«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածված պնդումները, թե հայտնի երգիչ Ջասթին Բիբերի դեմքի մասնակի կաթվածը COVID-19-ի դեմ պատվաստվման հետևանք է: Ըստ գրառումներից մեկի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բարդությունները ներառում են մարմնի տարբեր մասերի ամբողջական կամ մասնակի կաթված, ներառյալ Բելի կաթվածը և Ռամսեյ-Հանթի համախտանիշը։ Սակայն վրաստանցի փաստեր ստուգողները գտել են, որ Ջասթին Բիբերի Ռամսեյ-Հանթ համախտանիշի ախտորոշումը կորոնավիրուսային պատվաստանյութերի հետ կապելը մանիպուլյացիա է: Ոչ մի ապացույց չկա, որ կորոնավիրուսային պատվաստանյութերն առաջացնում են այս համախտանիշը։ Ավելին՝ հրապարակային տեղեկություն չկա՝ Ջասթին Բիբերը պատվաստվե՞լ է կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ։
Ղազախստանյան Factcheck.kz-ը հոդված է հրապարակել այն մասին, որ չինացի գիտնականները հայտարարել են այլմոլորակայիններից ստացված ազդանշանների հնարավոր հայտնաբերման մասին, սակայն ավելի ուշ հրապարակումը ջնջվել է: Գիտնականները, մասնավորապես, հայտնել են, որ Sky Eye կոչվող հսկա աստղադիտակը, հնարավոր է, այլմոլորակային քաղաքակրթության նշաններ է հայտնաբերել: Լուրը հայտնվել է Science and Technology Daily պետական թերթում, սակայն ավելի ուշ հեռացվել է: Հայտնի չէ՝ ինչ պատճառներով են հոդվածները հեռացվել: Չինացի գիտնականները նշել են, որ Sky Eye-ը չափազանց զգայուն է ցածր հաճախականության ռադիոտիրույթում և կարևոր դեր է խաղում այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման հարցում: Այնուամենայնիվ, կասկածելի ազդանշանները կարող են լինել նաև ռադիո-խզումներ և պահանջում են լրացուցիչ հետազոտություն:
Ուկրաինական VoxCheck-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված գրառումները, ըստ որոնց՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինական անձնագրի հետ միասին հայտնի ռուսաստանցի լրագրող Ալեքսանդր Նևզորովին զինվորական ծանուցագիր է հանձնել: Սակայն իրականում սա հորինված պատմություն է: Տեղեկության սկզբնաղբյուրը երգիծական «Պանորամա» պարբերականն է:
Միջազգային
Բրիտանական Reuters-ը գրել է, որ համացանցում շինծու մեջբերում է տարածվում, ըստ որի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ի պատասխան Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օգնության կոչի, հայտարարել է, որ չի ցանկանում «կորցնել» Հունգարիան «մի ապուշի պատճառով, որը կոտորած է արել Եվրոպայում»։
#Hungarian PM Viktor #Orban responding to #Zelensky: “I don’t care about the States and #Ukraine. I am a Hungarian by nationality, and I do not want to lose my country because of an idiot who made a massacre in the center of Europe, and with whom, with Russia.” pic.twitter.com/t5mixqORmq
— tim anderson (@timand2037) June 5, 2022
Սակայն Reuters-ը որևէ ապացույց չի գտել, որ Օրբանը նման հայտարարություն է արել: Հունգարիայի կառավարության միջազգային հաղորդակցության գրասենյակի խոսնակը Reuters-ին ասել է, որ վարչապետը չի ասել մեջբերումում իրեն վերագրվող խոսքերը։
Ամերիկյան Snopes-ը ստուգել է կենդանիներին նվիրված Pets Reporter-ի հոդվածներից մեկի պնդումը, թե շները տեսնում են միայն կապույտի և դեղինի երանգները: Ամերիկացի փաստեր ստուգողների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պնդումը ճիշտ է. քանի որ գույնը որոշվում է մեր աչքերի կոներով, մենք կարող ենք տեսնել տարբեր գույներ: Մարդու աչքը ունի երեք տեսակի կոներ (ֆոտոռեցեպտորներ), որոնք թույլ են տալիս տեսնել կարմիր, կապույտ և կանաչ երանգներ: Շան աչքն ունի ընդամենը երկուսը, դրանք հնարավորություն են տալիս տեսնել միայն կապույտ և դեղին երանգները:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը