Ֆեյսբուքում ավելի քան 188 հազար հետևորդ ունեցող «Անձի ինքնակատարելագործում» անվանմամբ էջը Տավուշի մարզում գտնվող Գոշ լճի՝ դրոնից արված լուսանկարն է տարածել, որում պատկերված է մարդու սիրտ՝ անոթներով հանդերձ։ Լուսանկարին կից գրված է․ «Սա Գոշ լիճն է` ձմռանը… Նկարն իրական է. ֆոտոշոփ չի… Լճի սառած սիրտը ֆիքսել է դրոնը. Մարդն անկարող է նկատել այն…»։
Գրառման* վերջում նշվում է, որ լուսանկարի հեղինակն անհայտ է:
Նշված հրապարակումը մեծ տարածում ունի՝ ավելի քան 2200 մարդ արձագանքել են, ավելի քան 500-ը՝ կիսվել։ Սակայն նշված լուսանկարում Գոշ լճում երևացող «սիրտը» բնական չէ, իսկ լուսանկարը ենթարկվել է փոփոխման (ֆոտոշոփի)։
Որոնման արդյունքում հնարավոր եղավ հայտնաբերել լուսանկարի սկզբնաղբյուրը։ Առաջին անգամ լուսանկարի փոփոխման ենթարկված տարբերակը հրապարակել է հենց լուսանկարիչը՝ 2020 թվականի հունվարի 26-ին։ Դրանից օրեր անց՝ փետրվարի 3-ին, լուսանկարը հրապարակվել է մեկ այլ ֆեյսբուքյան էջում։ Այս ընթացքում նշված լուսանկարը հրապարակվել է ֆեյսբուքյան տարբեր էջերում, որոնց մի մասը հետագայում ջնջվել է, իսկ այժմ նույն լուսանկարը հրապարակվում է «Անձի ինքնակատարելագործում» ֆեյսբուքյան էջում, որտեղ նշվում է, որ նկարը ֆոտոշոփի չի ենթարկվել։ Ընդ որում, այս էջում հրապարակված նկարը կտրված է, և չի երևում ներքևի հատվածում նշված հեղինակի անունը։ Իսկ լուսանկարի չփոփոխված տարբերակն առաջին անգամ հրապարակվել է հենց հեղինակի կողմից՝ իր ինստագրամյան էջում 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։
View this post on Instagram
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց լուսանկարի հեղինակի՝ լուսանկարիչ Սուրեն Սարգսյանի հետ։ Մեր զրույցում վերջինս հաստատեց, որ լուսանկարն իրենն է, և տարածվող պատկերը, որտեղ լճում երևում է մարդկային սիրտ, հենց ինքն է փոփոխման ենթարկել։
Այսպիսով փաստենք, որ «Անձի ինքնակատարելագործում» էջում տարածված գրառումը կեղծ է, լուսանկարը ֆոտոշոփով միջամտության ենթարկվել է, իսկ լուսանկարի հեղինակը հայտնի է:
*Այս հոդվածի հրապարակումից հետո էջի ադմինը կապվել է FIP.am-ի խմբագրության հետ և տեղեկացրել, որ ապատեղեկատվություն պարունակող գրառումը հեռացված է:
Նարեկ Մարտիրոսյան