Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի և դատական գործընթանցերի մասին, հայտարարել է, որ ներկայիս իշխանությունը անում է նախորդների քայլերը․ «Անվերջ ձգվող վերջին դատավարությունները նախկին իշխանությունների գործելաոճն է, իրենք ինչի մեջ մեղադրում են նախկիններին, հիմա իրենք են անում։ Ժողովուրդն ասում է՝ այ ընկեր, մարդուն բռնել ես, մեղավոր է, տար պատժի, բայց սենց անընդհատ կալանավորում, բաց թողում գրավի դիմաց, անձնական երաշխավորությամբ, լավ այս շոուներով ինչքան կարելի է այս ազգին կերակրել»։
Հարկ է նշել, սակայն, որ Պետրոսյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ գործադիր իշխանությունը ոչ մի լծակ չունի ազդելու ոչ դատավարությունների արագ կամ դանդաղ ընթացքի վրա և ոչ էլ անձին կալանավորելու կամ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վրա։ Ներկայացնենք թե ինչու․
Ձգձգվող դատավարությունների պատճառը
Ըստ Պետրոսյանի՝ դատավարություններն անվերջ ձգձգելը նախկին իշխանությունների գործելաոճն է, ինչը հիմա կրկնում են նորերը։
Անդրադառնանք վերջին դատավարություններին և հասկանանք, թե որքանով կապ ունի գործադիր իշխանությունն այս դատավարությունների ձգձգման հետ։
Մարտի 1-ի գործով, որով առանցքային մեղադրյալներ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և այլք, դեռ բուն դատական պրոցեսը չի սկսվել։
Պատճառը, թերևս, այն է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը անընդհատ միջնորդություններ է ներկայացնում դատարանին՝ երկրորդ նախագահին գրավով ազատ արձակելու, գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին կամ դատախազին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ այսպիսով անընդհատ ձգձգելով դատական բուն գործընթացը։
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստերը նույնպես տարբեր պատճառներով հետաձգվում են։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափերի գումար յուրացնելու և շորթման մեջ, իսկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունների, Գրիգորյանին գրավով ազատ արձակելու և Գրիգորյանի առողջական խնդիրներով պայմանավորված դատական նիստերից բացակայելու պատճառով։ Օրերս էլ հերթական դատական նիստի ժամանակ, հաշվի առնելով Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով նիստերից պարբերաբար բացակայելը, դատարանը որոշեց առանձնացնել Ամիրյանի և Գրիգորյանի քրեական գործերը։
Ինչպես տեսնում ենք վերը նշված օրինակներում, դատական նիստերը հետաձգվում են ոչ թե իշխանության վարած քաղաքականության, այլ պաշտպանական թիմերի ներկայացրած տարատեսակ միջնորդությունների պատճառով։
Խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված չէ նախասիրություններով
Ըստ Պետրոսյանի՝ «ժողովրդի կամքն է, որ մեղավորներին տանեն և պատժեն, բայց այս պահին մենք տեսնում ենք կալանավորում, անձնական երաշխավորությամբ ազատ արձակում, և այս ամեն ինչով կերակրում են ժողովրդին»։
Այստեղ հարկ է նկատել, որ Պետրոսյանի նշած գործընթացը ոչ թե անձնական նախասիրության արդյունք է, այլ օրենքի պահանջ։
Այսպես, անձին մեղադրանք առաջադրելուց հետո որոշում է կայացվում նրա խափանման միջոցի ընտրության վերաբերյալ։ Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով։ Այդ միջոցներն են կալանքը, գրավը, ստորագրությունը երկրից չբացակայելու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորությունը, հսկողության հանձնելը և հրամանատարության հսկողության հանձնելը (հոդված 134):
Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք և այլն (հոդված 135 կետ․1)։
Հարկ է նշել նաև, որ կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որոնց պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել վերը նշված գործողությունները (հոդված 135 կետ․ 2):
Ինչպես տեսնում ենք, այստեղ գործադիր իշխանությունը որևէ միջամտություն չունի և չի կարող ունենալ։ Բոլոր գործընթացները կարգավորվում են Քրեական դատավարության օրենսգրքով։
Այսպիսով, Գևորգ Պետրոսյանի այն մեղադրանքը, որ ներկայիս իշխանությունները կրկնում են նախկինների գործելաոճը և դա արտահայտվում է ձգձգված դատավարություններով և շոուներով, մանիպուլյատիվ է, քանի որ գործադիր իշխանությունը չի կարող ազդել դատական պրոցեսների, մասնավորապես՝ ինքնաբացարկների և այլ միջնորդությունների վրա։
Վերջում նշենք, որ Գևորգ Պետրոսյանն իրավաբանական գիտությունների թեկնածու և դոցենտ է և դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում։
Կարինե Կիրակոսյան