Հայաստանում մարտի 15-ին ուժի մեջ մտան ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման մասին օրենքի նոր սահմանափակումները:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ է նախատեսվում օրենքով և ինչպիսին է միջազգային փորձը՝ կապված օրենքում առկա դրույթների հետ:
Ինչ է նախատեսում հայաստանյան օրենքը
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի փետրվարին: Դրա նպատակը «ներկա և ապագա սերունդներին պաշտպանելն է առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից»:
Օրենքի որոշ դրույթներ արդեն ուժի մեջ էին մտել, իսկ մարտի 15-ին ուժ մեջ մտան 6-րդ հոդվածի /ը/ ենթակետով նախատեսված սահմանափակումները։ Մասնավորապես, հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը:
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150,000-200,000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50,000 ՀՀ դրամ:
Ծխելու վնասները
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխախոտը սպանում է այն օգտագործողների կեսին: Ամեն տարի ծխախոտի օգտագործման հետևանքով աշխարհում մահանում է 8 միլիոն մարդ: Այդ մահերի 7 միլիոնից ավելին ծխախոտի ուղիղ օգտագործման հետևանքով է, մինչդեռ 1.2 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցության: Հատկանշական է, որ աշխարհի 1.3 միլիարդ ծխողների 80%-ն ապրում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում:
Ծխախոտի բոլոր տեսակները վնասակար են, և ծխախոտի ազդեցության անվտանգ չափ չկա:
Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են թոքերի և այլ օրգանների քաղցկեղը, ինչպես նաև ծխելը կարող է հանգեցնել սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի և այլն:
Թոքերի քաղցկեղի 10 դեպքից 7-ի պատճառը ծխելն է:
Ըստ ԱՀԿ-ի՝ ծխելու սահմանափակումները օգնում են մարդկանց թողնել այդ սովորությունը, որովհետև դեպքերի մեծ մասում մարդիկ օգնության կարիք ունեն կախվածությունից ազատվելու համար:
Միջազգային փորձը
Փակ տարածքներում ծխելու արգելքը Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում սկսել է գործել 2007 թ.-ին, իսկ Շոտլանդիայում՝ 2006-ին: 2011 թ. կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց 2.4 տոկոսով (12,000 դեպք) կրճատվել է սրտի կաթվածի հետևանքով հիվանդանոցում հայտնվածների թիվը: Հոսպիտալացվածների թվի կրճատման շնորհիվ միայն առաջին տարում Անգլիայի պետական բյուջեից խնայվել է 8.4 մլն ֆունտ ստեռլինգ: Օրենքի ներդրման հաջորդող տարում գրանցվել է նաև մանկական ասթմայի համար հոսպիտալացման 12․3%-ով կրճատում, ինչը երեք տարվա կտրվածքով նշանակում է 6800-ով պակաս հոսպիտալացման դեպքեր։
Ռուսաստանում 2014 թվականի կեսերից ուժի մեջ է մտել հանրային վայրերում ծխելը արգելելու մասին օրենքը, որով արգելվում էր ծխելը սրճարաններում, բարերում և այլ տեսակի փակ տարածքներում: Մինչև օրենքի ընդունումը երկրում քննարկումներ կային, թե ինչպես դա կազդի հանրային սննդի կենտրոնների գործունեության վրա, և մտավախություններ կային, որ տնտեսական վնասներ կհասցվեն: Սակայն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրճարանների, փաբերի և նմանատիպ այլ հաստատությունների եկամուտները չեն նվազել:
ԱՄՆ-ում նահանգների մեծ մասում հանրային վայրերում ծխելու արգելքը սկսել է գործել 1990-ականներից: Ըստ այդ երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ ծխելու արգելքը տնտեսական հետևանքներ չի ունեցել ռեստորանային բիզնեսի վրա: Նյու Յորքում ծխելու արգելքից հետո ամիսների ընթացքում սրճարանների և բարերի եկամուտները աճել են 8.7 տոկոսով: Բացի այդ, թեև նշվում է, որ օրենքի նպատակը երկրորդայի ծխի ազդեցությունից մարդկանց պաշտպանելն է, սակայն նկատվել է նաև բուն ծխողների թվի անկում:
Վրաստանում ծխելը հանրային վայրերում արգելվել է 2018 թվականին: Առաջին անգամ կանոնները խախտելու համար իրավաբանական անձիք տուգանվում էին 500 լարիով (մոտ 80 հազար դրամ), կրկնակի խախտման դեպքում՝ 1000 լարիով (մոտ 160 հազար դրամ), իսկ ֆիզիկական անձիք՝ 50 լարիով (մոտ 8000 դրամ), կրկնակի խախտման դեպքում՝ 100 լարիով (մոտ 16 հազար դրամ)։
Լուսինե Ոսկանյան