ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

Արեն Նահապետյան Արեն Նահապետյան
17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547 հաղորդում, ապա 2025-ին դրանց թիվը հասել է 2775-ի՝ երեք տարում աճելով շուրջ 79 տոկոսով։

Աճել է նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց թիվը․ 2023 թվականին ոստիկանության հաշվառման մեջ եղել է 1185 անձ, 2024-ին՝ 1786, իսկ 2025-ին՝ արդեն 2548։ Ընդ որում, բռնության ենթարկվածների ճնշող մեծամասնությունը կանայք են, իսկ բռնություն գործադրածներինը՝ տղամարդիկ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ներքին գործերի նախարարության տրամադրած 2018-2026 թվականների տվյալները՝ պարզելու, թե ինչպես է փոխվել ընտանեկան բռնության վիճակագրությունը, ովքեր են առավել հաճախ ենթարկվում բռնության, որքան հաճախ են դեպքերը կրկնվում և ինչ միջոցներ է կիրառում ոստիկանությունը։

Հաշվառումը սկսվել է 2018 թվականից

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին և ուժի մեջ մտել 2018 թվականի հունվարի 31-ին։ Բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները սահմանող դրույթներն ուժի մեջ են մտել 2018 թվականի հունիսի 30-ին։ 

2024 թվականի հուլիսի 1-ից այս օրենքը գործում է նոր անվանումով՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»։ Այսինքն՝ ընդլայնվել է նաև դրա շրջանակը, ընտանեկան ու կենցաղային բռնություն է համարվում նաև բռնությունը նախկին զուգընկերների և ընտանիքի նախկին անդամների միջև՝ անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից։ 

Բացի այդ, ընտանիքում բռնության դեպքին ականատես եղած երեխան ևս համարվում է բռնության ենթարկված անձ։  

Ոստիկանությունը համադրելի վիճակագրությունը ներկայացնում է հենց այդ ժամանակահատվածից։ 2018 թվականի հունիսի 30-ից մինչև տարեվերջ ոստիկանությունը ստացել է ընտանեկան բռնության վերաբերյալ 990 հաղորդում։

Հաջորդ տարիներին պատկերը հետևյալն է․

  • 2019 — 1886,
  • 2020 — 1888,
  • 2021 — 1644,
  • 2022 — 1547,
  • 2023 — 1819,
  • 2024 — 2255,
  • 2025 — 2775,
  • 2026 թվականի առաջին կիսամյակ — 1375 հաղորդում։

Այսպիսով, 2022 թվականից հետո հաղորդումների թիվը շարունակաբար աճել է։ 2025-ի ցուցանիշը 2022-ի համեմատ բարձր է 1228 դեպքով կամ շուրջ 79.4 տոկոսով։ 

Այս համեմատությունը, սակայն պետք է դիտարկել նաև 2024-ին օրենքի շրջանակի ընդլայնման համատեքստում։

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ հաղորդումների թվի աճն ինքնին դեռ չի նշանակում նույն չափով ընտանեկան բռնության փաստացի տարածվածության աճ։ Թվի վրա կարող են ազդել նաև հաղորդումների գրանցման, բացահայտման և ոստիկանություն դիմելու վարքագծի փոփոխությունները։

Ամենաշատ հաղորդումները ստացվել են Երևանից 

2025 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ ամենաշատ հաղորդումները ստացվել են Երևանից՝ 1208։

Մարզերում ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Արարատում՝ 324, Լոռիում՝ 264 և Արմավիրում՝ 221 հաղորդում։

Համեմատության համար՝ Երևանում 2019 թվականին գրանցվել էր 638 հաղորդում,

  • 2020 — 644,
  • 2021 — 545,
  • 2022 — 547,
  • 2023 — 580,
  • 2024 — 856,
  • 2025 — 1208։

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանից ստացվել է 540 հաղորդում։ 2019-ի համեմատ 2025-ին Երևանում հաղորդումների թիվն աճել է 50-ով կամ շուրջ 89 տոկոսով։ Այսինքն՝ դրանք գրեթե կրկնապատկվել են։

