Տիգրան Վարդգեսի Կարապետյանը 2021 թ. փետրվարին ստանձնել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի օգնականի պաշտոնը։ Կարապետյանը պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացրած հայտարարագրում «մոռացել է» լրացնել, որ 50 տոկոս բաժնեմաս ունի «Հելթի սմայլ կլինիկ» ՍՊԸ-ում։
Կարապետյանը պաշտոնը ստանձնել է այս տարվա փետրվարի 2-ին՝ ՊՎԾ ներկայիս պետ Տիգրան Ուլիխանյանի՝ պաշտոնին նշանակվելուց հետո (հունվարի 15)։
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի մասին հայտարարգիրը Կարապետյանը ներկայացրել է փետրվարի 24-ին։
Ինչ է հայտարարգրել ՊՎԾ պետի օգնականը
Հայտարարագրում նշված է, որ Տիգրան Վարդգեսի Կարապետյանը 2020 թվականին Երևան քաղաքում 2 բնակարանի և մեկ բնակելի տան միանձնյա սեփականատեր է դարձել, որից տունը և բնակարանը նվիրատվություն է ստացել, իսկ բնակարններից մեկը գնել է։
ՊՎԾ պետի օգնականը հայտարարագրել է 100,000 դրամ կանխիկ դրամ, իսկ որպես եկամուտի աղբյուր նշել է, որ աշխատավարձ է ստացել «Անի Էլեն» ՍՊԸ-ից՝ 285,781 դրամ, և «Պերֆեկտ» ՍՊԸ-ից՝ 561,908 դրամ։
Նշենք, որ «Անի Էլեն» ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը, իսկ «Պերֆեկտ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեությամբ, հիմնվել է 2014 թվականին։ Ընկերության 100 տոկոս բաժնետերն Ալինա Ռուբենի Ռուբինյանն է։
Հատկանշական է, որ «Պերֆեկտ» ՍՊԸ-ն 2018-ի հունվարի 15-ին հաղթել էր Պաշտպանության նախարարության հայտարարած գնման մրցույթում՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման օրը մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մասով։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 47,000,000 դրամ էր կազմել։
Ինչ է «մոռացել» հայտարարագրել
Սակայն ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Տիգրան Վարդգեսի Կարապետյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Հելթի Սմայլ Կլինիկ» ՍՊԸ-ում, որը հիմնվել է 2019 թ. փետրվարի 26-ին։ Նրա հետ համաբաժնետեր է Նելլի Արտավազի Մաշկարյանը։
Ընկերության տնօրենը Ալիսա Ռուբենի Ռուբինյանն է, որը գրանցված է Տիգրան Կարապետյանի հետ նույն հասցեում։ Ալիսա Ռուբինյանը, հավանաբար, հարազատ է վերը նշված «Պերֆեկտ» ՍՊԸ-ի սեփականատեր Ալինա Ռուբենի Ռուբինյանի հետ, քանի որ համընկնում են ազգանունն ու հայրանունը։
Թյուրիմացություն է… կշտկեմ
Fip.am-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հերքեց, որ ինքը «Հելթի սմայլ կլինիկ» ՍՊԸ-ում համաբաժնետեր է՝ պարզաբանելով, որ ընդամենը համավարկառու է։
«Այդ կլինիկան վարկով ենք ձեռք բերել, որպեսզի տեխնիկա գնենք, և ես այդտեղ որպես համավարկառու եմ եղել, ոչ թե համասեփականատեր։ Չգիտեմ ձեզ մոտ ինֆորմացիան ոնց է եկել, դուք որտեղից եք դա վերցրել, բայց ես այդ ընկերությունում համասեփականատեր չեմ»,- պնդեց նա։
Մեր դիտարկմանը, որ դա պետական ռեգիստրի տվյալներն են, Տիգրան Կարապետյանը հավատացրեց, որ գուցե թյուրիմացություն է եղել, և խնդիրը թղթաբանության մեջ է։
«Գուցե թղթաբանության հետ կապված հարց է, բայց ես հավատացնում եմ՝ նմանատիպ խնդիր չունեմ, ես երեք տուն եմ հայտարարագրի մեջ նշել, բոլորն էլ իմ անունով, և ես հատիկ-հատիկ նշել եմ, որ երկուսը նվեր եմ ստացել ծնողներիցս, մեկը գնել եմ, այսինքն՝ ես բացարձակ պատճառ չունեմ որևէ բան թաքցնելու, առավել ևս, որ այդ ամենը եղել է մինչև իմ՝ պետական պաշտոն զբաղեցնելը»,- ասաց նա՝ նշելով, որ կպարզի, թե որն է անճշտությունները և արագ կկարգավորվի։
Նշենք, որ պետական ռեսգիստրում հստակ երևում է, որ Կարապետյանը «Հելթի սմայլ կլինիկ» ՍՊԸ-ում 50 տոկոս բաժնետեր է։
Նելլի Լազարյան