերահսկողության ներքո: Սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում իրականացրեցին երկու գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում դրանք նույնպես անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն գործողության ընթացքում գերեվարվեց 62 զինծառայող։ Այսինքն՝ փաստացի խախտվեց համաձայնագրի առաջին կետը:
Համաձայնագրի 8-րդ կետի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
Դեկտեմբերի 9-ին հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերի:
Դեկտեմբերի 14-ին Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի: Այնուհետև՝ դեկտեմբերի 28-ին, վերադարձվել է ևս 4 քաղաքացի: Սակայն ըստ փաստաբանների՝ այս պահին Ադրբեջանում պահվում է 120 գերի: Նրանցից 62-ը, որոնք գերեվարվել էին Խծաբերդ-Հին թաղեր հատվածում, կալանավորվել են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ: Մյուս կողմից, Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հունվարի 5-ի դրությամբ այդ երկրում է գտնվում 5 ռազմագերի և 2 քաղաքացիական գերի: Հետևաբար, ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 8-րդ կետը չի իրականացվում, ավելին՝ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում դրա իրականացման համար:
Քննարկման առարկա էր դարձել նաև դեկտեմբերի 18-ին Կապանին և Գորիսին հարակից՝ Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների այն հատվածների հանձնումը Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը չէր գրավել բուն ռազմական գործողությունների ընթացքում, և քանի որ, ըստ առաջին կետի, կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, հայտարարվեց, որ խախտվել է նաև այս կետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել էր այս հարցին՝ պնդելով, որ առաջին կետը վերաբերում էր միայն Արցախի շփման գծին: «Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»,- ասել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձին Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչի մասին խոսվում է 7-րդ կետում, ապա այս հարցով ամեն ինչ անորոշ է և որևէ գործուն քայլ դեռևս չի իրականացվել:
Այսպիսով, Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե եռակողմ համաձայնությունը հետևողականորեն իրականացվում է, չի համապատասխանում իրականությանը:
Լուսինե Ոսկանյան