Analitik.am-ը սեպտեմբերի 7-ին տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ դրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով անվտանգության աշխատակցին, ասում է. «Հանիր այդ դիմակը, այլապես Գեյթսի ու Սորոսի ստրուկի տեսք ունես»։
«Հանիր այդ դիմակը, այլապես Գեյթսի ու Սորոսի ստրուկի տեսք ունես, տղա։ Չէ որ դու ազատ քաղաքացի ես։ Հանիր, այ մարդ, ապուշ մի եղիր»,- մեջբերում է կայքը՝ պնդելով, որ մոտավորապես այսպիսին է եղել դիմակը հանելու մասին Թրամփի խնդրանքը։
Հրապարակումը արտատպել են նաև live24.am և orer.am կայքերը:
Սակայն դիտելով տեսանյութը՝ պարզ է դառնում, որ Analitik.am-ում հրապարակված տեքստը որևէ կապ չունի Թրամփի խոսքերի հետ: Թրամփը չի խոսում ո՛չ Սորոսի, ո՛չ Բիլ Գեյթսի, ոչ էլ ապուշ լինելու մասին: «Դու կարող ես հանդել դա, հանիր դիմակը և ես ուղղակի մի փոքր հեռու կկանգնեմ»,- այսքանն է ասում Թրամփը ոստիկանության աշխատակցին: (“You can take that off. You take it off, and I’ll just stay a little further away. Right?”):
Տեսանյութը Կենոշա քաղաքում անվտանգության հարցերով սեպտեմբերի մեկին տեղի ունեցած հանդիպումից է: Տեսանյութի մյուս հատվածում արդեն նույն օրվա շարունակությունն է, որտեղ Թրամփը կլոր սեղանի մասնակիցներին ասում է, որ ցանկության դեպքում նրանք կարող են հանել դիմակները, կարող են նաև թողնել. «Ինչպես ցանկանում եք: Տեսեք, ինչ արագ հանեցիք դրանք»:
Analitik.am-ի տեսանյութը և մեկնաբանությունը վերցված է յութուբյան Channelforpeople World ալիքից: Ալիքը ռուսալեզու է և հրապարակում է կորոնավիրուսի վերաբերյալ դավադրության տեսություններ ու կեղծ լուրեր:
Հանդիպման իրական սղագրությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում: Այստեղ ևս որևէ հիշատակում չկա Սորոսի և Բիլ Գեյթսի վերաբերյալ:
Անի Ավետիսյան