7or.am կայքը, հղում անելով իր «հավաստի տեղեկություններին», գրել է, որ չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ «Այցը նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով»,- գրել է կայքը և որպես պատճառ նշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացասական գնահատականը «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը»։
«Հայկական կողմի բոլոր փորձերը՝ ապրիլին պլանավորված այցը կայացնել, հանդիպել է սառը և կոշտ մերժման»,- մասնավորապես, գրել է 7or.am-ը։
Կայքի «հավաստի» տեղեկությունը տարածվել է նաև politik.am, zham.am, yerevan.today լրատվամիջոցներով։
Fip.am-ի հետ զրույցում, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությունը։
«Առհասարակ որևէ կոնկրետ ժամկետ նշված չի եղել, թե այցը երբ է տեղի ունենալու, սակայն հունվարի տեղին ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանդիպումը տեղի կունենա տարվա առաջին կեսին։ Դեռևս մարտ ամիսն է, և պարզ չէ, թե որոշ լրատվամիջոցներ ինչու են հրապարակում իրականությանը չհամապատասխանող տեղեկություն»,- ասաց նա։
Վարչապետի մամուլի խոսնակը նաև տեղեկացրեց, որ այցի համար նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։