Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումների հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու մասին 2019-ի դեկտեմբերի 30-ի որոշմամբ, փաստացի, Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների նոր փուլ։ Հունվարի 13-ին արդեն Արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ հունվարի 15-ին, «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է, որ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշումն ամրագրված է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։ «Այդ ռազմավարությամբ առանձնացրել ենք բարձր դատական ատյանների նկատմամբ վստահությունը վերականգնելու կամ վստահությունը հաստատելու քայլերի հաջորդականությունը, այսինքն՝ ինչպիսի բարձր դատական ատյանների մոդելներ ենք պատկերացնում և ինչպիսի տեղափոխում պետք է լինի հին դատական համակարգից դեպի նոր դատական համակարգ»,- հայտարարել է Բադասյանը։
Նա նաև հավելել է, որ չեն նախատեսվում գլոբալ փոփոխություններ կառավարման համակարգում՝ խորհրդարանականից նախագահական կամ կիսանախագահական։
Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին բազմիցս խոսվել է 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո։ Այս փոփոխությունների անհրաժեշտության հարցերին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» վերհիշել է, թե ինչ է նախկինում հայտարարել վարչապետ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։
Օգոստոս 2018
2018-ի օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր.
«…Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։
Չնայած, որ Փաշինյանն ուղիղ տեքստով խոսում էր սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին, այստեղ կոնտեքստը ամբողջովին տարբերվում է այսօրվա քաղաքական իրավիճակից։ Այդ ժամանակ թեժ քննարկումներ էին ընթանում Ազգային ժողովը լուծարելու (այդ ժամանակ ԱԺ-ում մեծամասնություն էր կազմում Հանրապետական կուսակցությունը) և նոր խորհրդարան ձևավորելու տարբերակների մասին։ Ի վերջո, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան առանց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու։
Մարտ 2019
2019-ի մարտի 19-ին տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին։
Այս անգամ Փաշինյանն արդեն նշել էր Սահմանադրության՝ «կենդանի օրգանիզմ» լինելու մասին, որը կարող է փոխվել։ «Բայց ես հիմա չէի ուզենա որևէ կանխորոշող հայտարարություն անել»,- ասել էր Փաշինյանը։ Նա նշել էր, որ Սահմանադրության մեջ պետք է փոխել այն դրույթները, որոնցով սահմանափակվում է սփյուռքահայերի ներգրավումը պետական համակարգում։
Փաշինյանը նշել էր, որ ըստ իր անձնական կարծիքի՝ կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա, և պնդել, որ չկան կոնկրետ փաստարկներ դա անելու համար։ Սակայն նա հավելել էր, որ ցանկացած պահի կարող է լինել ծանրակշիռ փաստարկ, թե ինչու պետք է փոխել Սահմանադրությունը։ Վարչապետը նաև նշել էր, որ ավելի շատ պետք է կենտրոնանալ տնտեսական հեղափոխության վրա և ոչ թե սահմանադրական փոփոխությունների։
«Չնայած ասում եմ՝ ցանկացած պահի, դա կենդանի պրոցես է, կարող է ինչ-որ փաստարկ հնչի, որ դա այնքան ծանրակշիռ լինի, որ մենք բոլորս դրա հետ ստիպված լինենք հաշվի նստել։ Բայց կանխավարկածային այդպիսի մղում չկա»,- հայտարարել էր Փաշինյանը։
Մայիս 2019
Փաշինյանը սահմանադրական փոփոխություններին կարճ անդրադարձ է կատարել նաև 2019-ի մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակման օրը։ Նրա նախորդ օրվա կոչով այդ օրը շրջափակվել էին ՀՀ-ում դատարանների մուտքերը։
Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել էր. «Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»։
Հուլիս 2019
2019-ի հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանը կրկին անդրադարձել էր սահմանադրական փոփոխությունների հարցին։
Փաշինյանը սկզբում նշել էր, որ ճիշտ չի համարում Սահմանադրության հաճախակի փոփոխությունները, և կարծիք հայտնել, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա Հայաստանում։
Միևնույն ժամանակ նա հավելել էր, որ Հայաստանի որևէ Սահմանադրություն «ժողովրդի լեգիտիմ քվեն» չի ստացել, և դա այսօրվա գործընթացների մեջ «փաստարկ է»։
Փաշինյանը նաև պնդել էր, որ չի կարծում, թե կառավարության կամ Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը ճիշտ կլինի, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես նոր իշխանությունների կողմից «իրենց վրա ձևել»։
Վարչապետն իր խոսքում կարևորել էր, որ «ՀՀ-ում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք գնա ինքը քվեարկի՝ «ես ունեմ Սահմանադրություն, սա իմ Սահմանադրությունն է»։
«Որպեսզի ամեն անգամ, երբ որ մենք շնորհավորենք Սահմանադրությունը, մեզ չհիշեցնեն՝ բա չե՞ք հիշում 96 թվին դա ոնց ընդունվեց։ Հետո չհիշեցնեն, բա չե՞ք հիշում 2005 թվին ինչ եղավ։ Հետո չհիշեցնեն՝ 2015 թվին ին՞չ եղավ։ Այսինքն, էս քաղաքական կեղծիքից ազատվելու էտ կոմպոնենտը մեկ ա մթնոլորտում կա։ Դա պրոբլեմ է»,- հավելել էր Փաշինյանը։
Հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին իր խոսքը Փաշինյանն ավարտել էր՝ կապելով դա Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների հետ. «Ի վերջո՝ եթե Սահմանադրակա դատարանի՝ այս սեփականաշնորհված նոտարական գրասենյակի կարգավիճակից անհրաժեշտ լինի գնալ այնպիսի քայլերի, որ պետք է Սահմանադրական դատարանի հարցը լուծել, այս համատեքստում՝ այո, կարելի է նաև գնալ՝ այդ մասով, սահմանադրական փոփոխությունների»։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին, դրանք առաջնահերթ չի համարել, բայց և չի բացառել՝ պայմանավորելով դրանք կոնկրետ իրավիճակներով և հրամայականներով։
Հովհաննես Նազարեթյան