2019 թվականի դեկտեմբերին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի՝ այն ժամանակվա փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Առաջին ալիքի» ռեպորտաժում հայտարարել էր, որ պետությունը մտադիր է գնել թիֆլիսահայ բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատունը:
Ռեպորտաժում նշվում էր, որ Լոռվա մարզպետարանի նամակի հիման վրա կառավարությունը որոշում է կայացրել գումար հատկացնել Արամյանցի դղյակը գույքագրելու և գնահատելու համար:
2019 թվականին սեփականատիրոջ ներկայացուցիչները մշակույթի նախարարությանը հայտնել էին, որ հետաքրքրված են վաճառքով: «Զբոսաշրջային առումով սա մի բացառիկ հանգրվան կդառնա»,- հայտարարել էր փոխնախարարը:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե ինչ փուլում է ներկայում Արամյանցի դղյակի գնման գործընթացը:
Արամյանցի դղյակի պատմությունը
Դղյակը 19-րդ դարում Ախթալայում կառուցել է մեծահարուստ Միքայել Արամյանցը: Այստեղ է 1918 թ. մայիսի 28-ին ստորագրվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հռչակագիրը:
2005 թվականին առանձնատունը գնել է Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան:
Նշենք, որ Տեր-Պողոսյանը 2011 թվականին մանկապղծության մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և երեք տարի անց մահացել է բանտում: Դրանից հետո առանձնատունը պատկանում է «ԼՕԶԷ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Սերոբ Տեր-Պողոսյանի կինն է:
2016 թվականի նոյեմբերին մի քանի տասնյակ մտավորականներ դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ վերջին 11 տարում որևէ էական ներդրում չի կատարվել դղյակում, և այն գտնվում է փլուզման եզրին:
Նամակի արդյունքում՝ նույն տարում կառավարության որոշմամբ դղյակն ընդգրկվել էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:
2016 թ. դեկտեմբերի 22-ին այն կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա շահ:
2017 թվականին Կարեն Կարապետյանը Լոռի այցի ժամանակ եղել էր նաև Ախթալայում, այցելել Արամյանցի դղյակ և հայտարարել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ։
«Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել էր Կարապետյանը:
Արամյանցի դղյակը 2018 թվականից հետո
2019 թվականի հոկտեմբերին Լոռվա նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ կառավարության նախագիծ է նախապատրաստվում, որով կառավարության պահուստային ֆոնդից գումար կնախատեսվի Արամյանցի դղյակի և հարակից տարածքների չափագրում և գնահատում կատարելու համար:
FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գործընթացը չի կայացել, քանի որ ամառանոցի սեփականատերերը բացակայել են հանրապետությունից և չեն արձագանքել մարզպետարանի աշխատակիցների կողմից իրենց ուղղված հարցումներին։
«Միաժամանակ, «ԼՕԶԷ» ընկերությանը հանձնված գույքը ֆինանսական պարտավորությունների դիմաց գրավադրված էր բանկում: Հետևանքը եղել է այն, որ մարզպետարանի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել մասնավոր տարածք գույքագրում իրականացնելու համար»,- նշվում է պատասխանում:
Ինչ վերաբերում է վերակառուցման ծրագրերի իրականացմանը, ապա նախարարությունից հայտնում են, որ «Մ. Արամյանցի տուն» հուշարձանը մասնավոր սեփականություն է, ուստի սեփականատերը պետք է իրականացնի հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները՝ դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:
«Նախարարությունը հիշեցրել է սեփականատերերին իրենց պարտականությունների մասին, սակայն վերջիններս որևէ առաջարկություն չեն ներկայացրել»,- հաղորդում են նախարարությունից:
ԿԳՄՍ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ 2019 թվականին առանձնատան սեփականատերերի լիազոր ներկայացուցիչը կապի է դուրս եկել նախարարության հետ. «Անընդհատ դիմում էին մեզ, հարցնում էին՝ ինչո՞ւ գերակա շահ չենք ճանաչում, երևի ուզում էին կլոր գումար ստանային պետության հաշվին: Իրենց պետք չէր շենքը, որովհետև հուշարձանների վերականգնման ծախսերը ավելի մեծ են: Մենք իրենց գրեցինք, հայտնեցինք, որ օրենքով իրենք պարտավոր են պահպանել և վերականգնել հուշարձանը. մինչև հիմա ո՞ւր եք եղել: Դրանից հետո նորից սեփականատերերի ներկայացուցիչն ընդհատակ անցավ»:
Ինչ վերաբերում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ առանձնատունը վերականգնելու պլաններին, ապա Շաքարյանը նշեց, որ նման բանակցություններ եղել են նաև այլ 3 ընկերությունների հետ, սակայն Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո այդ քննարկումները դադարել են:
Այսպիսով, թեև թե՛ նախորդ իշխանությունների, թե՛ գործող իշխանությունների կողմից Արամյանցի դղյակն ազգայնացնելու, վերանորոգելու և զբոսաշրջության կենտրոնի վերածելու վերաբերյալ ծրագրեր ու խոստումներ են եղել, փաստացի այս հարցում տարիներ շարունակ որևէ առաջընթաց չի գրանցվել, և շենքը մինչև այժմ պատկանում է մասնավոր սեփականատերերի:
Լուսինե Ոսկանյան