«Հրապարակ» թերթը իր հերթական համարում անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին՝ գրելով, որ վերջինիս գումարները ետ են վերադարձվել։
Հղում անելով անհայտ «տեղեկությունների»՝ թերթը գրում է․ «Օրերս հետ են վերադարձվել Սերժի Վաչոյի գումարները, նրա զարմիկը՝ ռուսահայ գործարար, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել։ Մեր զանգերին Վաչիկ Ղազարյանը 2 օր շարունակ չպատասխանեց, որ մեկնաբանություն վերցնեինք»։
Չստուգված այս տեղեկությունը լայն տարածում գտավ թե՛ համացանցում և թե՛ լրատվական կայքերի շրջանում։ Մինչդեռ լուրը իրականությանը չէր համապատասխանում։
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը, տարակուսելով, թե ով է նման տեղեկություն տարածել, հայտարարեց, որ լուրը իրականության հետ որևէ աղերս չունի։
«Վաչագան Ղազարյանի գումարները չեն վերադարձվել, չենք հասկանում, թե ով է նման տեղեկություն փորձել մամուլի միջոցով տարածել: Իրականության հետ որեւէ աղերս չունի` իմ պաշտպանյալի գումարների վերադարձման մասին այսօր տարածված տեղեկությունները: Այսքանը կարող եմ ասել», — հայտարարել է փաստաբանը։
Նկատենք, որ «Հրապարակ»-ի նյութն առավելապես վերաբերում էր Ազգային անվտանգության ծառայությանը և Մարտի 1-ի գործին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի զավակներին։ Թերթը, կրկին հղում անելով «լավատեղյակներին», գրել է, որ իրավապահները դժվարանալու են ապացուցման հարցում։
Ռաֆայել Աֆրիկյան