Հանրային հեռուստաընկերության «Լուրեր 60 րոպե» լրատվական հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը, հուլիսի 24-ին խոսելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 2019 թվականի առաջին կիսամյակն ամփոփող մամուլի ասուլիսից, ռեպորտաժի նախաբանում նշում է․ «Ոստիկանությունը հավաստիացնում է, որ իր որդեգրած նոր մարտավարության շնորհիվ հանցագործությունների բացահայտումներն աճել են»։
Մինչդեռ ասուլիսի ժամանակ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, որն անդրադարձել էր այս թեմային, խոսել է կիսամյակի կտրվածքով բացահայտման աշխատանքներում արձանագրված կայուն աճի տեմպի և ոչ ամենևին հանցագործությունների բացահայտման աճի մասին։ Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման մեկնաբանը, սակայն, չի մասնավորեցնում աճի վերաբերյալ պնդումը։
Fip.am-ը որոշեց պարզել, թե արդյոք այս տարվա առաջին կիսամյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են հանցագործությունների բացահայտումները, և թե արդյոք Հանրայինի լրատվական թողարկումը փորձել է մանիպուլացնել հեռուստադիտողին։ ՀՀ ոստիկանությունից հարցման արդյունքում պարզվեց, թե քանի հանցագործություն է գրանցվել և քանիսը բացահայտվել 2018 և 2019 թվականների առաջին կիսամյակում։
Արդյունքում՝ 2018 և 2019 թվականների առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է համապատասխանաբար 11243 և 12250 հանցագործության դեպք, իսկ բացահայտված՝ նախաքննությունն ավարտված քրեական գործերով և նյութերով անցնող հանցագործությունների քանակը նույն ժամանակահատվածում կազմել է համապատասխանաբար 6612 և 6875։ Ակնհայտ է, որ զուտ թվային առումով, իսկապես, 2019-ին հանցագործությունների բացահայտումներն ավելին են 263-ով, սակայն 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է հանցագործության կատարման 1007-ով ավելի դեպք, քան 2018-ի նույն ժամանակահատվածում։
Ստացվում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հանցագործություն-բացահայտում հարաբերակցությունը կազմել է 58․8%, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի պակաս՝ 56․1%։
Այսպիսով՝ Հանրայինի հեռուստամեկնաբանի՝ ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտումների աճի վերաբերյալ չմասնավորեցված դիտարկումը մանիպուլյացիա է. այն չի համապատասխանում իրականությանը։ Փաստն այն է, որ 2018 և 2019 թվականների առաջին կիսամյակում հանցագործություն-բացահայտում հարաբերակցությունը ոչ թե աճել է, այլ նվազել ավելի քան 2.5%:
Աստղիկ Քեշիշյան