22:45
Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ
Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տարածվում է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ժամկետային զինծառայողները քվեարկում։ Զինծառայողների քվեարկության տեսանյութը 10/51 ընտրատեղամասից է։
Ընդդիմության առանձին ներկայացուցիչներ հայտարարել են, թե քվեարկությունն ավարտվել է, սակայն ընտրատեղամասում «զինծառայողների կուտակումներ են»։
«Քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են։ Նրանց բերել են քվեարկելու․․․», — իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանը:
Նույն կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Գոհար Մելոյանը նույնպես իր էջում տեղադրված տեսանյութում նշում է, թե «ժամը 08։10 է, ու հիմա տեսնում ենք մեր տեղամասերը» ու ցուցադրում զինվորականների քվեարկության տեսանյութը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեման և պարզել, որ զինծառայողները գտնվել են քվեասենյակում դեռևս դրա փակվելուց առաջ, և նրանց գտնվելը ժամը 20։00-ից հետո իրավաչափ է։

Նկատենք, որ նույն ընդդիմադիր դաշտից կային գրառում-հիշեցումներ, այն մասին, որ եթե 20:00-ի դրությամբ քաղաքացին տեղամասում է, ապա ոչ ոք իրավունք չունի նրան դուրս հրավիրել և չթողնել քվեարկել։ Այս ամենը նախատեսված է ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Եթե ընտրողը գտնվել է քվեասենյակում ժամը 20։00-ից առաջ և չի քվեարկել, ապա տեղամասի փակվելուց հետո նա իրավունք ունի կատարել քվեարկություն։
Զինծառայողի ընտրելու իրավունքը սահմանված է օրենքով։ Ժամկետային զինծառայողները նաև քվեարկում են առանձին, զորամասի ընտրողների ցուցակով։
Այսպիսով, մեկնաբանություններն այն մասին, թե զինծառայողների գտնվելը քվեասենյակում ժամը 20։00-ից հետո խնդրահարույց են՝ մանիպուլյատիվ են, իրենց քվեարկելու իրավունքը պաշտպանում է օրենքը։
14:55
Սաթիկ Սեյրանյանի տարածած տեղեկությունը փաստահեն չէ
«Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե Օշականի մշակույթի տանը տեղակայված «17/25 ընտրատեղամաս քաղաքացիները մուտք են գործում քվեաթերթիկներով»։ Տեսանյութում երևում է, որ քաղաքացին քվեաթերթիկը ձեռքին սպասում է՝ երբ ծրար կտրամադրեն իրեն, որ կարողանա թերթիկը դնել դրա մեջ։ Այդ ամենը նկարողը պահանջում է պահել թերթիկը, որ կարողանա նկարել։ Այլ տեղեկություն տեսանյութում չի հաղորդվում։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ այդ ընտրատեղամասում նման դեպք չի արձանագրվել։
«Անկախ դիտորդ» կազմակերպության դիտորդը այդ ընտրատեղամասում նման դեպք չի արձանագրել։ Ընտրատեղամասի նախագահ Աշոտ Ամիրբեկյանը FIP.am-ին պատմել է, որ տեսանյութում երևացող քաղաքացին քվեարկությունից հետո առանց ծրարի դուրս է եկել խցիկից՝ հայտարարելով, թե իրեն ծրար չեն տրամադրել։ Սակայն հանձնաժողովի անդամները նրան նոր ծրար են տվել, որից հետո նա վերադարձել է քվեախցիկ։ Ավելի ուշ, խցիկից ավելորդ քվեաթերթիկները դատարկելու ընթացքում, այնտեղ հայտնաբերվել է նաև նախապես տրված ծրարը, ինչը, նախագահի խոսքով, վկայում է, որ քաղաքացին ծրար ստացել էր, պարզապես այն չէր օգտագործել։
Նա նաև նշել է, որ իրավիճակին ծանոթ են եղել հանձնաժողովի անդամները, վստահված անձինք և ահազանգը փոխանցած անձը, որը ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի ներկայացուցիչն է։
Այսպիսով, «Ժուռնալիստների միության» նախագահը տարածում է տեղեկություն, որը փաստահեն չէ։ Նախ նրա տարածած տեսանյութում միայն մեկ քաղաքացու ձեռքի քվեաթերթիկն է երևում, և նշումը, թե «քաղաքացիները մտնում են ընտրատեղամաս քվեաթերթիկներով» չի հիմնավորվում։
14:26
Համազգեստով անձի կողմից կրկնակի քվեարկության մասին տեղեկությունը չի հաստատվում
Հունիսի 7-ին լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում են խորհրդարանական ընտրություններում գրանցված կրկնակի քվեարկության դեպքերի մասին լուրեր․ մասնավորապես, լրատվամիջոցները գրել են, որ ծառայողական համազգեստով նույն անձը քվեարկել է Վանաձորի երկու 23/12 ու 23/11 տարբեր ընտրատեղամասերում։
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Ժիրայր Գաբրիելյանը հայտնել է, որ 23/12 ընտրատեղամսում հիշյալ անձի մասնակցությամբ կրկնակի քվեարկության կամ կրկնակի քվեարկության փորձի մասին տեղեկությունները չեն հաստատվում։
Միևնույն ժամանակ, թիվ 23/12 ընտատեղամասի հանձնաժողովի նախագահ Ջուլիետա Սարգսյանը FIP.am-ին հայտնել է, որ իր ընտրատեղամասում զինվորական համազգեստով հիշյալ անձի մասնակցությամբ կրկնակի քվեարկություն չի եղել։
Նա նաև հայտնել է, որ մի տարեց կին շփոթմունքի հետևանքով անձնագիրը երկու անգամ է ներկայացրել հանձնաժողովի անդամին՝ նույնականացման սարքի միջով անցկացնելու համար, ինչի հետևանքով հանձնաժողովը գրանցել է դեպքը որպես կրկնակի քվեարկության փորձ։

FIP.am-ին թիվ 23/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Համլետ Սահակյանը ևս հերքեց, որ այդ ընտրատեղամասում հիշյալ անձի և այլ քաղաքացիների մասնակցությամբ կրկնակի քվեարկություն է եղել։
Փաստացի, թե՛ երկու ընտրատեղամասերի, և թե՛ դիտորդական առաքելության ներկայացուցիչները չեն հաստատում կրկնակի քվեարկության կամ քվեարկության փորձի դեպքերը նշված ընտրատեղամասերում։
12:30
ԶԼՄ-ները տարածում են տեսանյութ, որում ընտրատեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը պնդում է՝ «իմ տան վրա թուրք են բերել, գրանցել»
FIP.am-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնեց, որ Նանոր Յարությունի Քրտանօղլուն, որը գրանցված է նույն հասցեում հիշյալ քաղաքացու հետ, ազգությամբ հայ է և ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Միևնույն ժամանակ, Դավթյանը հայտնեց, որ ընտրատեղամասում բողոքող քաղաքացին իր գրանցման հասցեի տան սեփականության վկայական չունի, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ։
Փաստացի, մամուլում տարածվող քաղաքացու պնդումը կեղծ է։
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր





