Մեթոդաբանություն

Փաստերի ստուգման հարթակ (FIP)

Մեթոդաբանություն

«Փաստերի ստուգման հարթակը» (FIP) հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» (UIC) ՀԿ-ի առանձին թիմ, որը հանդես է գալիս որպես անկախ լրատվամիջոց և մասնագիտացված է մեծամասամբ փաստերի ստուգման լրագրության մեջ: FIP-ն ունի լիակատար կառուցվածքային և խմբագրական անկախություն, ինչպես նաև FIP-ի լրագրողների համար սահմանված վարքագծի կանոնագիրք։

Կազմակերպչական կառուցվածքը

Գլխավոր խմբագիրը պատասխանատու է խմբագրական քաղաքականության սահմանման, թեման և հոդվածներ հաստատելու, նյութեր վերանայելու, ինչպես նաև դրանցում պարունակվող փաստերը վերստուգելու համար և հաշվետու չէ ոչ ոքի: Սրբագրող-խմբագիրը պատասխանատու է հոդվածների սրբագրման և, անհրաժեշտության դեպքում, գլխավոր խմբագրին փոխարինելու համար։ Հաշվետու է գլխավոր խմբագրին:

Լրագրողներ-փաստեր ստուգողներ պատասխանատու են նորությունները, լրահոսը, սոցցանցերը մշտադիտարկելու, քաղաքական, հասարակական և այլ գործիչների հարցազրույցներին, ելույթներին հետևելու, թեմաներ առանձնացնելու, դրանք ուսումնասիրելու, կասկածելի հայտարարություններն ու փաստերը ստուգելու, գլխավոր խմբագրի հետ համագործակցությամբ նոր թեմաների շուրջ աշխատանքներ սկսելու և հոդվածներ ներկայացնելու համար։ Հաշվետու են գլխավոր խմբագրին:

Տեսանյութեր պատրաստող թիմը բաղկացած է երկու մասնագետից՝ օպերատորից և տեսանյութերի մոնտաժողից։ Հաշվետու են գլխավոր խմբագրին։

Սոցիալական մեդիայի (SMM) մասնագետը պատասխանատու է սոցիալական հարթակներում հոդվածները տարածելու, արձագանքներին հետևելու, ինչպես նաև «Փաստերի ստուգման հարթակի» բովանդակությունը ավելի լայն թիրախային լսարաններին հասանելի դարձնելու և տարածվող ապատեղեկատվությունների մասին արդյունավետ իրազեկելու համար։ Հաշվետու է գլխավոր խմբագրին:

Թարգմանչական թիմը բաղկացած է 2 մասնագետից՝ անգլերենի և ռուսերենի թարգմանիչներից:

Մեր ֆինանսավորումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իր կայքէջում հանրային կերպով հրապարակում է յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման աղբյուրները, այդ թվում՝ FIP-ի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսական աղբյուրները։ Նույն կերպ հրապարակվում են նաև դոնորների մասին տեղեկությունները։ FIP-ի կայքի գլխավոր էջի ստորին հատվածում տեղադրված են դոնոր կազմակերպությունների տարբերանշանները:

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողների համար սահմանված վարքագծի կանոնագիրք (Փաստերի ստուգման պատվիրաններ)

Ստուգե՛լ բոլոր մեջբերված ապացույցների և պնդումների իսկությունը, չշահարկե՛լ, չխեղաթյուրել մեջբերված խոսքը.

Հապավումները տեքստում առաջին անգամ օգտագործելիս պարտադիր գրել ամբողջական՝ փակագծում նշելով հապավումը։

Պարտադիր ներառե՛լ նախապատմություն (background), որը ներառում է լրացուցիչ տեղեկատվություն տվյալ հայտարարությանը նախորդած հանգամանքների մասին:

Պարտադիր ներառե՛լ համատեքստ. ի՞նչ թեմայի, քննարկման, հարցի շրջանակում է արվել տվյալ հայտարարությունը, պնդումը։

Ուղղակի խոսքի խմբագրումն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է… Կրճատումներ կատարելու դեպքում օգտագործե՛լ սահմանված կանոններ։

Ուղիղ խոսքի օգտագործումը ՊԱՐՏԱԴԻՐ է: Մեջբերե՛լ մասնավորապես այն հատվածը, որը ստուգվելու է։

Նշե՛լ անձանց պաշտոնները (նույնիսկ՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան և այլ հայտնի անձանց դեպքում)։

Երկար տեսանյութերի դեպքում անպայման նշե՛լ ճշգրիտ ժամանակը և կցել այն տեքստին։

Չօգտագործե՛լ «ՀՀ» հապավումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց անուններից առաջ։

Յուրաքանչյուր հայտարարություն պարտադիր հիմնավորե՛լ հղումներով: Հղումները պետք է լինեն սկզբնաղբյուրից (այս կանոնը խախտել կարելի է միայն ծայրահեղ դեպքերում)։

Հնարավորինս պարզեցնե՛լ օրենքները, իրավական և տնտեսական տեքստերը և գրել հասկանալի լեզվով (մենք չենք գրում տնտեսագետների կամ իրավաբանների համար)։

Յուրաքանչյուր թեմայի շուրջ գրելիս կատարե՛լ Google-ի որոնում` թեմայի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու համար։

Կարդա՛լ փաստաթղթերի ամբողջական տեքստը՝ նախքան դրանց հղումը տալը։

ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՉԳՐԵ՛Լ։ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ. ՄԻԱՅՆ ՉՈՐ ՓԱՍՏԵՐ։

Անկուսակցականության քաղաքականությունը FIP-ի լրագրողների համար

FIP-ի թիմի անդամները պարտավոր են փաստերի ստուգման ընթացքում մի կողմ թողնել իրենց քաղաքական նախընտրությունները և պահպանել բացարձակ անկուսակցականություն և անկողմնակալություն: Նրանք չպետք է աշխատեն կամ որևէ կերպ ֆինանսավորվեն որևէ քաղաքական կուսակցության կամ քաղաքական կուսակցության ներկայացուցչի կողմից:

Կազմակերպությունը ապահովում է այս չափանիշը՝ թիմի՝ բոլոր նոր ընդունված անդամների հետ անկուսակցականության համաձայնագիր ստորագրելով: Բացի այդ, առավելագույն վստահելիություն ունենալու համար թիմի անդամները շարունակ ձգտում են զարգացնել ճշգրտության ապահովման իրենց հմտություններն ու գիտելիքները, ինչը կազմակերպության առաքելության հիմնարար սկզբունքներից է։

Փաստերի ստուգման հայցերի ընտրության քաղաքականություն

Իր առաջնային նպատակ սահմանելով հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելն ու ապատեղեկատվություններից զերծ պահելը՝ «Փաստերի ստուգման հարթակը» հանձնառու է նաև ստուգել ընթերցողներին հետաքրքրող պնդումներն ու տեղեկությունները։

Որպես իրենց աշխատանքային պարտականությունների մի մաս, «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները հետևում են հայաստանյան հեռարձակողներին, առցանց, տպագիր և սոցիալական լրատվամիջոցներին, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների և (կամ) Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված կամ էլ Ռուսաստանի հետ կապեր ունեցող լրատվամիջոցներին (օրինակ՝ «Սպուտնիկ Արմենիա», «Կոմերսանտ», «Ռեգնում», «Ռիա Նովոստի»):

Թիմի անդամները բացահայտում են «վիրուսային» կերպով տարածվող բովանդակությունը Ֆեյսբուքի որոնման առաջադեմ գործիքների միջոցով:

Ավելին, «Փաստերի ստուգման հարթակն» ունի բավականին ակտիվ լսարան, որը հարթակի կայքի հատուկ բաժնի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով հնարավորություն ունի ուղարկել ենթադրյալ կեղծ նյութերի մասին տեղեկություններ:
FIP-ի խմբագրակազմը ստուգում և գնահատում է միայն ստուգելի հայցերը/պնդումները՝ կենտրոնանալով վիրուսային կերպով տարածվող կամ վնասակար բովանդակությամբ նյութերի և համակարգված կերպով իրականացվող վարկաբեկող արշավների վրա:

FIP-ի թիմին զուգահեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» մշտադիտարկման թիմը կանոնավոր կերպով հետևում է հայկական լրատվամիջոցներին և վարում է մշտադիտարկման արդյունքների շտեմարան, որն ամբողջությամբ հասանելի է FIP-ի թիմին:

FIP-ի խմբագրի պարտականությունն է ամեն օր թիմի հետ ունենալ խմբագրական ժողով և մշտադիտարկման տվյալների շտեմարանից և/կամ իրենց առանձնացրած պնդումներից ընտրել նյութեր, որոնք կարող են կեղծ կամ շահարկող լինել: Լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքներից և լսարանի կողմից ուղարկված նյութերից նմանատիպ տեղեկատվություն ընտրելիս «Փաստերի ստուգման հարթակի» խմբագրակազմը օգտագործում է հետևյալ չափանիշները.

Որքանո՞վ է ստուգելի տեղեկատվությունը կամ պնդումը: Արդյո՞ք այն փաստ է, կարծիք, կանխատեսում, թե՞ վարկած:

Արդյո՞ք այն ենթադրում է փաստերի մանիպուլյացիա: Արդյո՞ք այն նման է կես ճշմարտության, թե՞ մոլորեցնող կամ թերի փաստեր է ներկայացնում (cherry picking)

Որքանո՞վ է էական արված սխալը:

Ի՞նչ աստիճան տարածում է գտել տվյալ սխալը։

Որքանո՞վ է հուսալի աղբյուրը։

Նախկինում նման ապատեղեկատվություն տարածվե՞լ է, և արդյո՞ք տեղեկատվությունը կարող է լինել համակարգված և նպատակային արշավների մաս:

Արդյո՞ք տվյալ պատմությունը լուսաբանման արժանի նյութ է։

Փաստերի ստուգում և հաստատում

FIP-ը ստուգում է փաստերը բաց աղբյուրների միջոցով, երբեմն էլ կապվում է ՀՀ կառավարության և (կամ) պետական մարմինների հետ` տեղեկատվություն ստանալու հարցմամբ:

Առաջին քայլը պարզելն է, թե արդյո՞ք նորության լուսաբանումը միակողմանի է, և ճշտել, թե որ աղբյուրն է պակասում դրանում: Այնուհետև որոնվում է հուսալի անկախ աղբյուր՝ տեղեկատվությունը ստուգելու համար: Որոնում է իրականացվում՝ պարզելու, թե արդյո՞ք նմանատիպ տեղեկատվություն տպագրվել է որևէ այլ հեղինակավոր լրատվամիջոցում:

Տեղեկատվությունը ստուգելիս «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է հարթակի կողմից սահմանված մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության ուղեցույցներին.

Կեղծ նորություններ

Ֆոտո շահարկում

Տեսանյութերի շահարկում

Անձի նույնականացում

Վեբ-էջերի ստուգում/նույնականացում

Աշխարհագրական դիրքի տեղորոշում

Պատմության կեղծում

Տնտեսության վերաբերյալ տվյալների շահարկում

Մեծ տվյալների վերլուծություն և պետական հաստատությունների էլեկտրոնային տվյալներ

Գնահատում և հրապարակում (փաստաչափ գնահատման համակարգ)

Փաստերի ստուգման արդյունքների հիման վրա FIP-ի փաստահավաք մասնագետները գնահատում են սխալների տեսակները՝ «Փաստերի ստուգման հարթակի» վարկանիշային համակարգի շրջանակներում, որը բավականին ստանդարտ է և ունի տեղեկատվության հետևյալ դասակարգումը՝ լիովին ճշմարիտ, մասամբ ճշմարիտ, առանց վճռի, մասամբ սխալ կամ ամբողջությամբ սխալ, կեղծ, մանիպուլյատիվ:

Որոշ դեպքերում փաստերի ստուգողները գնահատում են վիճահարույց նյութում օգտագործվող քարոզչական մեթոդները:

Յուրաքանչյուր հոդված պատրաստելիս FIP-ը ձգտում է տրամադրել բոլոր աղբյուրներն ու գործիքները, որոնց միջոցով ստուգել է հայտարարություններն ու փաստերը, որպեսզի մեր ընթերցողը, անցնելով բոլոր հղումներով և աղբյուրներով, կարողանա անցնել նույն ուղին, ինչ մեր մասնագետները, և ստուգել մեր կողմից նշված հոդվածի և տվյալների իսկությունը։

Հետագա գործողություններ և աղբյուրի վերաբերյալ տեղեկությունների փնտրտուք

Երբ աղբյուրը պարբերաբար տարածում է կեղծ լուրեր կամ ստեղծվում է մի լրատվամիջոց, որի իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկություն չի տրվում, փաստերի ստուգողը աղբյուրի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ է որոնում:

Լրատվամիջոցի դեպքում նման լրացուցիչ տվյալները ներառում են սեփականատերերի և ֆինանսավորման մասին տեղեկություններ, որոնք հասանելի են բաց աղբյուրներում և ստուգվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրանցամատյանի հիման վրա:

Հոդված պատրաստելիս լրագրողները հետևում են փաստերի ստուգման մասին գրելու ոճի ուղեցույցին: Հոդվածը տպագրվում է միայն խմբագրի և սրբագրողի կողմից կրկնակի ստուգում անցնելուց հետո:

Մեր կոնտակտային տվյալները

 Հարց կարելի է ուղղել այստեղ։