Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դեկտեմբերի 15-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի ազգային անվտանգության ծառայությանը վերագրվող փաստաթուղթ, որով, իբր, դեռ սեպտեմբերի 22-ին Արցախի բնակիչներին կոչ էր արվում պատրաստ լինել արտակարգ տարհանման:
«Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ նախօրոք իշխանությունները վստահաբար տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Աներկբա է, որ ոչ թե օրեր, այլ գուցե և ամիսներ առաջ»,- գրել է Վարդանյանը:
Ավագանու անդամի գրառումը արտատպել են մի շարք կայքեր, այդ թվում՝ analitik.am-ը, hraparak.am-ը, artsakh.news.am-ը, mamul.am-ը:
Այդ փաստաթուղթը, սակայն, տարածվել էր դեռևս մինչև սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը: Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետության գերատեսչությունները պաշտոնապես հերքել էին դրա իսկությունը:
Մասնավորապես, սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Արցախի բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը կեղծ է, և «ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձ է»:
Փաստաթղթին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. «Հարգելիներս, զգույշ եղեք, վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը»։
Հատկանշական է նաև, որ փաստաթղթում առկա են պաշտոնական գրագրության մի քանի սխալներ և անհամապատասխանություններ: Օրինակ, փաստաթղթի վրա առկա կնիքը դրվել է ԱԱԾ կադրերի բաժնի անունից:
Ինչ վերաբերում է Թեհմինա Վարդանյանի պնդմանը, որ հենց այս փաստաթղթով է պարզ դառնում, որ նախօրոք իշխանությունները տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին, ապա դա նույնպես մանիպուլյատիվ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմի օրերին հրապարակային ընդունել էր, որ Արցախում պատերազմի մեկնարկը անակնկալ չի եղել:
Այսպես, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ի ուղերձի ժամանակ հայտարարել էր. «Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»:
Այսպիսով, Թեհմինա Վարդանյանը կեղծ փաստաթուղթ է շրջանառում, որի իսկությունը պաշտոնապես հերքվել է ամիսներ առաջ:
Լուսինե Ոսկանյան