Դեկտեմբերի 17-ին կայացած Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում, ի լրումն այլ պնդումների, հայտարարեց, որ hեղինակավոր քաղաքագետների ու տնտեսագետների կողմից «Հայաստանն արդեն իսկ դասվում է ձախողված պետությունների, այսինքն՝ Աֆղանստանի, Սոմալիի, Լիբիայի, Եմենի, Հարավային Սուդանի, Իրաքի եւ նմանատիպ այլ երկրների շարքին»:
Աշխարհահ
ռչակ Խաղաղության հիմնադրամը ամեն տարի պատրաստում ու հրապարակում է փխրուն (թույլ, անկայուն) պետականությամբ երկրների ցանկը: 2016 թվակականի ցանկի համաձայն, փխրուն պետությամբ երկրների ցանկը գլխավորում է Սոմալին: Այնուհետև գալիս են Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Սուդանը, Յեմենը ու Սիրիան: Տեր-Պետրոսյանի հիշատակած Աֆղանստանը 9-րդ տեղում է, Իրաքը՝ 11-րդ:
Ամենակայուն երկրներն են Շվեյցարիան, Դանիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան ու Ֆինլանդիան, որոնք զբաղեցնում են 174-րդից 178-րդ հորիզոնականները:
Հայաստանը ցուցակում 109-րդ տեղում է՝ Հարավաֆրիկյան Հանրապետության, Մակեդոնիայի ու Մեքսիկայի հարևանությամբ։
Ու թեև Հայաստանը այս ցանկում գտնվում է «warning» («անհանգստացնող») երկրների խմբում, սակայն Հայաստանն ավելի ամուր պետականություն ունի, քան Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և անգամ Չինաստանն ու Իսրայելը:
Այսինքն` Հայաստանը չի կարելի դասել «ձախողված պետությունների» ցանկին: Իսկ Հայաստանի պետականության աստիճանը անհամեմատելի է Աֆղանստանի, Սոմալիի, Լիբիայի, Եմենի, Հարավային Սուդանի կամ Իրաքի հետ: