Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հունիսի 13-ին գրառում է արել Ֆեյսբուքում՝ ռուսերենով մեջբերելով հայտնի հնագետ Հենրիխ Շլիմանին վերագրվող խոսքը:
«Եվրոպական ողջ մշակույթը համարում է իրեն հին հունական կամ հռոմեական քաղաքակրթությունների ժառանգը՝ չհասկանալով, որ երկուսն էլ իրենց հերթին ծագում են հին հայկական քաղաքակրթությունից»,- գրված է հրապարակման մեջ:
Գրառումը 131 հավանում է ստացել և տարածվել 261 անգամ: Այս կարգի «աֆորիզմ» համացանցում տարածվել է նախկինում ևս։ Տարիներ շարունակ տարածվում է «Եվրոպայի ողբերգությունը կայանում է նրանում, որ քաղաքակրթության հիմքը ընդունում են հունականը և ոչ հայկականը»՝ Շլիմանին վերագրվող միտքը:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել՝ արդյո՞ք Հենրիխ Շլիմանը նման միտք արտահայտել է, թե՞ ոչ:
Ոչ առաջին, ոչ երկրորդ հրապարակումը որևէ հավաստի աղբյուր չունեն:
Առաջին հրապարակման մեկնաբանություններից մեկում օգտատերերից մեկը նշել է, որ հայկական քաղաքակրթության մասին Շլիմանի տեսակետը կարելի է գտնել Բրոքհաուզի հանրագիտարանի 1884 թ. հրատարակության մեջ՝ 462 էջում: Մենք ուսումնասիրեցինք համացանցում հասանելի այդ գիրքը, մասնավորապես՝ մատնանշված էջը, սակայն հայերի կամ հայկական մշակույթի մասին որևէ հիշատակություն չգտանք:
FIP.am-ց հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ լավ ուսումնասիրած լինելով Շլիմանի աշխատանքը` այդուհանդերձ, որևէ աղբյուրում նման միտք չի հանդիպել. «Շլիմանի ակտիվ գործունեության տարիներին՝ 19-րդ դարում շրջանառվում էր միտք, որ Կովկասը աշխարհի կենտրոնն է, ամեն ինչ սկսվում է Կովկասից և մարդկության զարգացման հարցում կարևոր դեր է խաղացել Կովկասը, բայց խոսքը եղել է ընդհանուր առմամբ Կովկասի և ոչ Հայաստանի կամ հայերի մասին։ Նա առանձնահատուկ վերաբերմունք ունեցել է Կովկասի՛ հանդեպ, և նրա աշխատակիցներից մեկն էլ հայ է եղել՝ Արծրունին: Նա տեղեկություն ունեցել է հայերի մասին, բայց նմանատիպ հայտարարություն ես երբևէ չեմ տեսել»,- նշեց Բոբոխյանը:
Այսպիսով, որևէ աղբյուր չի հաստատում, որ հնագետ Հենրիխ Շլիմանը երբևէ հայտարարել է, որ «Եվրոպական ողջ մշակույթը համարում է իրեն հին հունական կամ հռոմեական քաղաքակրթությունների ժառանգը՝ չհասկանալով, որ երկուսն էլ իրենց հերթին ծագում են հին հայկական քաղաքակրթությունից»:
Լուսինե Ոսկանյան