Սակայն այս թվերով հնարավոր չէ եզրակացնել, թե Հայաստանի որ հատվածում է ընտանեկան բռնությունն առավել տարածված։ Երևանում և մարզերում բնակչության՝ ոստիկանություն դիմելու վարքագիծը կարող է տարբեր լինել։ Մասնավորապես, մարզերում մշակութային և սոցիալական առանձնահատկությունները, ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ պահպանողական պատկերացումները կամ բռնության մասին բարձրաձայնելու նկատմամբ վերաբերմունքը կարող են ազդել դիմելիության մակարդակի վրա։ 

Հետևաբար ոստիկանությունում գրանցված ավելի քիչ հաղորդումները պարտադիր չեն նշանակում, որ տվյալ մարզում ընտանեկան բռնության դեպքերն իրականում ավելի քիչ են։ 

Բռնության ենթարկվածների մեծ մասը կանայք են

Ոստիկանությունը բռնության ենթարկված և բռնություն գործադրած անձանց սեռով տարանջատված տվյալները սկսել է մշակել 2020 թվականից։

2025 թվականին հաշվառվել է ընտանեկան բռնության ենթարկված 2548 անձ, որոնցից 2201-ը կին են, 347-ը՝ տղամարդ։ Այսինքն՝ հաշվառված բռնության ենթարկվածների շուրջ 86.4 տոկոսը կանայք են։

Նույն թվականին հաշվառվել է բռնություն գործադրած 2487 անձ, որոնցից 2204-ը տղամարդ են, 283-ը՝ կին։ Այս դեպքում տղամարդկանց բաժինը կազմում է շուրջ 88.6 տոկոս։

Նման հարաբերակցություն առկա է նաև նախորդ տարիներին։

Օրինակ՝ 2020 թվականին բռնության ենթարկված 1313 անձից 1091-ը կին էր, իսկ բռնություն գործադրած 1306 անձից 1126-ը՝ տղամարդ։

2026 թվականի առաջին կիսամյակում արդեն հաշվառվել է բռնության ենթարկված 1354 անձ՝ 1138 կին և 216 տղամարդ։ Բռնություն գործադրած 1353 անձից 1150-ը տղամարդ է։

Ամենաշատ դեպքերը՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ

FIP.am-ի հարցման հիման վրա Ոստիկանությունից ստացված տվյալները հնարավորություն են տալիս հասկանալ նաև, թե ընտանիքի անդամների միջև ինչ հարաբերություններում են առավել հաճախ քննվել բռնության դեպքերը։

2018 թվականի կեսից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակ քննված 6942 դեպքից 3474-ը վերաբերել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնությանը։ Սա կազմում է քննված դեպքերի մոտ կեսը։

Մյուս դեպքերը բաշխվել են այսպես՝

  • ընտանիքի այլ անդամների կողմից՝ 1363,
  • զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 657,
  • նախկին ամուսնու կամ կնոջ կողմից՝ 535,
  • ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 512,
  • կենակցի կողմից՝ 251,
  • կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 150։

Այս տվյալներում ևս ժամանակային սահմանափակում կա․ նախկին ամուսնու կամ կնոջ կողմից բռնության դեպքերը առանձին հաշվառմամբ սկսել են ներկայացվել միայն 2023 թվականից։

2025-ին նախաձեռնվել է 1723 քրեական վարույթ 

Ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդումը դեռ չի նշանակում, որ յուրաքանչյուր դեպքում քրեական վարույթ է նախաձեռնվում։

Ըստ ոստիկանության տվյալների՝ 2018 թվականի կեսից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակ ընտանեկան բռնության դեպքերով ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 5079 քրեական վարույթ։

Տարեկան թվերը ցույց են տալիս հատկապես կտրուկ աճ 2023 թվականից հետո․

2022-ին նախաձեռնվել էր 138 վարույթ, 2023-ին՝ 508, 2024-ին՝ 1360, իսկ 2025-ին՝ արդեն 1723։

