Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կապան քաղաքում հունիսի 15-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արտադրության նախկին նախարար Հակոբ Արշակյանն իր ելույթում հայտարարեց, որ հեղափոխությունից հետո մի քանի անգամ ավելացել են կառուցվող ճանապարհները, առողջապահությանը հատկացվող գումարները և այլ։ Արշակյանն իրենց իշխանության 2․5-3 տարին համեմատեց դրան նախորդող 10 տարվա հետ։
«Մենք պետք է արձանագրենք, որ 18 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում կառուցվել են շուրջ 3․5 անգամ ավելի շատ ճանապարհներ, քան դրան նախորդող 10 տարիների ընթացքում։ Ընդամենը 2․5-3 տարիների ընթացքում։ Առողջապահության ոլորտում շուրջ 80 տոկոսով ավելացվել է ֆինանսավորումը»,- հայտարարեց Արշակյանը։
Սակայն «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Արշակյանի նշած տվյալները իրականությանը չեն համապատասխանում և մանիպուլյատիվ են։
Ճանապարհների մասին
2009-2018
Որպես նախաբան՝ նշենք, որ պաշտոնյաների ու այլ քաղաքական գործիչների կողմից կառուցված ճանապարհների մասին շատ հաճախ արվող հայտարարություններն իրականում ոչ թե ճանապարհների կառուցման մասին են, այլ, հիմնականում, արդեն իսկ կառուցված ճանապարհների վերանորոգման, վերակառուցման և ճանապարհային ցանցի բարելավման։
Այժմ տեսնենք, թե քանի կիլոմետր ճանապարհ է վերանորոգվել, հիմնանորոգվել կամ կառուցվել 2009 թվականից ի վեր։
Այսպես, ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրված տվյալների՝ 2009 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանում կառուցվել, վերանորոգվել և հիմնանորոգվել է 1919․5 կմ ճանապարհ, որի համար ծախսվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 271․7 մլրդ դրամ։ Այստեղից պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված ճանապարհների երկարությունը կազմում է 696․7 կմ։
Ընդ որում, նախարարությունը չի տիրապետում մինչև 2016 թվականը պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհների միջին նորոգման (ասֆալտի ֆրեզում, հարթեցում և որոշակի հաստության միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում) աշխատանքների քանակին։ Նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ 2017 և 2018 թվականներին Հայաստանում կատարվել են մոտ 50 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ։
Ճանապարհների վերանորոգման աշխատանքները մեծամասամբ իրականացվել են միջազգային կամ տեղական դրամաշնորհների շրջանակում և միջոցներով (Համաշխարհային բանկ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, Ասիական զարգացման բանկ, Եվրոպական ներդրումային բանկ և այլն):
2018-2021
Հեղափոխությունից հետո Հայաստանում կառուցվել, հիմնանորոգվել, վերանորոգվել և բարեկարգվել է 1283․2 կմ ճանապարհ։
Պետական բյուջեի հաշվին հիմնանորոգված ճանապարհների երկարությունը 713․7 կմ է, իսկ 323․9 կմ ճանապարհ ենթարկվել է միջին նորոգման աշխատանքների։
Ստացվում է, որ մինչ հեղափոխությունը պետական բյուջեի հաշվին հիմնանորոգվել է 696․7 կմ ճանապարհ, իսկ հեղափոխությունից հետո՝ 713․7 կմ։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում հիմնանորոգված ճանապարհների երկարությունը գերազանցում է նախորդող 10 տարիների ցուցանիշն ընդամենը 2․4 տոկոսով կամ՝ 17 կմ-ով։
Իրականում 3 տարին նախորդ 10 տարիների հետ համեմատելը ճիշտ չէ և համադրելիության առումով բավական տարօրինակ է, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ նման համեմատության հեղինակները հենց իշխանությունների ներկայացուցիչներն են, ստացվում է, որ կատարված աշխատանքները էականորեն ուռճացնելով՝ փորձ է արվում մանիպուլացնել հանրությանը։
Կրկին նշենք, որ խոսքը ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների մասին է, և սրա մեջ ներառված չեն միջին նորոգման աշխատանքները։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Հայաստանում կառուցված, հիմնանորոգված և բարեկարգված ճանապարհներին, ապա հեղափոխությունից առաջ այդ ցուցանիշը կազմում էր 1969․7 կմ, հեղափոխությունից մինչ օրս՝ 1283․2 կմ։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանում կառուցված և հիմնանորոգված ճանապարհների ընդհանուր երկարությամբ նոր իշխանությունները ոչ միայն 3․5 անգամ շատ աշխատանքներ չեն կատարել, այլ նաև զիջում են մոտ 35 տոկոսով կամ 686․5 կմ-ով։
Առողջապահության մասին
Արշակյանի խոսքով՝ Հայաստանում առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 80 տոկոսով։
Այսպես, 2018 թվականի պետական բյուջեով, որը հաստատվել էր դեռ նախահեղափոխական իշխանությունների կողմից, առողջապահության ոլորտին հատկացված միջոցները կազմել էին 84 մլրդ դրամ, որից փաստացի ծախսվել էր 79․5 մլրդ դրամը։
Հաջորդ՝ 2019 թվականին, հեղափոխական իշխանությունները պետբյուջեով 89․6 մլրդ դրամ էին ուղղել այս ոլորտին, իսկ տարվա ընթացքում այն ավելացվել էր ևս 12․4 մլրդ դրամով։ Արդյունքում՝ 2019 թվականի համար պետական բյուջեից առողջապահությանը հատկացվել էր 102 մլրդ դրամ։
Արդեն 2020 թվականի բյուջեով այս ոլորտին հատկացված միջոցները կազմել էին 109․3 մլրդ դրամ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցում էր 30 տոկոսով։ Սակայն, ինչպես գիտենք, նախորդ տարի կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայի պատճառով առողջապահության ոլորտի ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն առաջացավ, ինչի հետևանքով նախորդ տարվա բյուջեի ճշտված պլանով այս ոլորտին հատկացվեց 144․4 մլրդ դրամ։ Ըստ Ֆինանսների նախարարության հաշվետվության՝ նախորդ տարի առողջապահության ոլորտի վրա կատարված փաստացի ծախսը կազմել են 141․,8 մլրդ դրամ։
Ահա այս ցուցանիշն է համեմատել Հակոբ Արշակյանն իր ելույթում, ինչն արդեն իսկ մանիպուլյատիվ է, քանի որ, ինչպես նշեցինք, առողջապահության ոլորտին հատկացված գումարներն աճել էին ոչ թե տարեկան պլանով, այլ կորոնավիրուսով պայմանավորված։ Այսինքն՝ առողջապահության բյուջեի ավելացումն իրավիճակային որոշում էր։
Համեմատության համար նշենք, որ այս տարվա համար պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարը կազմում է 114․4 մլրդ դրամ, իսկ տարեկան ճշտված պլանով՝ 117 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ առողջապահության ոլորտի ծախսերն ավելացել են ոչ թե 80 տոկոսով, ինչպես հայտարարում է Արշակյանը, այլ 47 տոկոսով։
Այսպիսով, Կապանում պատգամավորության թեկնածու Հակոբ Արշակյանի կողմից հայտարարված՝ ճանապարհների կառուցման և առողջապահության ոլորտի ֆինանսավորման աննախադեպ աճի մասին պնդումները մանիպուլյատիվ են։
Սևադա Ղազարյան