Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով որևէ զինծառայող չի սպանվել։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ նախարարի այս պնդումը մոլորեցնող է, քանի որ միջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով ՀՀ զինված ուժերում, այնուամենայնիվ, զինծառայողների մահ գրանցվել է։
Ասուլիսում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնավորապես, ասել է․ «Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում, և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, և սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը, և դրա հետևանքով սպանությունների դեպքերին, ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել»։
Ներկայացնելով Զինված ուժերում մահվան դեպքերի մասին վիճակագրությունը` Պապիկյանն ասում է, որ 2025-ի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, մահացել կամ զոհվել է 30 զինծառայող։ Նրանցից 6-ը մահացել են ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 1 կայծակնահարություն, 1 հոսանքահարում, 2 ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 2-ը առողջական խնդիրների պատճառով։ Իսկ 24 զինծառայող մահացել է ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ ավտովթար, կենցաղային հանգամանքներ, առողջական խնդիրներ և այլն։
Երբ ՊՆ մամուլի խոսնակը կողքից հուշում է սպանությունների մասին, նախարարն ընդգծում է․ «Եվ ամենակարևորը՝ միջանձնային հարաբերություններում սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է՝ նման դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է 3-րդ հանրապետության պատմության մեջ»։
Նկատենք՝ Զինվորական դատախազության տվյալներով` 2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք (2023 թվականին՝ 54):
Սպանության և ինքնասպանության դեպքերը
Զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրություն վարում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը, որի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում ծառայության հետ կապված մեկ ինքնասպանության հասցնելու և մեկ սպանության դեպք է արձանագրվել, որոնք հենց կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանք են եղել։ Այս տվյալը, ըստ էության, հակասում է նախարարի հրապարակած տվյալներին։
Մասնավորապես, 2025 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է Սևակ Հովհաննիսյանի ինքնասպանության դեպքը, որը տեղի է ունեցել ծառայակիցների հետ վեճի հետևանքով։ Վեճի պատճառ է հանդիսացել Հովհաննիսյանի կողմից ծառայակիցներին քնից հանելու հանգամանքը։ Դեպքի առիթով սկզբնական փուլում հարուցվել էր քրեական վարույթ սպանության հոդվածով, սակայն որոշ ժամանակ անց վարույթը վերաորակվել է՝ մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Ի դեպ, այս դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և 2025-ի հոկտեմբերին ուղարկվել դատաքննության։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայող Սևակ Հովհաննիսյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես՝ երկու զինծառայողները տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, այնուհետև խմբով դաժան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, պարզվել է նաև, որ զինծառայողի դեմքին առկա մարմնական վնասվածքը նկատել է ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, որը հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել, և դրա փոխարեն՝ կարգադրել է զինծառայողի աչքի շրջանում առկա վնասվածքը շպարել:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև սպանության դեպք․ պայմանագրային զինծառայող Աշոտ Դիլանչյանը վեճ է ունեցել իր հրամանատար Անաստաս Բաբալարյանի հետ՝ ծառայության վայրից բացակայելու հարցի շուրջ։ Ինչպես նշվում է ՀՔԱՎ-ի տեղեկանքում, բացակայությունը եղել է թույլտվությամբ։
Դիլանչյանի մահվան առթիվ հարուցված քրեական վարույթը գտնվում է քննության փուլում։ Քրեական վարույթը հետագա նախաքննության համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քրեական գործերով վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին (Սիսիան)։ Իրավապաշտպան կառույցից FIP.am-ին հայտնում են՝ այս գործը զինվորական ծառայության հետ անմիջական կապ ունի:
Այսպիսով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, ըստ որի՝ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով զինծառայողների սպանության դեպքեր չեն գրանցվել, մոլորեցնող է և ըստ էության իրականությանը չի համապատասխանում․ ՀՔԱՎ-ի հավաքագրած տվյալների համաձայն՝ 2025-ի առաջին կիսամյակում սպանության առնվազն 1 և ծառայության հետ կապված ինքնասպանության 1 դեպք գրանցվել է, որը ծագել է ծառայողական և միջանձնային հարաբերություններից։
Արեն Նահապետյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր





