Para TV լրատվական կայքն այսօր՝ հունիսի 10-ին, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեղեկատվություն՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին։
Աղաբեկյանի՝ պաշտոնից ազատվելու մասին լուրն իրականությանը համապատասխանում է, և այդ մասին հաղորդագրությունը հրապարակված է Արցախի նախագահի կայքում։
Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ «այս պահի դրությամբ այդպիսի բան չկա»։
«Մենք որևէ անգամ չենք թաքցրել հանրությունից այս կամ այն կադրային փոփոխությունները՝ ինչ-որ մեկի պաշտոնին նշանակվելը կամ հակառակը։ Եթե Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը որևէ տեղեկություն չի տարածել, ապա այդպիսի բան չկա։ Եթե լինում է, մենք տարածում ենք»,- հավելեց Բաբայանը։
Fip.am-ը կապ հաստատեց նաև հրաժարական ներկայացրած Արթուր Աղաբեկյանի հետ։ Վերջինս նշեց, որ Բալասանյանի հրաժարականի մասին որևէ տեղեկատվություն չունի։ Վերջին անգամ երեկ է հեռախոսով խոսել Բալասանյանի հետ։
«Շուտվանից հրաժարականի որոշում ունի, սպասում է երևի… ինչ-որ խնդիրներ ունի, որովհետև ինքը քաղաքականության մեջ չի էլ թաքցնում՝ նախագահի թեկնածու է լինելու։ Մի օր լինելու է դա (հրաժարական-խմբ.), բայց դե ե՞րբ՝ չգիտեմ»,- ասաց Աղաբեկյանը։
Ինչ վերաբերում է իր հրաժարականի պատճառներին, ապա Արցախի նախագահի նախկին խորհրդականը պնդեց, որ դեռ մեկ ամիս առաջ էր պատրաստել հրաժարականի դիմումը, և դա քաղաքական ենթատեքստ չունի։
«Ավելի շատ հիմա բարեգործական ծրագրեր եմ անում, օգտակար գործեր եմ անում մարդկանց համար, գյուղում եմ ապրում, քիչ եմ լինում Ստեփանակերտում։ Զուտ անձնական։ Կատակով ասեմ՝ 8-րդ դասարանից, երբ ավագ էի, մինչ օրս պաշտոնի եմ եղել»,- ասաց Աղաբեկյանը։