2025 թվականի առաջին կիսամյակում Երևանի հանրային տրանսպորտի ուղևորափոխադրման վճարների հավաքագրումը թերակատարվել է 3 մլրդ դրամով։ Այս մասին զեկուցվեց հուլիսի 14-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկզբում ուրախ էր ուղեվարձերի հավաքագրման դինամիկայից, նույնիսկ շնորհակալություն էր հայտնում երևանցիներին, սակայն այդ տրամադրությունը չպահպանվեց․ ավելին՝ ներմուծվեցին տուգանքներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր. «Հաջորդ քայլով մենք պետք է աշխատենք մեր փոխադրամիջոցներում հավաքագրումը էականորեն բարելավելու ուղղությամբ։ Օրենսդրությունն արդեն ունենք։ Ակնկալվում է, որ դուք շուտով կներկայացնեք աշխատանքային ծրագիր՝ թե ինչպես ենք անում, որ արագ անցնենք ավելի բարձր արդյունավետության հավաքագրման»։
Այն, որ հավաքագրման ցուցանիշը ցածր է, փաստել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարելով, որ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվողների շուրջ 25-30%-ը չի վճարում ուղեվարձը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հանրային տրանսպորտի բարեփոխման և միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքում պաշտոնապես հնչեցված հայտարարություններն ու վավերացվող տոմսերի դինամիկան։
Երևանում հանրային տրանսպորտի բարեփոխումների ֆոնին միասնական տոմսային համակարգի ներդրման և ուղևորավարձի թանկացման գործընթացն ակտիվ փուլ մտավ այս տարեսկզբից։ Հատկապես սկզբնական ամիսներին դրանք ուղեկցվեցին բողոքի տարբեր ակցիաներով և ուղևորների կողմից ուղևորավարձի վճարումները բոյկոտելու դեպքերով։
Չնայած դրան՝ հունվարի 13-ին անցկացված խորհրդակցության ժամանակ Տ․ Ավինյանն անդրադառնալով վերոնշյալ բարեփոխումներին՝ նշել էր․ «Իրապես բարդ պրոցես է, մասշտաբային պրոցես է։ Այս պրոցեսում իրականում երևանցիների նույնիսկ այդ զայրույթի միջոցով աջակցությունը մենք նկատել ենք, և էականորեն հավաքագրումները մեր բոլոր ընկերություններով ավելացել են։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց․․․»։
Հետաքրքիր է, որ հունվարին անցկացված Երևանի գործակարգավարական խորհրդակցությունների ընթացքում հանրային տրանսպորտի վավերացված տոմսերի մասին համապարփակ տեղեկատվություն չէր հանրայնացվում։
Հանրային տրանսպորտի բոլոր տեսակների ուղևորափոխադրումների ցուցանիշների հնչեցման անհրաժեշտության մասին քաղաքապետ Ավինյանը հայտարարեց փետրվարի 2-ին անցկացված խորհրդակցության ժամանակ․ «Հաջորդ շաբաթվանից ակնկալում եմ, որ պետք է նոր ձևաչափով նշենք ուղևորափոխադրումների թիվը․․․ Պետք է այդ ձևաչափը գտնենք և ուղևորափոխադրումների թվերը հնչեցնենք, ինչպես նաև մեր պակասորդի տոկոսը նվազեցնելու ճանապարհային քարտեզը»։
Փետրվարի 10-ին հայտարարվեց հանրային տրանսպորտում (էլեկտրատրանսպորտ/տրոլեյբուս, մետրո, ավտոբուս) վավերացված տոմսերի ընդհանուր ցուցանիշը՝ 1․9 մլն տոմս։
Ի հակադրություն նախորդող խորհրդակցությունների ընթացքում քաղաքացիներին ուղղված շնորհակալական խոսքերին՝ արդեն փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության ժամանակ հնչեցված վավերացված տոմսերի ցուցանիշին ի պատասխան (2 մլն 1 հզր.), քաղաքապետը կոշտ արձագանքեց․ «Թվերից ակնհայտ է, որ քաղաքացիների որոշ քանակ, այնուամենայնիվ, շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար․․․ Ես առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որպեսզի այդ (նկատի ունի չվճարելու–հեղ․) արդարացումներով առաջնորդվող մարդիկ էլ չկարողանան այդ արդարացումներով առաջնորդվել»։
