Հրապարակվում են տեղեկություններ, թե Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից է։
Նման պնդում անում է, մասնավորապես, Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «ինքը ՊՈԱԿ-ի աշխատակից Ստյոպա Սաֆարյանի գրառումից է հասկացել», որ Armtimes.com կայքի՝ «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հրապարակումն իրեն է վերաբերում։
Որ Հանրային խորհրդի նախագահը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից է, Բորիս Մուրազին հայտարարել է նաև հարցազրույցի ժամանակ։ «Ինչո՞ւ է «Հայկական ժամանակի» հրապարակումն ինձ ուղարկում ՊՈԱԿ-ի աշխատակիցը՝ նշելով, որ այն իմ մասին է, ինչո՞ւ է այդ հրապարակումն իր ֆեյսբուքյան էջում կիսում ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակից, որը նաև Հանրային խորհրդի նախագահ է, և նշում է իմ անունը, եթե սա իրենց կողմից կազմակերպված գործողություն չէ»,- մասնավորապես, նշել է Մուրազին։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ պարզաբանում ստանալու, թե արդյո՞ք Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն աշխատում է կամ երբևէ աշխատել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, կամ որևէ կերպ համագործակցո՞ւմ է ՊՈԱԿ-ի հետ, թե՞ ոչ։
«Ստյոպա Սաֆարյանը որևէ առնչություն չունի և չի ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ»,- նշվել է մեր հարցման գրավոր պատասխանում։
Այսպիսով, շրջանառվող լուրերը, թե Ստյոպա Սաֆարյանը հանդիսանում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից, չեն համապատասխանում իրականությանը։