Համացանցում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի լուսանկարը, որը հրապարակվել էր ապրիլի 26-ին՝ Ֆիզուլիի ու Զանգելանի շրջաններ վերջիններիս կատարած այցից հետո։
Լուսանկարում Ալիևների ընտանիքը գրկել էր սոսու ծառը։
Հայկական որոշ լրատվականներ և օգտատերեր, տարածելով լուսանկարը, հայտարարեցին, թե Ադրբեջանին է հանձնվել Սյունիքի մարզում գտնվող պետական արգելավայրի կարգավիճակ ունեցող «Սոսու պուրակը»։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, իր հերթին, ֆեյսբուքյան գրառման մեջ, վստահաբար պնդելով, որ լուսանկարն արվել է հենց «Սոսու պուրակում», նշել է, որ եթե Ալիևն այդտեղ լուսանկարվել է, ապա այն արդեն իսկ գտնվում է ադրբեջանական ուժերի «ապահով թիկունքում»։ Նրա գրառումը տարածվել է ավելի քան 600 անգամ։
Այդպիսի հրապարակումներ արել են 24news.am-ը, panorama.am-ը, 7or.am-ը, politik.am-ը և այլ կայքեր։
Հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ արգելավայրն անցնում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի տարածքով, որը գտնվում է անմիջապես պետական սահմանի մոտ, իսկ տարածվող լուրերում գերակշռում է այն վարկածը, թե արգելավայրը անցել է Ադրբեջանին, «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Ներքին Հանդ համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը հայտնեց, որ արգելոցից տարածք չի հանձնվել Ադրբեջանին։
«Ալիևը ո՞նց կարա գա պուրակ»,- զարմացավ վարչական ղեկավարը։
Վարչական ղեկավարի խոսքով՝ թեև գյուղը բավական մոտ է գտնվում Ադրբեջանի սահմանին, սակայն գյուղն ու «Սոսու պուրակը» ամբողջովին գտնվում են Հայաստանի տարածքում։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ալիևները լուսանկարվել էին սոսու ծառի բունը գրկած, Բաղդասարյանն ասաց, որ սոսիներ կան սահմանի նաև այն կողմում. «Էտ սոսիները փռված են մինչև Արաքս, ճիշտ ա՝ էնտեղ նոսր ա, ստեղի նման խիտ չի, բայց էտ ծառերից էնտեղ էլ կան»։
Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը ևս հաղորդագրության մեջ հայտնել էր, որ Իլհամ Ալիևի ընտանիքը այցելել էր Ֆիզուլիի ու Զանգելանի շրջաններ։
Թեմային անդրադարձել է նաև «Ինֆոքոմը», որը հոդվածի մեջ ներառել է տեսանյութ, որում Ալիևը գտնվում է այն վայրում, որտեղ արվել է արդեն հայտնի լուսանկարը։
Իլհամ Ալիևն իր խոսքում հայտնում է, որ գտնվում է «Բեսթիչայ» արգելոցում, որը գտնվում է Զանգելանի շրջանում։ Այս արգելոցը հիմնվել է 1974 թվականին և զբաղեցնում է մոտ 100 հա տարածք։ Ըստ էության՝ այս արգելոցը սոսիների անտառի շարունակությունն է, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր Ներքին Հանդի ղեկավարը, ի տարբերություն «Սոսու պուրակի», այնտեղ սոսիներն ավելի քիչ ու նոսր են։
«Սոսու պուրակ» պետական արգելավայրի մի հատվածի՝ Ադրբեջանին անցնելու մասին լրատվականների տարածած ապատեղեկատվությունը հերքել է Շրջակա միջավայրի նախարարությունը. «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է»,- պարզաբանել էր նախարարությունը։
Ի դեպ, նույն արգելոցի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին նախարարությունն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերին և ներկայացրել արգելավայրի քարտեզը, որում հստակ երևում է, որ այն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի տարածքում։
Ամփոփելով՝ փաստենք, որ տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվել «Սոսու պուրակ» արգելավայրի մի մասը, չի համապատասխանում իրականությանը, իսկ Ալիևները լուսանկարվել էին ոչ թե Հայաստանի տարածքում գտնվող արգելավայրում, այլ դրա սահմաններից դուրս։
Սևադա Ղազարյան