2020 թվականի ամբողջ ընթացքում լրատվական դաշտը, սոցցանցերն ու համացանցը ողողվեց բազմատեսակ սխալ, իրականությանը չհամապատասխանող կեղծ լուրերով ու հայտարարություններով։ Տարատեսակ դավադրապաշտական տեսություններով ու մանիպուլյացիաներով նյութերը, պնդումներն ու գրառումներն ամբողջ տարին փոթորկում էին հանրային տրամադրությունները՝ ունենալով որոշ դեպքերում վտանգավոր ու ցավալի հետևանքներ։
«Փաստերի ստուգման հարթակն» առաջարկում է իր ընթերցողներին ընտրել 2020 թ․ տարվա սուտը։
Հարց․ Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի 2020 թվականի տարվա սուտը։
1․ Կորոնավիրուսի վերաբերյալ տարածված ապատեղեկատվությունները․
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ողջ տարվա ընթացքում հանրությունը «ռմբակոծվեց» կորոնավիրուսի վերաբերյալ դավադրապաշտական տեսություններով, կեղծ ու մանիպուլյատիվ նյութերով ու պնդումներով։ Տարբեր գործիչներ, պաշտոնյաներ և անգամ բժիշկներ հարցազրույցներով, գրառումներով դաշտ էին նետում պնդումներ՝ նպատակ ունենալով թերարժևորել վարակի վտանգը։
2․ 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայացված ապատեղեկատվությունները․
Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմին զուգահեռ բավականին թեժ «մարտեր» սկսվեցին նաև տեղեկատվական դաշտում։ Մի կողմից Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված ստերն էին, մյուս կողմից հայկական քարոզչության տարածած ոչ ամբողջական կամ սխալ տեղեկությունները, որոնք խորը ազդեցություն ունեցան հանրության վրա՝ կասկածի տակ դնելով պաշտոնական տեղեկատվության հավաստիությունը։
3․ Իշխանությունների «ապազգային» և «այլասերող» քաղաքականության մասին ապատեղեկատվությունները․
2020 թվականին չդադարեցին քննարկումներն այն մասին, որ հետհեղափոխական իշխանություններն իրականացնում են ծրագրեր, որոնք ուղղված են կազմաքանդելու հայ ավանդական հասարակության հիմքերը: Ամբողջ տարի շրջանառվում էին մանիպուլյատիվ ու խեղաթյուրված տեղեկություններ, որ իշխանություններն ընդունում են կոնվենցիաներ, որոշումներ, որոնց նպատակը անչափահասների այլասերումն է, ԼԳԲՏ համայնքի քարոզը և հայկական ընտանիքն ու ավանդույթները խեղելը։