Ազգային ժողովում հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման ժամանակ ելույթ էր ունեցել նաև Ծառուկյանը։
Ի թիվս այլ հայտարարությունների, Ծառուկյանը իշխանություններին մեղադրել էր ներդրումային ծրագրերի հանդեպ անտարբերության և դրանք անպատասխան թողնելու մեջ։ «Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Փաշինյանին հարցրեք, Ջավադյանին հարցրեք, որ 1 տոկոսով, 10 տարով, առաջին երկու տարին մայր գումար չվճարելու պայմանով, որ տնտեսական հեղափոխություն զարգանա, որ տնտեսական հեղափոխություն լինի»,- հայտարարել էր Ծառուկյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ի՞նչ ներդրումային ծրագրի մասին էր խոսքը և ի՞նչն էր խոչընդոտել դրա իրականացմանը։
Խոշոր ներդրումն ու օրենքը՝ հակասության մեջ
Կառավարությունից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում հիշատակված ներդրումների համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք։ Իսկ պետական երաշխիքը համարվում է պետական (այս դեպքում՝ կառավարության․ — խմբ․) պարտքի բաղկացուցիչ։
«Պետական պարտքի» մասին օրենքի համաձայն՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է։ Ներդրումային ծրագրերը համարվում են կառավարության պարտք։
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի սահմանային շեմ է սահմանված ՀՆԱ-ի 60 տոկոսը։
Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ՝ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։
Սակայն տեսնենք, թե ինչ կլիներ, եթե կառավարությունը հավանություն տար այս ծրագրին։ Այդ դեպքում․
-
20 մլրդ դոլարի պետական երաշխիքի տրամադրման դեպքում կառավարության պարտքը կդառնար 20+6․8=26․8 մլրդ դոլար։ Տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։
-
Այս ներդրումների (փոխառությունների) սպասարկման և մարման գծով որևէ խնդիր ի հայտ գալու դեպքում դրանց սպասարկման և մարման բեռն ուղղակիորեն ընկնելու էր պետական բյուջեի վրա:
-
Կսահմանափակվեին պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման հնարավորությունները, և վտանգի տակ կհայտնվեին ընթացիկ ներդրումային վարկային ծրագրերը:
-
Ցանկացած անցանկալի զարգացման պարագայում պարտքի հետագա սպասարկումն իրականացվելու էր հարկատուների հաշվին։
Այլ կերպ ասած՝ այն ներդրումային ծրագրերը, որոնց պետական երաշխիքի տրամադրման դեպքում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է «Պետական պարտքի մասին» օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը (60 տոկոս), ոչ միայն ռիսկային են, այլ նաև հակասում են օրենքին, ուստի և ենթակա չեն քննարկման։
Կառավարությունից Fip.am-ին տեղեկացրեցին նաև, որ նման առաջարկներ Հայաստանի Հանրապետությունը հաճախ է ստանում, և որոշումների կայացման հիմքում ընկած է բացառապես «Պետական պարտքի մասին» օրենքը։
Գագիկ Ծառուկյանի ելույթի այլ խնդրահարույց և իրականությանը չհամապատասխանող կետերին կարող եք ծանոթանալ այս հոդվածում։
Սևադա Ղազարյան