Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ հիմնադրամն այսուհետ ունենալու է վարչական ծախսեր, ապա հայտարարել, որ «ուսապարկերը» գտել են, թե ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներից 600 միլիոն դրամ գողանան»։
«Վարչական ծախսերից, որ «կոնյակ» կգնեք կամ ձեզ «պարգևավճար» կտաք, հիշե՛ք, որ դա զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք գումարից է»,- գրել է Մանուկյանը, որն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի օգնականն էր։
Գրառումը արտատպել են Yerkir.am-ը, Tert.am-ը, Panorama.am-ն ու Yerevan Today-ը։
Թեև Մանուկյանը հայտարարում է, որ հիմնադրամը վարչական ծախսեր ընդհանրապես չի կատարել, հիմնադրամի ստեղծման մասին օրենքի 21-րդ հոդվածում հստակ ֆիքսված է, որ հիմնադրամի ծախսերի մեջ ներառված են նաև վարչական ծախսերը, այսինքն՝ հիմնադրամն իրավունք ունի կատարել վարչական ծախսեր, սակայն օրենքի մեկ այլ կետով՝ հիմնադրամի աշխատակիցները հասարակական հիմունքով են աշխատել, իսկ, օրինակ, հիմնադրամի գրասենյակը տեղակայված է Կենտրոնական բանկում։
Հիմնադրամի վարչական ծախսերը, ըստ օրենքի, պետք է կազմեն նախորդ տարվա ընդհանուր ակտիվների 0.5 տոկոսը, սակայն խորհրդարանը որոշել է վարչական ծախսերի 0.5 տոկոսը դարձնել 2 տոկոս, ինչին արձագանքելով՝ Մանուկյանը գրել է. «Այս տարի դա կկազմի շուրջ 600 մլն դրամ, հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ: Հիմնադրամը ֆինանսական լուրջ խնդիրները ունի, իսկ այս «ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ […]»։
Նշենք, որ հիմնադրամի աշխատակազմը համալրված է ԿԲ աշխատակիցներով, որոնք այդ աշխատանքը կատարում են հասարակական հիմունքներով, այսինքն՝ աշխատավարձ չեն ստանում։ Սա սահմանված է նույն օրենքի 31-րդ հոդվածով։
Պարզաբանում է Վարուժան Ավետիքյանը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ասաց, որ վարչական ծախսեր միշտ էլ նախատեսված են եղել, իսկ ծախսերին ուղղված դրույքի բարձրացումը գործելու է 2022 թվականից։ 2017-ին, երբ ստեղծվում էր հիմնադրամը, որոշվել էր, որ մինչ 2022 թվականը հիմնադրամի վարչական ծախսերը կկատարի Կենտրոնական բանկը․ այդպիսով ԿԲ աշխատակիցները հասարակական հիմունքներով աշխատում էին նաև հիմնադրամում, հիմնադրամի գրասենյակը տեղակայված էր ԿԲ շենքում և այլն։ 2022-ից հիմնադրամն ինքն է հոգալու իր վարչական ծախսերը։
«Դեռ 2017 թվականին նախատեսվել էր, որ ոչ թե ԿԲ-ն պիտի սպասարկի հիմնադրամը, այլ այն պիտի դառնա ինքնասպասարկվող։ Դա ուժի մեջ է մտնելու 2022 թվականից։ Օրենքում հստակ նշված է, թե դրանք ինչ վարչական ծախսեր են՝ աշխատավարձ, տարածք, համակարգիչներ։ Այժմ դա ԿԲ-ն է անում, բայց 2022 թվականից կփոփոխվի»,- բացատրեց Ավետիքյանը։
Հասույթի 0.5 տոկոսը 2 տոկոս դարձնելու նպատակը նա բացատրում է այն հանգամանքով, որ հիմնադրամի տեղեկատվական անվտանգության հետ կապված ծախսեր են արվելու։ Դրանք նախկինում անում էր Կենտրոնական բանկը, սակայն 2022-ից ՏՏ ոլորտի ընկերության է այդ գործառույթը պատվիրակվելու. «2017-ից մինչ 2022 թվականը մեր որոշմամբ ԿԲ-ն պիտի սպասարկեր հիմնադրամը։ Սահմանափակ աշխատակիցներով, կամավոր հազարավոր դեպքեր ենք հատուցում»,- նշեց հիմնադրամի տնօրենը։
Ներկայում զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ունի 13 աշխատակից։
Մկրտիչ Կարապետյան