Այս հայտարարությանը հաջորդող երկու շաբաթների ընթացքում ցուցանիշները շարունակեցին նվազել՝ հասնելով նախ 1 մլն 922, ապա՝ 1 մլն 883 հազարի։
Մարտի երկրորդ կեսից մինչ մայիսի վերջ վավերացված տոմսերի թիվը սկսեց աճել՝ մայիսի վերջին հասնելով առավելագույն՝ 2,4 մլն տոմսի։
Հունիսի ընթացքում այս թիվը սկսեց աստիճանաբար նվազել (2 մլն 309 հազար տոմս՝ հունիսի 30-ի դրությամբ), մինչև օգնության հասավ հուլիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ուղևորատոմսերի չվճարման դեպքում նախատեսված տուգանքների օրենսդրական փաթեթի ընդունումը։
Հուլիսի 14-ի դրությամբ վավերացված տոմսերի թիվը կազմել է 2 մլն 396 հազար․ այն 87 հազարով ավելի է հունիսի վերջին շաբաթվա ընթացքում գրանցված ցուցանիշից։
Ի՞նչ են նախընտրում քաղաքացիները՝ տրոլեյբո՞ւս, մետրո՞, թե՞ ավտոբուս
Փետրվար-հունիս ամիսների վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ քաղաքացիների ավելի քան 75%-ը որպես հանրային տրանսպորտ նախընտրում է ավտոբուսը։
Երկրորդ տեղում մետրոն է՝ 20.5%, երրորդը՝ տրոլեյբուսը՝ 3.8% ցուցանիշով։
Հուլիսի առաջին երկու շաբաթներին որոշակիորեն փոփոխվել է հանրային տրանսպորտի միջոցներում վավերացվող տոմսերի ցուցանիշների հարաբերակցությունը՝ գրանցելով հետևյալ տոկոսային հարաբերակցությունը․
- Ավտոբուս՝ 76.7%
- Մետրո՝ 19.3%
- Էլեկտրատրանսպորտ/տրոլեյբուս՝ 3.8%
Խոստացված, բայց դեռևս չգնված տրոլեյբուսների մասին
Հունվարի 22-ին Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում խոստացավ 2025 թվականին 45 նոր տրոլեյբուս ձեռք բերել։
Հունիսի 3-ին անցկացված ճեպազրույցի ընթացքում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարեց․
«Փետրվար ամսից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ․․․Այս ակցիաների արդյունքում, որոնցով մարդկանց հորդորում էին չվճարել, ունենք մի իրավիճակ, որ այդ 45-ից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու գնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը չկա: Հետևաբար, այդ 30 նոր տրոլեյբուսները դուրս են եկել ցանկից»:
Նրա խոսքով՝ եթե հավաքագրումները շարունակվեն նման տեմպով, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանն այդ 15 տրոլեյբուսը ևս չկարողանա ձեռք բերել։
Հունիսի 16-ին անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում գնումների վարչության ներկայացուցիչը զեկուցեց․ «Գնման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք են բերվել թվով 45 տրոլեյբուսներ, սակայն, հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարականի ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգել»։
Պարզվեց, որ պայմանագիրը կնքվել է ապրիլի 7-ին։ Ի պատասխան՝ Տ․ Ավինյանն արձագանքեց՝ պայմանագրի կնքումից հետո քաղաքապետարանն ունի 6 ամիս՝ մինչև հոկտեմբեր՝ ֆինանսական միջոցներ հայթայթելու ու գնման գործընթացն ավարտին հասցնելու համար։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման 6-ամսյա փուլի արդյունքներն ամփոփում է
- 3 մլրդ դրամ թերհավաքագրմամբ
- 25-30% չվճարող ուղևորներով
- 45 նոր տրոլեյբուս ունենալու անորոշությամբ, որի գնումը ռիսկի տակ է
- տուգանքներ սահմանող նոր օրենսդրությամբ։
Գայանե Մարկոսյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




