Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 11-ին իր տելեգրամյան ալիքում հարցում է հարապարակել, թե արդյո՞ք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին իրակա՞ն է, թե՞ ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ/AI) միջոցով:
Հարցմանը, այս պահի դրությամբ, մասնակցել է ավելի քան 1300 հոգի՝ մեծ մասը պատասխանելով, որ տեսանյութը ստեղծված է ԱԲ-ով (AI):

Արտապատկերումը՝ Ալեն Սիմոնյանի տելեգրամի էջից
Նման կասկած էին հայտնում նաև սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր՝ փորձելով կռահել՝ արդյոք Սամվել Կարապետյանի ուղերձն ԱԲ-ի (AI) միջոցով է ստացվել՝ հաշվի առնելով նախկինում նրա ԱԲ-ով գեներացված տեսաուղերձները:
Ավելի վաղ էլ, լրագրողների հետ զրույցում Կարապետյանի քաղաքական թիմի անդամ Արամ Վարդևանյանն անդրադառնալով Սիմոնյանի հարցմանը, հերքել էր, թե տեսաուղերձն ԱԲ-ով է պատրաստված: Նա նշել է, որ անձամբ է ներկա եղել դրա նհարահանմանը:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է մուլտիմեդիա բովանդակության մեջ ԱԲ հետքերի հայտնաբերման գործիքների միջոցով պարզել՝ արդյո՞ք Կարապետյանի տեսաուղերձը ԱԲ է, թե՞ ոչ։
Այսպես՝ Deepware գործիքը Կարապետյանի տեսանյութի որոշ հատվածներ կասկածելի է համարել։

Արտապատկերումը՝ Deepware-ից
Այս գործիքի կողմից օգտագործվող Avatarify և Saferbekov բաղկացուցիչները տեսանյութում կասկածելի տարրեր են գտել, սակայն տեսանյութի վերջնական վերլուծությունը ցույց է տալիս, որ տեսանյութը կեղծ կամ ԱԲ չէ։
FIP.am-ը Կարապետյանի տեսանյութում ԱԲ-ի մասնակցությունը փորձել է որոշել նաև InVid գործիքի միջոցով, որը ևս հուշում է, որ այն ԱԲ չէ։

Արտապատկերումը՝ InVid-ից
Այս գործիքը տեսանյութը բաժանում է հատվածների և յուրաքանչյուր հատվածի համար գնահատում՝ արդյոք առկա են ԱԲ-ով մանիպուլյացիայի նշաններ։ Կարապետյանի տեսանյութի դեպքում առանձին հատվածներում գրանցվել է առավելագույնը շուրջ 2% հավանականություն, ինչը համարվում է շատ թույլ և ոչ վերջնական գնահատական։
Այսպիսով, ԱԲ գործիքները չեն հաստատում, որ Կարապետյանի տեսաուղերձն իրական չէ: Հետևաբար, նման պնդումները փաստահեն չեն:
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր










