Անցյալ շաբաթ ականատես եղանք, թե ինչպես կարող է ապատեղեկատվությունը արագ տարածվել անգամ ամենահեղինակավոր մեդիաներում։ Այսպես, Ատլանտյան խորհուրդը բացահայտել է ՆԱՏՕ-ի զորքերը Եվրոպայում ուժեղացնելու հետ կապված տեղեկության աղավաղումը։ Ըստ հետազոտության, կեղծ տեղեկությունը սկսել է տարածվել Դոնեցկում տեղակայված փոքր կայքից, որը պնդել է, թե ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, որի համար Եվրոպայում կտեղակայի 3600 տանկ։
Այս ապատեղեկատվությունը սկզբում տարածվել է պրոկրեմլյան հայտնի լրատվամիջոցներով, ինչը այնքան անհանգստացնող չէ, ինչքան այն հանգամանքը, որ այս ապատեղեկատվությունը տարածվել է Ինդիփենդանդում և Շվեդական ռադիոյով (ավելի ուշ սակայն ռադիոն ուղղել է իր սխալը)։
Տեսնենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչ քանակի տանկերի մասին է իրականում խոսքը գնում։
Այսպես, ԱՄՆ-ը զորքերը, որպես ՆԱՏՕ-ի ուժեղացման մաս իսկապես ժամանել են Եվրոպա, բայց փաստացի բերվել է ոչ թե 3600 այլ ընդամենը 87 տանկ։ Ինչպես տեսնում եք, կարելի է փաստել, որ 87-ը շատ հեռու է լայն տարածում գտած 3600 կամ 2800 կամ այլ մի քանի հազար թվերից։
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ տանկերի ամբողջական թիվը կազմում է 8,848, ինչը նշանակում է, որ եթե ապատեղեկատուների թվերը ճիշտ լինեին, ապա կնշանակեր, որ ամերիկական իր տանկերի 40%-ը պետք էր տեղափոխել Եվրոպա։
Հետազոտողների կողմից պատրաստվել է նաև ապատեղակատվության քարտեզագրումը, որտեղ հստակ երևում է, որտեղից է պատմությունը սկսվել և ուր է տարածվել։
Տանկերի մասին ապատեղեկատվությունը տարածվել է տարբեր լեզուներով, այդ թվում և Հայաստանում վերլուծությունների թեմա է դարձել։