Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հունիսի 11-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ «ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել»։
««Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել ՄԻԱՅՆ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով» (Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մաս) …»,- գրել է Դանիելյանը։
Դանիելյանի այս գրառումը տարօրինակ է, քանի որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի հենց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,- նշված էր Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Ինչպես նախատեսված է օրենքով, հանձնաժողովը ստեղծվել է «Իմ քայլը» խմբակցության 47 պատգամավորի ստորագրությամբ։ Այն բաղկացած է 11 պատգամավորից: Ընդգրկված են նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից 2-ական պատգամավոր։ Հանձնաժողովի ղեկավարն է «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովը նույն օրն արդեն իրականացրել է աշխատանքային քննարկում։
Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մայիսի 20-ին: