Փետրվարի 9-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ժամանակավրեպ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։
Ելույթի սկզբում Թևանյանն անդրադառնում է Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին, որում, ըստ պատգամավորի, իր խոսքը խեղաթյուրված է ներկայացվել․ մասնավորապես, ռեպորտաժում պնդում է արվել, թե Թևանյանը քննադատել է ավերիչ երկրաշարժի հետո ՀՀ-ի կողմից Թուրքիային տրամադրված օգնությունը։ Սակայն «Փաստերի ստուգման հարթակը» փետրվարի 9-ին անդրադարձել է Հանրայինի նշված ռեպորտաժին և պարզել, որ Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խեղաթյուրել է պատգամավորի ելույթը։
Թևանյանը, սակայն, ելույթի ընթացքում արել է նաև իրականությանը չհամապատասխանող մի քանի հայտարարություններ։ Մասնավորապես, անդրադառնալով Պրահայում 2022 թվականին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպմանը, ասել է․ «Պատահական չի, որ Լաչինի միջանցքը փակվել է պրահյան գործընթացից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Ալիևը հայտարարեց, որ Պրահայում Մակրոնի, Միշելի և Փաշինյանի ներկայությամբ արձանագրվել է, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է, և ղարաբաղցիների հետ Բաքուն շփվելու է իր ներքին օրենսդրության շրջանակներում։ Որևէ հակադարձում չի եղել, ընդհակառակը՝ եղել է հաստատում և՛ քարոզչության տեսքով, և՛ իշխանության ղեկավարի մոտեցումներում և հայտարարություններում դա արձանագրվել է»։
Փաշինյանն իր հայտարարություններում չի արձանագրել Ալիևի հայտարարությունը
Պրահայում վերոնշյալ քառակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, որից հետո, ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուն և ղարաբաղցիների հետ Բաքվի ներքին օրենսդրությամբ հարաբերվելու Ալիևի հայտարարությանը, ապա դա արվել է ոչ թե Պրահայում քառակողմ՝ Մակրոն-Միշելի-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում, այլ այդ հանդիպումից անմիջապես առաջ։ Մասնավորապես, քառակողմ հանդիպման սրահ մտնելուց առաջ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողը Ալիևին հարցնում է․ «Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, ո՞րն է Ձեր պատասխանը»։ Հարցին ի պատասխան, Ալիևն ասում է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Փաստենք, որ լրագրողի հարցը եղել է քառակողմ հանդիպումից առաջ, և այդ հայտարարությունն անելիս Ալիևի կողքին միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր գտնվում, այնտեղ ներկա չէին ո՛չ Մակրոնը, ո՛չ Միշելը և ո՛չ էլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է մյուս հարցին, թե հակադարձման փոխարեն հայկական կողմից եղել է միայն հաստատում և որ «քարոզչության տեսքով, իշխանության ղեկավարի մոտեցումներում և հայտարարություններում դա արձանագրվել է», ապա այստեղ նույնպես Թևանյանը սխալվում է։ Փաշինյանը հրապարակային ելույթներում բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Արցախի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Ընդ որում, նման հայտարարություններ եղել են և՛ մինչև պրահյան հանդիպումը, և՛ դրանից հետո։
2022 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ դեռ տեղի չէր ունեցել Պրահայի քառակողմ հանդիպումը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է․ «․․․նաև կա հետևյալ նրբությունը, ինչպես ես նաև Փարիզում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք կարծում ենք, որ, այո, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են և պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Ընդհանրապես մեր կարծիքը ի սկզբանե 2018 թվականից էլ եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, և մենք շարունակում ենք այդպես մտածել»։
2023 թվականի հունվարի 13-ի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ անհնար դարձնելու մեջ»։
Իրանը ԵՄ դիտորդներին դեմ չէ
Թևանյանը, անդրադառնալով ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղակայվելու հարցին, նշում է․ «ԵՄ-ն չունի գործիքակազմ, որպեսզի ապահովի անվտանգություն, բայց ԵՄ դիտորդների ներկայությունը նյարդայնացնում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին և մեր դաշնակից բարեկամ Իրանին․ իրենք պարզ ասել են էդ մասին»։
Իրանի վերաբերյալ Թևանյանի պնդումը ժամանակավրեպ է։ Փետրվարի 9-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ Իրանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը և որ «այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով»։
Իրանի դեսպանի ասուլիսը և ԱԺ նիստը ժամանակային առումով հեռարձակվել են կարճ տարբերությամբ, հետևաբար չի բացառվում, որ Անդրանիկ Թևանյանը ԱԺ-ում ունեցած ելույթի պահին դեռ տեղեկացված չի եղել Իրանի դեսպանի հայտարարության մասին։ Սակայն փաստենք, որ Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդների տեղակայմանը Հայաստանում։
Փաստացի՝ Անդրանիկ Թևանյանի պնդումները, թե «ԵՄ դիտորդների ներկայությունը նյարդայնացնում է մեր դաշնակից բարեկամ Իրանին», ժամանակավրեպ է, և որ «իշխանության ղեկավարի հայտարարություններում արձանագրվել է» Ալիևի այն պնդումը, թե Բաքուն արցախցիների հետ շփվելու է իր ներքին օրենսդրության շրջանակներում, սխալ է։
Նարեկ Մարտիրոսյան