Ապրիլի 1-ը Ծիծաղի կամ Հիմարների միջազգային օրն է․ այսօր ձեզ կարող են խաբել ոչ միայն ձեր մտերիմներն ու ընկերները, այլ նաև ԶԼՄ-ները։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է օրվա ընթացքում տարածված, ապա հերքված ու չհաստատված տեղեկությունները։
Վարչապետի հրաժարականի լուրը հայտնվել էր միջազգային լրահոսում
ArmLur.am կայքը լուր էր գրել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հրաժարական տալ։
«Նիկոլ Փաշինյանը կուսակցության հրատապ նիստ է գումարել։ Ադրբեջանի պահանջները Տավուշի անկլավների վերաբերյալ այնքան են խորացել, որ այդ օրավիճակը թուլացնելու համար Փաշինյանը որոշում է կայացրել հրաժարական տալ։ Ըստ նրա՝ սա իր և իր կառավարության փրկությունն է լինելու։ Փաշինյանը քննարկել է և որոշում է կայացրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան սեպտեմբերի 10-ին։ Սա ևս մեկ շանս է Փաշինյանի համար սեփական կաշին փրկելու»,- գրել է կայքը։
Լուրն արագ արտատպվել է ադրբեջանական բազմաթիվ ԶԼՄ-ներում (1, 2,) ու ռուսաստանյան Gazeta.ru կայքում։
Տեղեկությունը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հերքել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը․ նա լուրն անլուրջ է որակել։
Կարեն Անդրեասյանին տարե՞լ են ԱԱԾ
ArmLur.am-ն ապրիլի 1-ին ևս մեկ տեղեկություն է տարածել․ այս անգամ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հրավիրելու վերաբերյալ։
«ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների նկատմամբ ճնշումների և վերջին շրջանում պաշտոնից ազատումների հետ կապված քիչ առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հրավիրել են ԱԱԾ: Ինչ նպատակով են նրան հրավիրել և ինչ են փորձում պարզել, կներկայացնենք քիչ ուշ», — գրել է կայքը։
ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, սակայն, ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է տեղեկությունը։
«Տեղեկացնում եմ, որ սույն հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Հնարավոր է այն ապրիլմեկյան անհաջող կատակ է, քանի որ որևէ կառույց նման տրամաբանության մեջ չի կարող Բարձրագույն դատական խորհրդի նախագահին որևէ տեղ հրավիրել»,- գրել է նա։
Սյուզաննա Համբարձումյան