Համացանցում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ, թե կառավարությունը որոշել է փոխհատուցում չտրամադրել պատերազմի ընթացքում զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին։
Նշվում էր, թե զոհված ոստիկանները ճանաչվել են ոչ մարտական կորուստ և նույնը վերաբերում է վիրավոր ոստիկաններին:
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ տարածվող տեղեկատվությունը սխալ է, և ոստիկանները ևս փոխհատուցում կստանան հիմնադրամից։ «Եթե մասնակցել են մարտական գործողություններին, ապա ոչ մի սահմանափակում չկա, այդ թվում՝ ոստիկանության ծառայողները, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները»,- հայտնեց Ավետիքյանը։
Տեղեկացնենք նաև, որ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է 28 և վիրավորվել 150 ոստիկան։ Մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։
Այսպիսով, փաստենք, որ տարածված այն պնդումը, թե կառավարությունը որոշել է զոհված և վիրավոր ոստիկանների ընտանիքներին փոխհատուցում չտրամադրել, կեղծ է։
Սևադա Ղազարյան