Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը արձագանքել է «Փաստերի ստուգման հարթակի» հոդվածին՝ պնդելով, թե ՄԻՊ-ին անցած տարի գրավոր դիմում չի հղել և չի զանգել: Մելիքյանը առաջարկել է հրապարակել ձայնագրություններ, եթե այդպիսիք կան: Մենք կրկին դիմել ենք ՄԻՊ գրասենյակ՝ փոխանցելով Մելիքյանի առաջարկը: |
«Փաստերի ստուգման հարթակը» հունվարի 26-ին հրապարակել էր հոդված «Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից» վերնագրով:
Հոդվածում ստուգել էինք Արցախի նախկին ՄԻՊ, ներկայումս իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող Մելիքյանի՝ հունվարի 23-ի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա պնդում էր, որ հրաժարական ներկայացրած Քրիստինե Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ՄԻՊ-ի գրասենյակ որևէ դիմում չի հասցեագրել:
ՄԻՊ-ից, ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման, մեզ հայտնել էին, որ Ռուբեն Մելիքյանը 2022 թ. ապրիլի 22-ին զանգել է ՄԻՊ աշխատակազմում շուրջօրյա գործող «Թեժ գիծ» ծառայությանը և տեղեկացրել, որ մի շարք քաղաքացիներ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, և խնդրել է կատարել արագ արձագանքման այց: ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության այդ բաժին, որտեղ գտնվել է նաև ինքը՝ Մելիքյանը, և բերման ենթարկված քաղաքացիներին ցուցաբերել են իրավաբանական աջակցություն:
ՄԻՊ գրասենյակից Մելիքյանի հետ առնչությունների այլ օրինակներ էլ էին ներկայացվել, ինչի հիման վրա FIP.am-ը եզրակացրել էր, որ Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե նա հրաժարական ներկայացրած Քրիստինե Գրիգորյանի պաշտոնավարման մեկ տարում ՄԻՊ-ին որևէ դիմում չի հասցեագրել, չի համապատասխանում իրականությանը:
Հոդվածի հրապարակումից հետո Ռուբեն Մելիքյանը արձագանքել էր դրան Ֆեյսբուքում՝ հերքելով դրա բովանդակությունը. «Ես պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ քպ-ի նշանակած ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին որևէ դիմում չեմ հասցեագրել։ Հիմա նաև ավելացնում եմ, որ նրա պաշտոնավարման օրոք երբեք չեմ զանգահարել ՄԻՊ հաստատության «թեժ գծին»՝ իրավական աջակցության խնդրանքով։
Եթե դիմել կամ զանգահարել եմ, ապա արտոնում եմ հրապարակել դիմումս կամ հեռախոսազանգի ձայնագրությունը։ Եթե ՖԻՊ-ը դրանք չհրապարակի, ապա հերթական անգամ կարձանագրվի, որ այդ կառույցը քաղաքական պատճառներով չարաշահում է «փաստերի ստուգման» իր հանրային հանձնառությունը»։
Արձագանքելով Մելիքյանի այս գրառմանը՝ մենք կրկին դիմեցինք ՄԻՊ աշխատակազմին՝ փորձելով ստանալ մեր նախորդ հարցման պատասխանի ապացույցները, մասնավորապես՝ խնդրեցինք տրամադրել Ռուբեն Մելիքյանի՝ ՄԻՊ «թեժ գծին» կատարած զանգի ձայնագրությունը: ՄԻՊ աշխատակազմը, սակայն, հրաժարվեց տալ ձայնագրությունը՝ նշելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն:
«Ինչպես նշված էր նախորդ գրությամբ՝ Ռ. Մելիքյանի կողմից Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին գրավոր դիմում-բողոք չի ներկայացվել, ներկայացված տեղեկատվությունը վերաբերել է Ռ. Մելիքյանի կողմից արված հրապարակային հայտարարություններին ՄԻՊ աշխատակազմի արձագանքմանը, նրա վստահորդների իրավունքների պաշտպանության կապակցությամբ ձեռնարկված միջոցներին և Ռ. Մելիքյանի կողմից աշխատակազմի աջակցությունից օգտվելուն: Ինչ վերաբերում է Ռ. Մելիքյանի կողմից կատարված զանգերի ձայնագրությունը տրամադրելուն, ապա տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության արված հեռախոսազանգերի ձայնագրությունները հրապարակման ենթակա չեն»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի պատասխան գրության մեջ:
Փոխարենը, ՄԻՊ-ի աշխատակազմից ուղարկել են Ռուբեն Մելիքյանի եւ Պաշտպանի գրասենյակի՝ անցած տարվա ընթացքում եղած առնչությունների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան Ձեր սույն թվականի հարցմանը հայտնում եմ.
2022 թվականի ապրիլ և մայիս ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Երևան քաղաքում բողոքի ակցիաների և իրավապահ մարմինների գործողությունների ամբողջական դիտարկում։ Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգների հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են արագ արձագանքման այցեր:
Այցերից մի քանիսի ժամանակ Ոստիկանության բաժիններում է գտնվել փաստաբան Ռ. Մելիքյանը, ով ներկայացրել է վարչական ձերբակալման ենթարկված անձանց շահերը: Մասնավորապես, 2022 թվականի ապրիլի 27-ին «Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Նշված բաժնում Ռ. Մելիքյանը Պաշտպանի ներկայացուցիչներին է ներկայացրել իր վստահորդի սեփականությունը հանդիսացող` տրանսպորտային միջոցը Ոստիկանության ծառայողների կողմից վնասած լինելու վերաբերյալ հարց։ 2022 թվականի ապրիլի 29-ին Պաշտպանի Ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաբան Ռ. Մելիքյանը բարձրացրել է ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառմամբ անձին վարչական ձերբակալման ենթարկելու հարց:
Այցերի ընթացքում Ռ. Մելիքյանը խնդրել է վերը նշված հանգամանքներն արձանագրել և Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Իրականացված այցերի արդյունքում արձանագրված խնդիրների, այդ թվում՝ փաստաբան Մելիքյանի կողմից ներկայացված հանգամանքների հաշվառմամբ համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին:
Նշված դեպքերի կապակցությամբ չի կարող տրամադրվել այլ տեղեկատվություն՝ հաշվի առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի պահանջները։
Բացի դրանից, «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ 2022 թվականի մարտի 5-ին հրապարակային դիմել է իրավասու մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով միջամտություն իրենց վստահորդի տեղաշարժման ազատությունը վերականգնելու հարցում։ Նշված հայտարարությունը Ռուբեն Մելիքյանը տարածել է նաև Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում։
Հրապարակման համաձայն, իրենց վստահորդ, գործարար Վ.Բ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137 1 հոդվածի հատկանիշներով իրականացվել է անհիմն քրեական հետապնդում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործարար Վ.Բ.-ն 2022 թվականի մարտի 10-ից 24-ը պետք է մեկներ Միացյալ Թագավորություն, որի կապակցությամբ՝ ներկայացվել էր նշված ժամանակահատվածում նրա ելքը Հայաստանից թույլատրելու կամ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը գրավով փոխարինելու մասին միջնորդություն: Ըստ հրապարակման` քննիչի որոշմամբ վերոգրյալ միջնորդությունը անհիմն մերժվել էր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նշված հարցի քննարկման ընթացքում փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրացուցիչ տեղեկություն է ներկայացրել այն մասին, որ 2022 թվականի մարտի 1-ին քննիչի նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Բացի այդ, խնդրի հրատապությամբ պայմանավորված բարձրացված հարցը քննարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության իրավասու ներկայացուցչի հետ: Արդյունքում՝ 2022 թվականի մարտի 15-ին Վ.Բ.-ի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 500,000 ՀՀ դրամ գրավը:
Դրանից բացի, 2022 թվականի օգոստոսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի, ազգությամբ հայ Մ․Ա․-ն և տեղեկացրել, որ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, Նիդերլանդներ Վարշավա-Երևան օդանավով ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Ըստ պնդման՝ վայրէջքից հետո Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը չեն թույլատրել իր մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ պատճառաբանելով, որ վերջինիս վերաբերյալ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ԱԷԿՏ) համակարգում առկա t սահմանափակում: Քաղաքացու պնդմամբ՝ տևական ժամանակ գտնվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տրանզիտային գոտում:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան իրականացրած այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, Մ.Ա.-ն ներկայացրել է իր իրավունքների և շահերի պաշտպանությունը փաստաբան Ռուբեն Մելիքյանի կողմից ստանձնելու նպատակով նրա հետ տեսակցելու հարց։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Մ․Ա․-ի հետ փաստաբանի, տեսակցելու հարցը քննարկել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչների հետ: Արդյունքում ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն` Մ.Ա-ին տեսակցելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տրանզիտային գոտին փաստաբան՝ Ռուբեն Մելիքյանի մուտքն ապահովելու վերաբերյալ։ Ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ տեղեկացվել է նաև Ռ. Մելիքյանը:
Ավելի ուշ, Պաշտպանի աշխատակազմ է զանգահարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը և տեղեկացրել, որ խնդիրը դեռևս չի լուծվել: Նշված հաշվառմամբ՝ կրկին այց է իրականացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, սակայն քննարկումների արդյունքում այդպես էլ հնարավոր չի եղել ապահովվել փաստաբանի մուտքը՝ օդանավակայանի տվյալ տարածք: Այնուամենայնիվ, փաստաբանի կողմից կազմված լիազորագիրը Պաշտպանի ներկայացուցիչների միջոցով փոխանցվել է Մ.Ա.-ին։ Այդ կերպ հնարավոր է դարձել փաստաբան Ռուբեն Մելիքյանի կողմից նշված անձի շահերի պաշտպանության ստանձնումը: Նկարագրված հանգամանքների հաշվառմամբ՝ նաև համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
Նշված դեպքի վերաբերյալ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հրապարակում է տարածել նաև Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում։ Առդիր՝ Ռ. Մելիքյանի՝ «Facebook» սոցիալական ցանցում կատարված հրապարակումների լուսապատճենները»:
Լուսինե Ոսկանյան