«Փաստերի ստուգման հարթակի» կողմից հրապարակված մի շարք նյութեր այս տարվա ընթացքում արձագանք ստացան լրատվամիջոցների, իրավապահ մարմինների և քաղաքական գործիչների կողմից։ Fip.am-ը որոշել է ամփոփել այդ արձագանքները՝ հասկանալու համար մեր իրականացած աշխատանքի ազդեցությունը։
Լրատվականներ
Մայիսին «Դուխով Հայաստան» Ֆեյսբուքյան էջի վարողի և նրա՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ կապի մասին «Փաստերի ստուգման հարթակի» փոքրիկ հետաքննությունը վերահրապարակվեց armtimes.com, factor.am և այլ կայքերում։
2019-ի մայիսին Fip.am-ը հրապարակեց Հայաստանում Բելառուսի դեսպանատան շուրջ հետաքննություն, որում մենք պարզել էին, որ Առինջում Գագիկ Ծառուկյանի առանձնատան հարևանությամբ տեղակայված շինությունը պատկանել է Ծառուկյանի և Բելառուսի իշխանությունների հետ փոխկապակցված մի անձի և գնվել է շուկայականից մի քանի անգամ ավել գնով։ Այդ հրապարակումը հայկական լրատվական դաշտում լուսաբանեցին 1in.am և factor.am կայքերը։ Մեր հրապարակումը նաև հիշատակվեց «Ծառուկյանի բիզնես կայսրությունը» վերնագրով «Հետքի» (hetq.am) լայնածավալ ուսումնասիրության մեջ։
Հունիսին մեր հրապարակումը Սահմանադրական դատարանի կայքում փոփոխության մասին վերահրապարակել էին aysor.am, news.am, armtimes.com և այլ կայքեր։
Հոկտեմբերին Fip.am-ը բացահայտեց, որ հայկական տիրույթում Սիրիայի հյուսիս թուրքական զինված ուժերի ներխուժմանը վերագրվում են լուսանկարներ, որոնց մեծ մասը հին են և կապ չունեն թուրքական գործողությունների հետ։ Հրապարակումն առիթ դարձավ, որ Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Մեդիա դիտորդ» հաղորդումն անդրադառնա թեմային։ Հաղորդմանը մասնակցեց Fip.am-ի գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը։
Այս տարվա հոկտեմբերի սկզբին Fip.am-ը հրապարակեց Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին և նրանց զավակներին պատկանող ընկերությունների և բիզնեսների մասին հետաքննական նյութ և տեսանյութ։ Այն լուսաբանեցին 1in.am, armdaily.am, araratnews.am, medialab.am և այլ կայքեր։
Կրկին հոկտեմբերին Fip.am-ի կողմից հրապարակած՝ Դավթաշենում նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) դստեր կողմից այգու սեփականաշնորհման մասին հետաքննությունը, առանց Fip.am-ին վկայակոչելու, վերարտադրվեց Factor TV-ի և Առաջին ալիքի «Լուրեր» հաղորդման կողմից։
Ազգային ժողովում
Նորընտիր Ազգային ժողովի տարբեր պատգամավորներ նիստերի ընթացքում ևս հիշատակեցին Fip.am-ի մի շարք հոդվածներ։ Այսպես, հունվարի 14-ին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը վկայակոչեց Fip.am-ի կողմից արված հետաքննությունը, որը մենք հրապարակել էինք դեռ 2018-ի դեկտեմբերին։ Մենք բացահայտել էինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ղեկավարած հասարակական կազմակերպության կողմից Ֆեյսբուքում իր և իր կուսակցության համար քարոզչության մանրամասները։
Մայիսի 29-ին ԱԺ-ում Ազգային ժողովում երկու անգամ վկայակոչվեցին Fip.am-ի հրապարակումները։ Առաջինը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանն էր հղում կատարել Fip.am-ի կողմից արված ուսումնասիրությանը, որում մենք պարզվել էին, որ բենզինի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության մասնաբաժինը 2018 թվականին ոչ թե նվազել է, այլ աճել՝ հակառակ կառավարության պնդումներին։
Երկրորդ դեպքում ևս «Փաստերի ստուգման հարթակը» վկայակոչվել էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Եղիազարյանի կողմից, որը հիշատակեց Fip.am-ի՝ ներդրումների նվազման մասին նյութը։
Էթիկայի հանձնաժողով
Մայիսին Fip.am-ը հոդված հրապարակեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ գույքի և եկամուտի հայտարարագրերում առկա անհամապատասխանությունների մասին։ Այն լայն արձագանք ստացավ մամուլում։ Սիմոնյանը հանդես եկավ հերքմամբ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նրա նկատմամբ վարույթ հարուցեց և որոշում կայացրեց վարչական տույժ կիրառել։
Հուլիսի սկզբից Fip.am-ը հրապարակեց հետաքննություն Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարագրի ոչ ամբողջական լինելու մասին։ Օրեր անց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նրա նկատմամբ վարույթ հարուցեց։ Մեր «օգնությամբ» Քյարամյանը պարզեց, որ հանդիսանում է բնակարանի համատեղ սեփականատեր։
Իրավապահ մարմիններ
Հուլիսին Fip.am-ը հրապարակեց հետաքննություն, որում բացահայտվեց, որ Սևանա լճի սիգի ապօրինի բիզնեսով է զբաղվում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի ընկերությունը։ Օրեր անց սիգի ապօրինի որսի և իրացման փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Այս տարվա հոկտեմբերին Fip.am-ի կողմից հրապարակվեց հետաքննության Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ընկերության կողմից ֆուտբոլի ակադեմիաներ կառուցելու մասին։ Նյութի հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ուսումնասիրություն էր իրականացվել ՀՖՖ-ում և քրեական գործ հարուցվել։ Արդեն դեկտեմբերին ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Հայրապետյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված ընկերությունների գրասենյակներում։
Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» 2019 թ. հրապարակումները տարատեսակ արձագանք են ստացել մամուլում, պետական մարմիններում և հանրության շրջանում։ Մեր թիմն ակնկալում է, որ 2020 թվականին հանդես կգա ավելի մեծ ազդեցություն ունեցող հրապարակումներով՝ կատարելով իր հիմնական հանձնառությունը՝ պայքարը ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ։