«5-րդ ալիքի» եթերում հեռարձակվող «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ հաղորդավար Սևակ Հակոբյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին։ Հակոբյանը մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերից մեկը, որն էլ հիմք ընդունելով՝ եզրահանգում է, թե դատական համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանությունը վերցրեց, ուղիղ 100 օր անց հանրահավաք արեց ու հայտարարեց․ «Կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի», էսօր վճռաբեկ դատարանը, նախագահությամբ Համլետ Ասատրյանի, ասաց՝ չէ, շեֆ ջան, չկա էդպիսի դատավոր»,- թողարկման ընթացքում մեջբերել է հաղորդավարը։
Թողարկման մեկ այլ հատվածում էլ, կրկնելով նույն միտքը, ասել է․ «Հայաստանի դատական համակարգն այլասեռվում է, պղծվում է Հայաստանի Քրեական օրենսգիրքը։ Կրկնում եմ՝ այս ամենը պետք է դիտարկել «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» հայտարարության սահմաններում»։
Առանց գնահատական տալու դատական համակարգի անկախությանը վերաբերող հարցերին և հաղորդման ընթացքում հնչած դատողություններին՝ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող վերոնշյալ հայտարարությունը։
Նախ, հաղորդավարի պնդմամբ, Փաշինյանն այս արտահայտությունն արել է 2018 թվականին՝ կառավարության ղեկին գալուց 100 օր անց, սակայն 2018-ի օգոստոսի 17-ին՝ նոր ձևավորված կառավարության 100 օրվա գործունեության ամփոփման հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություն չի արել։ Հանրահավաքի ժամանակ, խոսելով դատական համակարգի մասին, Փաշինյանը, մասնավորապես, ասել է․ «Առաջին օրից, Բաղրամյան 26-ում հայտնվելով, ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Եվ մենք հրաժարվել ենք, ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»։
Հանրահավաքի մեկ այլ հատվածում էլ վարչապետ Փաշինյանն ասել է․ «․․․ թե՞ ձեզ թվում ա մենք ձևերը չգիտենք դատավորներին զանգելու, հաթաթա տալու, թե՞ ձեզ թվում ա մենք ձևերը չգիտենք, թե ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել, բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից․․․»։
Սակայն Փաշինյանը նման հայտարարություն, ամեն դեպքում, արել է մեկ այլ առիթով՝ հիշյալ հանրահավաքից շուրջ 10 ամիս անց՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես ուզում եմ շատ անկեղծ ասեմ՝ մեզ պետք չի, ինձ պետք չի մարիոնետային դատարան։ Ինչու պետք չի, որովհետև ես հավատում եմ էն իդեալներին, որոնց հիման վրա մենք Հայաստանում արել ենք փոփոխություններ։ Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, էդ դատական համակարգը պատրաստի դրած էր։ Ես ինչու՞ եմ դատարանների դռներն արգելափակել, ցույց տալու համար դա, որ ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ։ Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»,- 2019-ի հունիսի 5-ին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, դատական համակարգը պատրաստ էր կատարելու վարչապետի հրահանգները, սակայն վերջինս, իր պնդմամբ, պայքարել է հենց դրա դեմ։ Մինչև վերոնշյալ հայտարարությունն անելը Փաշինյանը դատական համակարգի մասին խոսելիս ասում է․ «․․․ ընդհանրապես որևէ մեկին հնձելը մեր խնդրի մեջ չի մտնում։ Մեր խնդիրն ա ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ։ Որովհետև հասկանու՞մ եք, ամենամեծ պրոբլեմն ինձ համար՝ որպես վարչապետ, հենց առաջին օրից գիտե՞ք որն ա։ Ես ասել եմ, որ դատական իշխանության գործերին չեմ միջամտում, ճի՞շտ ա, և չեմ միջամտել։ Բայց ամբողջ խնդիրն այն է՝ մեկին բռնում են ամբողջ մամուլը և սոցիալական ցանցերը գրում են, որ վարչապետը որոշեց էս ինչին բռնի․․․,- ապա ավելացնում,- ․․․ Խոսքը դատական համակարգը բարեփոխելու մասին է։ Ինձ, որպես ՀՀ վարչապետ, պետք ա այնպիսի դատական համակարգ, որ ում որոշի դատապարտի, ում որոշի ազատի, չասեն՝ ըհը, ուրեմն, էս ինչը տեղի ունեցավ, որովհետև այ էս մի․․․ հասկանու՞մ եք, հիմա հանրային գիտակցության մեջ բոլոր որոշումների տակ իմ ստորագրությունն է»։
Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարությունը կոնտեքստից դուրս կարող է այլ կերպ ընկալվել, սակայն կոնտեքստում դիտարկելիս ակնհայտ է, որ խոսքը գործադիր իշխանությունից կախում ունեցող դատական համակարգի դեմ պայքարի մասին է։
Այսպիսով՝ «Կարճ ասած» հաղորդման ընթացքում հաղորդավար Սևակ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերագրում է այլ առիթի և հայտարարությունը ներկայացնում է կոնտեքստից կտրված և մանիպուլյատիվ կերպով։
Նարեկ Մարտիրոսյան