Սեպտեմբերի 14-ին ժամը 13։30-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը և վիավորվել քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը։
Դեպքից ընդամենը ժամեր անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց. «Թուֆենկյան հյուրանոցի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է»։ Սա այն պարագայում, երբ գործով առկա չէր որևէ ձերբակալված անձ, չէին կատարվել քննչական գործողություններ՝ առերեսումներ, մատնահետքերի նույնականացում, հարցաքննություն և այլն։
Տրամաբանորեն քրեական գործը կարելի է համարել բացահայտված, երբ առնվազն առկա է հանցանքը կատարած անձ և գործի քննությունն ամբողջովին ավարտած փոխանցել է դատարան։ Ավելին, եթե այս դեպքում դատարանը արդարացնող վճիռ կայացնի, գործը կրկին կփոխանցվի քննչական մարմիններին այն վերսկսելու համար։
Այս գործով կա 3 կասկածյալ՝ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը, որոնցից ձերբակալված է միայն մեկը՝ Ռաֆիկ Խաչատրյանը, ընդ որում, ձերբակալությունը տեղի է ունեցել գործի բացահայտման մասին հաղորդագրության տարածումից միայն 7 օր անց։
Մենք փորձեցինք ոստիկանությունից պարզել, թե ի՞նչ սկզբունքով են վերջիններս հանցագործությունը հաշվառում որպես բացահայտված։
Հարցմանը ի պատասխան ստացված գրությամբ տեղեկացանք․
«ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում պետական վիճակագրությունը ձևավորելիս հանցագործությունը հաշվառվում է որպես բացահայտված, երբ հանցանք կատարած անձի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կամ քրեական գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքով»։
Այլ կերպ ասած, ի հեճուկս ոստիկանության հաղորդագրության՝ սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված հանցագործությունը բացահայտված չէ։