Ռուսական Национальная оборона հանդեսի հիմնադիր, գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն «Մոսկվա-Բաքու» լրատվականին տված հարցազրույցում օրերս հայտարարել է, թե ֆրանսիական ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) համակարգերը, որոնցով զինվում է Հայաստանը, «վտանգ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար»։
«Արևմտյան տեխնոլոգիաների հիման վրա Հայաստանում ՀՕՊ համակարգերը, հայկական էլիտայի անպատասխանատու վարքագծի արդյունքում կարող են վտանգ ու սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիայի համար։ Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանում ՆԱՏՕ–ական ՀՕՊ սեգմենտի տեղակայումը տարածաշրջանում անվտանգությանը սպառնացող վտանգ է»,- հայտարարել է Կորոտչենկոն։
Նրա այս հարցազրույցը տարածել են ադրբեջանական մյուս լրատվամիջոցները հետևյալ վերնագրով՝ «Ֆրանսիական ՀՕՊ-ը Հայաստանում վտանգ է քաղաքացիական օդանավերի համար»։
Կորոտչենկոն, նկատենք, լրատվամիջոցներում ներկայացվում է որպես քաղաքական գործիչ, ռազմական փորձագետ։ Նա հայտնի է իր ադրբեջանամետ ու հակահայ դիրքորոշումներով։ Ավելին, նա կանխատեսում էր, որ Հայաստանը կարող է վերածվել ներկայիս Սիրիայի։ Այս գործիչը շատ հաճախ է հյուրընկալվում ադրբեջանական լրատվամիջոցներին ու ադրբեջանական շահերից բխող հայտարարություններ անում։
Ֆրանսիական ՀՕՊ համակարգերի մասին այս հայտարարությունը հերթականն է։ Ադրբեջանամետ գործչին հավանաբար ոգևորել են դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ֆրանսիա, այդ երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ հանդիպումը ու այդ հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանության բնագավառում համագործակցության մասին քննարկումները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները»:
Ֆրանսիայի կողմից Հայաստանին մատակարարվող զինատեսակների մասին խոսվել էր դեռևս 2023–ին, երբ Reuters-ը գրեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները երեք GM 200 ռադարների վաճառքի մասին պայմանագիր են ստորագրել, ինչպես նաև հուշագիր՝ ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարումների վերաբերյալ։
Ի՞նչ է ֆրանսիական CAESAR հրետանային համակարգը, որ Ադրբեջանում կրքեր է բորբոքել
Ռազմական հարցերով մեթոդաբան Վազգեն Ղազարյանն ասում է՝ ֆրանսիական ՀՕՊ համակարգերը քաղաքացիական ենթակառուցվածքների համար վտանգավոր չեն, դրանք միայն պաշտպանական նշանակություն ունեն և կարող են վտանգավոր լինել միայն հակառակորդի հարձակողական ռազմական տեխնիկայի համար։ «Քաղաքացիական և ռազմական օդանավերը տարբեր էշելոնների վրա են աշխատում։ Այսինքն՝ քաղաքացիական օդանավերն ունեն իրենց ստանդարտ բարձրությունը, էշելոնը, որին ՀՕՊ մասնագետները հոյակապ տիրապետում են։ Ներկայիս ֆրանսիական ՀՕՊ համակարգերն այնպես են թվայնացված, որ մոնիտորի վրա հստակ է երևում՝ ինչ օդանավ է, և պատահաբար խոցել քաղաքացիական ինքնաթիռ անհնարին է»,- FIP.am-ին ասել է մասնագետը։
Ի տարբերություն ֆրանսիական ՀՕՊ համակարգերի, ռուսական С300–ները, որոնք Հայաստանին մատակարարվել էին Ռուսաստանի կողմից, նրա ներկայացմամբ, հին էին, ու ավելի վտանգավոր, քանի որ դրանք թվային համակարգով համալրված չեն եղել, և դրանց էկրանի վրա խոցման առարկան պատկերվել է որպես անորոշ մի կետ։
«Արևմտյան ՀՕՊ համակարգերը հագեցած են թվային այնպիսի տեխնոլոգիաներով, որ չեն խոցի քաղաքացիական օբյեկտներ»,- նշում է նա։
Այն, որ Հայաստանը պաշտպանական զենք է գնում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ նրանից, թե ինչ անվտանգային իրավիճակ կլինի խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։ «Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, ու այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, ու մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սուվերենությունը»,- այս տարվա սկզբին հայտարարել էր Պապիկյանը:
Ի դեպ, նկատենք՝ վերջին շուրջ երեք տասնամյակներում երկու օդանավ է խոցվել ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից․ մեկը 2001 թվականին, երբ ռուսական զենիթահրթիռային հեռահար գործողության C200 համակարգը խոցել էր քաղաքացիական «Սիբիր» ավիաընկերության ТУ154 օդանավը, 78 մարդ էր մահացել, իսկ մյուսը՝ 2014-ին, երբ ռուսական զենիթահրթիռային БУК համակարգը խոցել էր մալայզիական ավիաընկերությանը պատկանող՝ Ամստերդամից դեպի Կուալա–Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777–ը, ինչի հետևանքով 298 մարդ էր մահացել։
Այսպիսով, ադրբեջանամետ գործիչ Իգոր Կորոտչենկոն սեփական ենթադրությունների հիման վրա կեղծիք է տարածում՝ հայտարարելով, որ ֆրանսիական ՀՕՊ համակարգերը վտանգ են ներկայացնում քաղաքացիական օդանավերի համար։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ զինվում է սեփական երկրի անվտանգությունը պաշտպանելու համար և որևէ այլ երկրի նկատմամբ նախահարձակ ագրեսիա կիրառելու ծրագիր չունի։
Հասմիկ Համբարձումյան