168 TV-ի Review հաղորդման մայիսի 10-ի թողարկման ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Աշոտ Անդրեասյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում սպառնացել է հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։
«Որովհետև Սերժ Սարգսյանը, երբ քառօրյա պատերազմը սկսեց, չգիտեմ․․․, սպառնաց Ադրբեջանին ու ամբողջ աշխարհին, որ հնարավոր բոլոր միջոցներով կպատասխանի՝ կխփենք Բաքու-Ջեյհանին (նավթամուղին-խմբ․), կսկսենք լայնածավալ պատերազմ․․․»,- ասել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց թե՛ Ապրիլյան պատերազմի և թե՛ Սարգսյանի նախագահության այլ ժամանակահատվածների հայտարարություններն ու պարզեց, որ երրորդ նախագահը երբևէ հրապարակային սպառնալիք չի հնչեցրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու մասին․ հետևաբար, պնդումը կեղծ է։
ԱԽ քարտուղար Գրիգորյանի աղավաղված խոսքերը
Երիտասարդական կազմակերպության անդամն անդրադարձել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Պետրոս Ղազարյանի հետ վերջին հարցազրույցի ընթացքում հնչեցրած խոսքերին։
«Արմեն Գրիգորյանը չէ՞ր հայտարարել, թե Արցախն այլևս մերը չէ, և Ռուսաստանն ու Թուրքիան պետք է իրար հետ հասկանան, թե Լաչինի միջանցքն ում ա մնում»,- ասել է ՀՀԿ-ականը։
FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Գրիգորյանի՝ Լաչինի միջանցքի պատկանելիության մասին այս պնդումներին․ ԱԽ քարտուղարը հարցազրույցի ընթացքում ասել էր, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին»։
Մենք պարզել էինք, որ Գրիգորյանի պնդումը մանիպուլյատիվ է, և Լաչինի միջանցքը ոչ թե պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, այլ պարզապես գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։
Սրան զուգահեռ, սակայն, երիտասարդ ՀՀԿ-ականն իր հերթին աղավաղել է Գրիգորյանի խոսքերը՝ պնդելով, թե ԱԽ քարտուղարն ասել է՝ Լաչինի պատկանելիությունը պետք է ՌԴ-ն և Թուրքիան միասին որոշեն։ Մինչդեռ Գրիգորյանը նման հայտարարություն չի արել։
Նանե Մանասյան