Հոկտեմբերի 1-ից համացանցում ակտիվորեն և համակարգված կերպով շրջանառվում է տեղեկություն, թե իբր Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայում տպագրված 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրեր, նույնականացման քարտեր։
Տեղեկությունն առաջինը՝ հոկտեմբերի 1-ին հայաստանյան տեղեկատվական տիրույթում տարածել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը, հղում անելով վրացական պաշտոնական ինչ-որ աղբյուրների, գրել էր․ «Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր․․․ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ֊ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին․․․Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք»։

Այս գրառումն արտատպել են հայաստանյան բազմաթիվ խոշոր լրատվամիջոցներ (news.am, panorama.am, pastinfo.am, TV5 և այլն):
Նշենք, որ նախկին նախարարի գրառումից հետո տեղեկությունը սկսել են ակտիվորեն շրջանառել սոցիալական մեդիայի տարբեր օգտատերեր ու էջեր՝ պնդելով որ այդ անձնագրերը նախատեսված էին Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար (1, 2, 3)։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրելով վրաստանյան պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները, վերոհիշյալ տեղեկության վերաբերյալ ոչինչ չի հայտնաբերել։ FIP.am-ն այսօր՝ հոկտեմբերի 6-ին կապ հաստատեց Դանիելյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր ճշտող հարցերին՝ «Ժամանակ չունենալու» պատճառաբանությամբ։
Արդեն կարճ ժամանակ անց Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն անհասանելի էր։
Հատկանշական է, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Դանիելյանի արդեն իսկ հեռացված գրառմանը հղում անելով՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկությունը տարածել է Մայր Աթոռի ԶԼՄ-ի գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը (Թարմացում. ավելի վաղ Առաքելյանին ներկայացրել էինք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մամուլի քարտուղար-խմբ․)։
Շրջանառվող տեղեկությանը ՀՀ ներքին գործերի նախարարությունը անդրադարձել է լուրը տարածվելուց միայն 4 օր անց՝ Armenpress-ի հետ զրույցում՝ հերքելով դրա ճշմարտացիությունը։ «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի», — նշել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։
Լուրի աղբյուրը՝ անհայտ YouTube-յան ալիք
Տեղեկությունն առաջինը տարածել է ռուսական քարոզչական «За Кулисами Событий» YouTube-յան ալիքը դեռևս սեպտեմբերի 25-ին։
Հատկանշական է, որ արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի թե’ սկզբում, թե’ դրա նկարագրությունում կա դիսքլեյմեր (պատասխանատվության հայտարարություն, այն է՝ հեղինակը պատասխանատվություն չի կրում ներկայացված տեղեկության օգտագործման հետևանքների համար)։
«Այս տեսանյութում ներկայացված բովանդակությունը նախատեսված է միայն ժամանցի համար։ Մեր պատմությունները մտացածին են և հիմնված են հորինվածքի վրա։ Խնդրում ենք չընդունել դրանք որպես իրականություն։ Բոլոր նյութերը չեն կարող մեկնաբանվել որպես մասնագիտական, իրավական, քաղաքական կամ այլ պաշտոնական խորհրդատվություն։ Այս տեսանյութը համապատասխանում է YouTube-ի արդար օգտագործման և բնօրինակ բովանդակության կանոններին», — նշված է տեսանյութի սկզբում։

Վրացական պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները նման լուր չեն տարածել
«Փաստերի ստուգման հարթակը» վրացի փաստեր ստուգող գործընկեր հարթակի Myth Detector-ի (Փաստեր ստուգողների միջազգային ցանց/IFCN անդամ) հետ համագործակցությամբ ուսումնասիրել է Վրաստանի պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ ՆԳՆ, ԱԳՆ կայքերը, ինչպես նաև արժանահավատ աղբյուրները: Պարզել ենք, որ որևէ վրացական աղբյուր՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, նման տեղեկություն անգամ չի տարածել։
Այսպիսով, նախկին նախարարը կեղծ տեղեկություն է տարածել․ վրաստանյան որևէ աղբյուր վրաց-թուրքական սահմանին 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրեր հայտնաբերելու մասին չի հայտնել, բաց աղբյուրներում այդ լուրը հաստատող որևէ տեղեկություն չկա։
Միևնույն ժամանակ լուրը տարածել է ռուսալեզու քարոզչական ալիք, որը հստակ դիսքլեյմերով նախազգուշացրել է լսարանին, որ տեսանյութում առկա բովանդակությունը մտացածին է, հիմնված հորինվածքի վրա, և կոչ է արել չընդունել դրանք որպես իրականություն։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր



