Առաջին ալիքի «Տարբեր կարծիքներ» հաղորդման մարտի 10-ի թողարկման ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդել է, թե վերջին երեք տարում Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը հետընթաց է ապրել։
«Կոռուպցիայի ընկալման ինդեքսում վերջին մի 2-3 տարին նվազել ա (Հայաստանի,-խմբ․) դիրքերը »,— ասել է Խաչատրյանը։
Այնուհետև պատգամավորը, հորդորելով հաղորդավարին «չաղճատել իր խոսքերը», ցուցադրել է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) կայքից մի լուսապատճեն և ասել․ «Պարոն Խաչատրյանը (ինքն իր մասին,-խմբ․) ձեզ ասում է, որ երկու օրվա դրությամբ կա նման հաշվետվություն, որ վերջին 2-3 տարվա ընթացքում կոռուպցիայի ընկալման ինդեքսը վատթարանում է»։
Խաչատրյանի հիշատակածը մարտի 7-ին OCCRP կայքում հրապարակված մի հետաքննություն է՝ Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունում հայտնաբերված մի շարք խնդրահարույց դրվագների՝ կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ․ հետաքննությամբ պարզվել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք տեղյակ չեն եղել իրենց անունից արված նվիրատվությունների մասին:
Հետաքննությունը, սակայն, չի անդրադառնում կամ տվյալներ չի ներկայացնում Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ․ հետևաբար, Խաչատրյանը մանիպուլացնում է, երբ կոռուպցիայի ընկալման համաթվի վատթարացման մասին պնդում անելիս հղում է անում OCCRP-ի վերոհիշյալ հետաքննությանը։
Փոխարենը, նման համաթիվ ամեն տարի հրապարակում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը․ համաձայն դրա հրապարակած հետազոտությունների, 2021 թվականին Հայաստանը նշված ինդեքսում պահպանել է 2020 թվականի ցուցանիշները (49 միավոր)՝ զբաղեցնելով 58-րդ տեղը։
Հայաստանի դիրքերը Կոռուպցիայի ընկալման համաթվում վատթարացել էին 2022 թվականին․ երկիրը 46 միավորով հայտնվել էր 63-րդ հորիզոնականում։ Սակայն արդեն նախորդ տարի՝ 2023 թվականին, Հայաստանը դարձյալ բարելավել է իր դիրքը մեկ միավորով՝ հայտնվելով 62-րդ տեղում։
Այսպիսով, պատգամավորի պնդումը, թե ՀՀ-ն վերջին երեք տարում վատթարացնում է Կոռուպցիայի ընկալման համաթվում իր դիրքերը, մեծամասամբ սխալ է․ 2021-ին ՀՀ-ն պահպանել է նախորդ տարվա բարելավված դիրքը, հետընթաց գրանցվել է միայն 2022-ին, իսկ ահա արդեն 2023-ին ՀՀ-ն դիրքի բարելավում է ունեցել։
Նանե Մանասյան