«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մայիսի 7-ին Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ խոսել էր կառավարության ձախողումներից՝ անդրադառնալով նաև կրթության ոլորտին։
Ըստ Սամսոնյանի՝ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այդպես էլ չի հաջողվել բարեփոխել կրթական կառավարման համակարգը։
«Ի դեպ՝ եթե տեսել եք, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների թվով երրորդը Դուք եք՝ ոստիկանությունից և դատական համակարգից հետո։ Դուք ռեկորդ եք խփել ձեր գերատեսչությունից ստացված բողոքների թվով»,- հայտարարեց Սամսոնյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր այս ելույթին՝ հաստատելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ. զեկույցում նշված է, որ գրասենյակը 981 բողոք ստացել է ոստիկանության վերաբերյալ, 800 բողոք՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ, 730 բողոք՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտից:
Նախարարը, սակայն, նաև ներկայացրել էր իր գերատեսչության վերաբերյալ ՄԻՊ ստացած բողոքների բնույթը և պնդել, որ Սամսոնյանը սխալ տեղեկատվություն է փոխանցել ԱԺ ամբիոնից։
«Քիչ առաջ խնդրեցի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին տալ բողոքների բացվածքը: Ըստ տեղեկանքի՝ 730 դիմումից 74-ը եղել են բանավոր, 656-ը՝ գրավոր: Ու ամենակարևորը՝ 656 դիմումից 557-ը վերաբերել են մեկ խնդրի՝ Ավշարի դպրոցին, երբ ծնողները, համաձայն չլինելով նոր տնօրենի ընտրության հետ, յուրաքանչյուրը գրել է մեկ դիմում նույն խնդրի վերաբերյալ՝ հարցին ավելի մեծ հնչեղություն տալու համար: Այսինքն՝ մեր հսկայական ոլորտի բողոքների թիվը կազմում է մեկ տարվա համար ընդամենը 174 բողոք: Ցավոք, տիկին Սամսոնյանի համար սա հակառեկորդ է, որովհետև ստացվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առանձնացված 16 ոլորտից ԿԳՄՍ-ն զբաղեցնում է ներքևից չորրորդ հորիզոնականը»,- գրել էր նա։
Նախարարի գրառման մեկնաբանություններում շատերը Անի Սամսոնյանին որակել են ստախոս, իսկ «Հանրային հեռուստաընկերության» լրատվական ծառայության արդեն նախկին տնօրեն Պետրոս Ղազարյանն Անի Սամսոնյանին խորհուրդ է տվել թվերում ուշադիր լինել և չսխալվել։ Անի Սամսոնյանը, իր հերթին, պնդել է, որ ինքը որևէ սխալ չի արել։
ՄԻՊ-ի զեկույցում բողոքների թվով կրթության ոլորտը երրորդն է
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2019 թ․-ի տարեկան հաղորդման մեջ ներկայացված է գրավոր և բանավոր դիմում-բողոքների քանակն ըստ մարմինների ու կազմակերպությունների (էջ 59)։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իսկապես երրորդ հորիզոնականում է։ ՄԻՊ-ը ստացել է ընդհանուր առմամբ ոլորտին ուղղված 730 բողոք, որը ոստիկանությունից և դատական համակարգից հետո երրորդ ցուցանիշն է։
ՄԻՊ զեկույցում մանրամասն նշված չէ, թե 730 բողոքները ինչ բովանդակությամբ են, սակայն չորրորդ գլխում պաշտպանը, հիմնվելով ստացված բողոքների բովանդակությունից, առանձին-առանձին անդրադառնում է կրթության իրավունքի խնդիրներին
Բողոքները վերաբերել են նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության, հանրապետության մարզերում համայնքային նախադպրոցական հաստատությունների վճարովի լինելու հարցերին, բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու անհնարինության, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասագրքերի օգտագործման համար ներդրումային գումարների գանձման խնդիրներին, կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության ապահովման, հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման խոչընդոտ հանդիսացող տարբեր խնդիրներին:
ՄԻՊ զեկույցում թվերով հրապարկված են ուսումնական հաստատություններում անօրինական դրամահավաքի, ինչպես նաև տնօրինության կամ ուսուցչական անձնակազմի իրավասությունների չարաշահման խնդիրներին վերաբերող բողոքները, ըստ որոնց՝ ստացվել է 136 ահազանգ, իսկ դպրոցներում կատարվող անօրինական դրամահավաքի վերաբերյալ ստացվել է 71 ահազանգ։ 37 ահազանգ էլ ՄԻՊ-ը ստացել է շենքային ու գույքային պայմանների, ինչպես նաև ջեռուցման խնդիրների մասով։ Մյուս բոլոր բողոք-դիմումները ներկայացվել են ընդհանրական։
ՄԻՊ-ից հաստատում են՝ ԿԳՄՍ նախարարությանն առնչվող 730 դիմումներից 557-ը մեկ խնդրի է վերաբերել
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Fip.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ ստորագրված անհատական բողոքների թվով ԿԳՄՍ նախարարությանն առնչվող դիմումների թիվը 2019 թվականին կազմել է 730, որն էլ զեկույցում արտացոլվել է։
«ԿԳՄՍ նախարարությանն առնչվող դիմումների թիվը 2019 թվականին կազմել է 730, որոնցից 656-ը եղել է գրավոր, և դրանից 557-ը կապված է եղել Ավշար գյուղի դպրոցի հետ և դրանք ստորագրված են որպես անհատական բողոքներ»,- նշեցին ՄԻՊ գրասենյակից։
Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի պնդումը, թե ՄԻՊ-ը ստացել է ԿԳՄՍ ոլորտին ուղղված 730 բողոք, որը ոստիկանությունից և դատական համակարգից հետո բողոքների թվով երրորդն է, ճիշտ է։ Հաշվի առնելով, որ դիմում-բողոքների բովանդակությունը զեկույցում նշված չէ, Անի Սամսոնյանը չէր կարող ենթադրել, որ դրանց մեծ մասը մի խնդրի է վերաբերել։ Միաժամանակ, ճիշտ է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որի խնդրանքին ընդառաջելով ՄԻ պաշտպան Արմեն Թաթոյանը փոխանցել էր բողոքների բացվածքը, որին Անի Սամսոնյանը ծանոթ լինել չէր կարող։
Նելլի Լազարյան