Ռուսական «Ինտերֆաքս» լրատվամիջոցը երեկ՝ դեկտեմբերի 18-ին, հրապարակել էր տեղեկություն, որ ռուսական «Իկար» ընկերությունը, որը հայտնի է Pegas Fly բրենդով, Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից (Ռոսավիացիա) թույլտվություն է ստացել Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքից Երևան շաբաթական յոթ չվերթ իրականացնելու համար։
Ըստ «Ինտերֆաքսի»՝ այդ թույլտվությունն ընկերությունը ստացել է դեկտեմբերի 16-ին։
Այս լուրը լայնորեն տարածվել է հայկական լրատվականներից կողմից, այդ թվում՝ panarmenian.net, armeniasputnik.am, yerkir.am, yerevan.today և այլ կայքերում։
Հայկական լրատվականները նյութի մեջ նշել են, որ ընկերությունը թույլտվություն է ստացել Ռոսավիացիայից, սակայն վերնագրերում շտապել են հայտարարել, որ չվերթներն արդեն բացվում են։ Դրանցում ակնարկվում է, որ Երևան-Ղրիմ չվերթներն արդեն իսկ վերջնականապես հաստատված են և մոտակա ժամանակներում կիրականացվեն։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնն» էլ (infocheck.am) հերքում է հրապարակել, որում, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական ավիացիային, ասվում է. «Ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, հայտ չի ներկայացվել, հետևաբար՝ կանոնավոր թռիչքների մասին պայմանավորվածություն ևս չկա»։
ՌԴ-ն թույլտվություն տվել է
Իրականում, խնդիրն այն է, որ իսկապես՝ ՌԴ օդային տրանսպորտի գործակալությունն «Իկար» ավիաընկերությանը համապատասխան թույլտվությունը տվել է. Ռոսավիացիայի կայքում տեղադրված փաստաթղթում երևում է, որ «Իկարը» դեկտեմբերի 16-ին շաբաթը յոթ անգամ Սիմֆերոպոլ-Երևան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, «Իկարը» նաև Ստավրոպոլ-Երևան և Ուֆա-Երևան շաբաթական 2-ական անգամ չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։
Այսինքն, ՌԴ իրավասու մարմինը թույլտվություն տվել է «Իկար» ընկերությանը Ղրիմ-Երևան չվերթներ իրականացնելու համար, սակայն ընկերությունը դեռևս չի դիմել ՀՀ քաղավիացիա։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Փայասյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռոսավիացիայի կողմից թույլտվությունը միայն առաջին քայլն է։
«Դա դեռ գործի մի կեսն է։ … այսպիսի ընկերությունների հազարավոր դոպուսկներ կան, որոնք որ իրենք այնտեղից ստացել են, բայց դեռ տարիներ շարունակ չեն դիմել մեզ»,- ասաց Փայասլյանը՝ հավելելով, որ Ռոսավիացիան բազմաթիվ ավիաընկերությունների մեծ քանակության թույլտվություններ (допуск) է տալիս։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց կապվել «Իկար» ընկերության հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք ընկերությունը պատրաստվում է դիմել ՀՀ քաղավիացիա, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Fip.am-ը գրավոր հարցում է ուղարկել ընկերություն՝ փորձելով հասկանալ, թե երբ է նախատեսվում հայտով դիմել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Պատասխան ստանալու դեպքում կտեղեկացնենք մեր ընթերցողներին։
Այսպիսով, տեղեկությունը, որ «Իկար» ընկերությունը Ռոսավիացիայից թույլտվություն է ստացել Սիմֆերոպոլ-Երևան չվերթներ իրականացնելու համար, համապատասխանում է իրականությանը, սակայն հայկական լրատվականների վերնագրերը, որոնցում նշվում էր, որ չվերթները բացվում են, սխալ է, քանի որ ավիաընկերությունը դեռևս այդպիսի հայտ չի ներկայացրել հայկական կողմին։
Հովհաննես Նազարեթյան