Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վերջին ժամանակներում ակտիվորեն հարցազրույցներ և ելույթներ է ունենում մարզային նախընտրական հանդիպումների ժամանակ։ Դրանց շրջանակում Քոչարյանը հանդես է եկել մի շարք խնդրահարույց հայտարարություններով։
Այսպես, մայիսի 29-ին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում երկրորդ նախագահը, խոսելով արտագաղթի մասին, հայտարարել է, որ միայն իր նախագահության 3 տարիների ընթացքում է Հայաստանում գրանցվել միգրացիոն դրական ցուցանիշ։
«Հասկանում եք․․. էս 3 տարին՝ 2005, 2006, 2007, միակ տարիներն էին՝ Հայաստանի անկախությունը ձեռք բերելուց հետո, երբ մենք ունեցել ենք դրական միգրացիոն սալդո։ Ավելի շատ մարդիկ գալիս էին հետ Հայաստան, քան գնում էին Հայաստանից։ Հիմա պետք է այդ ամենը դուբլ անենք, պետք է կրկնենք։»,- հայտարարել է Քոչարյանը։
Քոչարյանն առաջին անգամ չէ, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ հնչեցված միտքը, թե միայն Քոչարյանի նախագահության oրոք է հաջողվել միգրացիոն դրական սալդո ապահովել, սխալ է, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք տարիներին էլ ժամանողները մշտապես գերազանցել են մեկնողներին, և արձանագրվել է միգրացիայի դրական ցուցանիշ։
Գնաճը և աշխատավարձերը հետհեղափոխական Հայաստանում
Մայիսի 31-ին Քոչարյանն Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գնաճի թեմային, միտք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո աշխատավարձերի բարձրացումը իրականում ինդեքսացիա է և նույնիսկ չի փակում գնաճը՝ կազմելով դրա կեսի կեսը։
«Եթե քո աշխատավարձի աճը չի փակում նույնիսկ ինֆլյացիան, դա ուղղակի ասում են ինդեքսացիա։ Եվ եթե սղաճը երկրում մեծ է, կառավարությունը պարտավոր է ամեն տարի այդ ինդեքսացիան անել։ [․․․] Այն, ինչ հիմա ավելացրել են քիչ-քիչ, դա նույնիսկ ինֆլյացիայի կեսի կեսը չի փակում այս վերջին 3-4 տարվա ընթացքում»,— նշել էր նախկին նախագահը։
Այնուամենայնիվ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018-2020 թվականներին միջին աշխատավարձի տոկոսային աճը մշտապես շատ ավելի բարձր է եղել, քան սպառողական գների ինդեքսի աճը և միայն 2021 թվականի առաջին եռամսյակում է եղել ավելի ցածր։ Հատկապես այս երկու ցուցանիշների տարբերությունը զգացվել է 2019 թվականին, երբ գնաճը կազմել է 1․4 տոկոս, իսկ միջին աշխատավարձի աճը՝ 5.8 տոկոս:
Աղետի գոտին չվերացավ, Արցախն էլ չինքնորոշվեց․ ինչ էր խոստացել Քոչարյանը
Արարատի մարզում կայացած հանդիպման ընթացքում Քոչարյանը հայտարարեց նաև, որ իր երբևէ տված բոլոր խոստումները կատարել է։
«Վստահ եղեք՝ էն մարդիկ չենք, որ սենց գանք ինչ-որ բաներ ասենք և չանենք։ Ես չկատարած խոստում չունեմ ընդհանրապես և սուտ ասելուց շա՜տ-շա՜տ հեռու եմ»,- հայտարարեց Քոչարյանը։
Ի դեպ, իր տված խոստումները ամբողջությամբ կատարելու մասին Քոչարյանը հայտարարել էր նաև 2008 թվականի ապրիլի 8-ին՝ իր վերջին ուղերձում։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Քոչարյանի կողմից 2003 թվականի նախընտրական շրջանում տրված խոստումները և պարզել, որ, այնուամենայնիվ, դրանցից ոչ բոլորն են իրականացել։
Մասնավորապես, 2003 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր յուրաքանչյուր տարի երկրում ստեղծել 30-40 հազար աշխատատեղ, բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակը 60 սմ-ով, աղետի գոտին վերածել զարգացման գոտու և հասնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման միջազգային ճանաչմանը։
Ինչ վերաբերում է Սևանի մակարդակը 60 սմ-ով բարձրացնելուն, Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ կեսում Սևանա լճի ջրի մակարդակն իսկապես շարունակեց բարձրանալ և 2003-2008 թվականներին 1897.24 մետրից հասավ 1898․79 մետրի։ Այսինքն, փաստացի, Սևանի մակարդակը բարձրացել է ավելի քան 1․5 մետրով։
Քոչարյանի մեկ այլ խոստում վերաբերում էր աշխատատեղերի ստեղծմանը։ Վերջինս խոստանում էր ամեն տարի երկրում ստեղծել 30-40 հազար աշխատատեղ։ Վիճակագրական կոմիտեն այդ տարիների համար գրանցված աշխատողների վերաբերյալ վիճակագրություն չի վարել, և հայտնի չէ, թե որքանով է Քոչարյանին հաջողվել իրագործել իր նախընտրական խոստումը։
Հաջորդ խոստումը վերաբերում էր աղետի գոտուն։
Քոչարյանն իր երկրորդ ժամկետից առաջ, որպես նախընտրական խոստում, հայտարարել էր, որ երկրաշարժի հետևանքներն ամբողջովին վերացնելու է։ «Աղետի գոտին վերածվելու է զարգացման գոտու»,- ասել էր նա։
Երկրորդ նախագահի այս խոստումը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց, և վերջինիս պաշտոնավարումից հետո հաջորդ կառավարությունները շարունակեցին աղետի գոտու վերացմանն ուղղված քայլերը։
Նշենք միայն, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2008 թվականին աղետի գոտու մոտ 7000 ընտանիքներ դեռևս ունեին բնակարանով ապահովվելու խնդիր։ Եվ չնայած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 5 տարիներին այս ընտանիքներից մոտ 5400-ի համար սկսվեց բնակարանների և տների կառուցման պետական ծրագիր, սակայն աղետի գոտին դեռևս շարունակում է գոյություն ունենալ։
Քոչարյանի նախընտրական խոստումներից էր նաև դպրոցների խնդրի լուծումը։ Երկրորդ նախագահը խոստացել էր «լուծել հանրապետության բոլոր դպրոցների գույքային խնդիրներն ու շենքային պայմանները»։
Քոչարյանի այս խոստումը չիրականացվեց ոչ միայն նրա, այլ նաև նրան հաջորդած բոլոր ղեկավարների օրոք։ Հայաստանում մինչ օրս կան դպրոցներ, որոնք ունեն ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես էլ գույքային խնդիրների լուծման կարիք։
Քոչարյանի տված խոստումներից, թերևս, կարելի է առանձնացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին արված խոստումը։ Վերջինս նախընտրական շրջանում խոստացել էր «հասնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման միջազգային ճանաչման»։
Իրականում, սակայն, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը կարգավորել չհաջողվեց ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև նրան հաջորդած Սերժ Սարգսյանին։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արցախի ճակատագիրն է՛լ ավելի մշուշոտ է դարձել։
Այսպիսով, փաստենք, որ Քոչարյանի պնդումը, թե իրեն հաջողվել է իրականացնել իր բոլոր խոստումները, չի համապատասխանում իրականությանը։
Սևադա Ղազարյան
Հայկ Հովհաննիսյան