Հոկտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կառավարության որոշմամբ նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։ Նա Ջերմուկի քաղաքապետն էր 2021 թվականի դեկտեմբերից։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նորանշանակ մարզպետի հայտարարագիրը։
Վահագն Արսենյանը «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է և ըստ պետական ռեգիստրի՝ 2017 թվականից «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի իրական շահառու։

Վահագն Արսենյանը, նկատենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
32-ամյա պաշտոնյայի հայտարարագրած անշարժ գույքի ցանկը բավական լայն է․ 2024 թվականին ունեցել է միանձնյա սեփականությամբ 2 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 6 բնակարան և 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), 3 հասարակական նշանակության շինություն և 9 հողամաս Ջերմուկում, 3 ավտոկայանատեղի Երևանի կենտրոնում։
Ընդ որում, Արսենյանը Երևանի կենտրոնի երկու բնակարանը ձեռք է բերել 2024 թվականին՝ մեկը 33 մլն, իսկ մյուսը՝ 190 մլն դրամով։
2024 թվականին Արսենյանը հայտարարագրել է մեկ «Ռոլս Ռոյս» և մեկ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որոնք մինչև տարվա վերջ վաճառել է։
Վաճառել է նաև Երևանի կենտրոնի բնակարաններից մեկը՝ ավտոկայանատեղիի հետ միասին՝ ընդհանուր վաճառքի դիմաց ստանալով 420 մլն դրամ։
Երրորդ անձանց անունով Արսենյանը հայտարարագրել է 3 մեքենա, որոնցից փաստացի օգտվում կամ օգուտ է ստանում։
Պաշտոնյան հայտարարագրել է 2 ձեռքի ժամացույց (Jacob & Co և Patek Philippe), որոնց արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը, իսկ ձեռք բերելու եղանակը նշել է՝ նվիրատվություն։
Արսենյանը 2024 թվականի ընթացքում ձեռք է բերել 6,5 միլիոն դրամ արժողությամբ որսորդական SAKO ակոսափող հրացան։
Տարվա սկզբում պաշտոնյան իր բանկային հաշիվներում ունեցել է 330 եվրո, 9562 ԱՄՆ դոլար, 331․899 դրամ, իսկ տարվա վերջում իր մոտ մնացել է ընդամենը 6076 դրամ։
Փոխարենը նրա կանխիկ դրամական միջոցներն են շատ․ պաշտոնյան տարվա սկզբում հայտարարագրել է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար, 30 միլիոն դրամ, 310 հազար եվրո և 5 միլիոն ռուբլի, իսկ տարվա վերջում ունեցել է 1,5 միլիոն դոլար, 35 միլիոն դրամ, 650 հազար եվրո և 5 միլիոն ռուբլի։
2024 թվականին Արսենյանը, որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 888 միլիոն դրամ, որից միայն 4 մլն դրամն է որպես քաղաքապետի աշխատավարձ, մնացածը նրա տված փոխառություններն են ու «Ջերմուկ Գրուպից» եկամուտը։
2024 թվականին պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները տարվա ընթացքում անձնական ճանապարհորդությունների ու ժամանցի վրա ծախսել են 171 միլիոն դրամ։ 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախսերի հանրագումարը կազմել է 600 միլիոն դրամ։
Որպես 100% սեփականության իրավունքով Արսենյանին պատկանող առևտրային կազմակերպություններ հայտարարագրվել են 2-ը, իսկ մասնակի չափաբաժիններ Արսենյանը ունեցել է 2-ում։
Հասմիկ Համբարձումյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




