Երեկ ուկրաինական հեռուստաալիքներով հեռարձակվեց մի տեսանյութ, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում վիրավորում ստացած ուկրաինացի զինծառայողներին։
Տեսանյութի տարածումից հետո հայկական լրատվամիջոցներում տեղեկություն ի հայտ եկավ, թե բուժկենտրոն այցի ժամանակ Զելենսկուն ուղեկցող բժշկուհին մահացել է դեռևս փետրվարի 26-ին, հետևաբար՝ չէր կարող մարտի 13-ի այցի ժամանակ ուղեկցել Զելենսկուն։ Լուրը, մասնավորապես, տարածվում է Զելենսկու՝ ֆիզիկապես Կիևում չլինելու ֆոնին՝ տպավորություն ստեղծելով, թե վերջինս լքել է Կիևը, սակայն այդ փաստը թաքցնում են հանրությունից։
Տարածվող տեղեկության հայաստանյան սկզբնաղբյուրը Գագիկ Համբարյան ֆեյսբուքյան օգտատերն է, որը առաջին անգամը չէ, որ ապատեղեկատվություն է տարածում։ Վերջինիս գրառումը վերահրապարակել են irakanum.am, hayeli.am, hzham.am, armday.am լրատվական կայքերը։
Խոսքը լուսանկարի՝ Զելենսկուն ուղեկցող կնոջ մասին է։ Նա, ըստ լրատվամիջոցների պնդման, մահացել է փետրվարի 26-ին։
Սակայն ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ զոհված բժշկուհին իրականում Զելենսկուն ուղեկցող կինը չէ։ Զելենսկուն ուղեկցում է Ուկրաինայի առաջին կին բրիգադային գեներալը՝ Տետիանա Միկոլաևնա Օստաշչենկոն։ Նրան այս կոչումը շնորհել է հենց Զելենսկին՝ 2021 թվականի օգոստոսի 24-ին։ Օստաշչենկոն, այս կոչմանն արժանանալով, ստանձնել է զինված ուժերի բժշկական ծառայության հրամանատարությունը։
Իսկ փետրվարին Ուկրաինայում զոհված բուժքույրը Իննա Դերուսովան է (Дерусова Інна Миколаївна)։ Վերջինս զոհվել է փետրվարի 24-ին Ախտիրկա (Ахтырка) քաղաքում՝ առաջադրանք իրականացնելիս։ Իննա Դերուսովան Ուկրաինայի առաջին կինն է, որը դարձել է Ուկրաինայի հերոս։ Հերոսի կոչումը նրան շնորհել է Զելենսկին՝ մարտի 12-ին։
Վերևի լուսանկարում Զելենսկուն ուղեկցող Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի գեներալն է, երկրորդում՝ փետրվարին զոհված բուժքույրը։
Այսպիսով, տարածվող տեղեկությունը, թե Զելենսկուն մարտի 13-ին ուղեկցող կինը զոհվել է փետրվարի 26-ին, սխալ է։ Լրատվամիջոցները զոհվածին շփոթել են այլ կնոջ հետ։
Նարեկ Մարտիրոսյան