2026 թվականի միայն առաջին կիսամյակում նախաձեռնվել է 814 վարույթ։

Այստեղ, սակայն, անհրաժեշտ է զգուշանալ տարիների ուղղակի համեմատությունից։ 2018-ից մինչև 2022 թվականը տրամադրված տվյալներում առանձին ներկայացված են նաև քրեական վարույթի նախաձեռնումը մերժելու դեպքերը՝ ընդհանուր 1863։

2023 թվականից ոստիկանության ներկայացրած սյունակում տվյալներ չկան, ինչը պայմանավորված է Քրեական դատավարության նոր օրենսգրքով․ նախկինում քրեական վարույթի նախաձեռնումը մերժելու լիազորությունը ոստիկանության տիրույթում էր։ Որպես հետաքննության մարմին՝ ոստիկանությունն ինքնուրույն էր որոշում կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու մասին և համապատասխանաբար վարում էր այդ որոշումների վիճակագրական հաշվառումը։

Նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո այս ամբողջ ընթացակարգը փոխանցվել է քննչական կոմիտեին և դատախազությանը։

Քննչական կոմիտեից FIP.am-ին փոխանցել են 2023-ից հետո կարճված քրեական վարույթների քանակը։ Ըստ այդմ՝ 2023-ին կարճվել է 557 վարույթ, 2024-ին՝ 735, 2025-ին՝ 972։

Կայացվել է շուրջ 4 հազար անհետաձգելի միջամտության որոշում

Ընտանեկան բռնության դեպքում ոստիկանությունը կարող է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում՝ բռնության ենթարկված անձին անմիջական վտանգից պաշտպանելու համար։

2018 թվականի կեսից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակ կայացվել է 3956 նման որոշում։

Դրանց թիվը ևս աճել է․ 2018-ի երկրորդ կեսին եղել է 131 որոշում, 

2019-ին՝ 260, 

2020-ին՝ 337,

2021-ին՝ 544, 

2022-ին՝ 556, 

2023-ին՝ 551, 

2024-ին՝ 574, 

2025-ին՝ 678։

2026 թվականի առաջին կիսամյակում կայացվել է 325 անհետաձգելի միջամտության որոշում։

Աճում է կրկնվող դեպքերի թիվը

Ոստիկանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճել է նաև ընտանեկան բռնության կրկնվող համարվող դեպքերի թիվը։2020 թվականին կրկնվել է ընտանեկան բռնության 20 դեպք, 

2021-ին՝ 125, 

2022-ին՝ 173, 

2023-ին՝ 209, 

2024-ին՝ 321, 

2025-ին՝ 343 դեպք։

2026 թվականի առաջին վեց ամիսներին արդեն արձանագրվել է 230 կրկնվող դեպք։

Միաժամանակ ոստիկանությունը չի կարող ներկայացնել, թե քանի ընտանիքում է մեկից ավելի բռնության դեպք արձանագրվել։ Պատճառն այն է, որ հաշվառումն իրականացվում է դեպքերի և անձանց, ոչ թե ընտանիքների կտրվածքով։

Այսինքն՝ եթե նույն ընտանիքի անդամը բռնության է ենթարկում, օրինակ, ամուսնուն և երեխային, նրանք հաշվառվում են որպես բռնության ենթարկված երկու առանձին անձ, սակայն ոստիկանության վիճակագրությունը թույլ չի տալիս առանձնացնել, որ այդ երկու դեպքերը տեղի են ունեցել նույն ընտանիքում։ Հետևաբար հնարավոր չէ պարզել, թե քանի ընտանիքում է բռնությունը կրկնվել կամ միաժամանակ վերաբերել ընտանիքի մեկից ավելի անդամների։ 

Մեկ տարում գրեթե կրկնապատկվել է բռնության ենթարկված երեխաների թիվը

Ուշագրավ է  անչափահասների վիճակագրությունը։

2020 թվականին ոստիկանության տվյալներով ընտանեկան բռնության է ենթարկվել 63 անչափահաս։ 

Հաջորդ տարիներին ցուցանիշը եղել է համեմատաբար կայուն՝ 

2021-ին՝ 74, 

2022-ին՝ 61,

2023-ին՝ 61,

2024-ին՝ 98,

2025-ին՝ 195։

Այսինքն՝ ընդամենը մեկ տարում հաշվառված երեխաների թիվը գրեթե կրկնապատկվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է բռնության ենթարկված 109 անչափահաս՝ 45 տղա և 64 աղջիկ։

Ընդհանուր առմամբ 2020 թվականից մինչև 2026-ի առաջին կիսամյակ հաշվառվել է ընտանեկան բռնության ենթարկված 661 անչափահաս՝ 312 տղա և 349 աղջիկ։

Ոստիկանությունը չգիտի՝ հաղորդումը 112-ի՞ց է ստացվել, թե՞ քաղաքացին է բաժին գնացել

Չնայած տրամադրված մեծածավալ վիճակագրությանը՝ ընտանեկան բռնության հաշվառման համակարգում մի շարք կարևոր տվյալներ ընդհանրապես չեն հավաքագրվել։

Օրինակ՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ընտանեկան բռնության ահազանգերը մինչև այժմ առանձնացված չեն հաշվառվել։ Ոստիկանությունը չի հաշվառել նաև, թե քանի քաղաքացի է ընտանեկան բռնության մասին հաղորդում տվել՝ անձամբ ներկայանալով բաժին։

Առանձին տվյալներ կան այլ պետական մարմիններից և բուժհաստատություններից ոստիկանությանը տրամադրած հաղորդումների վերաբերյալ։ 2018-ի կեսից մինչև 2026-ի առաջին կիսամյակ այլ մարմիններից ստացվել է 366, իսկ բուժհաստատություններից՝ 623 հաղորդում։

Ոստիկանությունը նաև չի հավաքագրում բռնության ենթարկված անձանց տարիքային բաշխվածությունը՝ բացառությամբ անչափահասների առանձնացված վիճակագրության։

Մինչև 2026 թվականը հաշվառումը մեխանիկական էր

ՆԳՆ-ն վիճակագրության սահմանափակումները բացատրում է նաև նրանով, որ մինչև 2026 թվականը ընտանեկան բռնության դեպքերի հաշվառումն իրականացվել է մեխանիկական եղանակով։

Սա, ըստ ՆԳՆ-ի, սահմանափակել է տվյալները մշակելու, տարբեր հատկանիշներով համադրելու և մանրամասն վիճակագրություն ստանալու հնարավորությունները։

2026 թվականից ոստիկանությունն անցել է թվային հաշվառման համակարգի, որտեղ ներկայումս շարունակվում է տվյալների մուտքագրումը։

ՆԳՆ-ից վստահեցնում են՝ համակարգի ամբողջական գործարկումից հետո հնարավոր կլինի տվյալները կենտրոնացված պահել, արագ մշակել և ստանալ ավելի մանրամասն վիճակագրություն։

Այսպիսով

Ոստիկանության տվյալները ցույց են տալիս, որ հատկապես 2023 թվականից հետո Հայաստանում զգալիորեն աճել է ընտանեկան բռնության վերաբերյալ գրանցվող հաղորդումների թիվը։ 2025 թվականին այն հասել է 2775-ի՝ ուսումնասիրվող ամբողջական տարիների ամենաբարձր ցուցանիշին։ Աճել են նաև բռնության ենթարկված անձանց, նախաձեռնված քրեական վարույթների, կրկնվող դեպքերի և հատկապես բռնության ենթարկված անչափահասների թվերը։

Միաժամանակ վիճակագրական համակարգը դեռ թույլ չի տալիս ամբողջությամբ գնահատել խնդրի իրական մասշտաբը։ Մինչև 2026 թվականը հաշվառումը մեխանիկական է եղել, առանձին չեն հաշվառվել 112-ով կամ անձամբ ոստիկանություն ներկայացված հաղորդումները, տվյալներ չկան զոհերի տարիքային ամբողջական բաշխման և մեկ ընտանիքում կրկնվող դեպքերի վերաբերյալ։

Հետևաբար պաշտոնական թվերը ցույց են տալիս ոստիկանության կողմից գրանցված և հաշվառված դեպքերի դինամիկան, բայց դրանց աճը ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ նույն համամասնությամբ աճել է նաև Հայաստանում ընտանեկան բռնության իրական տարածվածությունը։

Արեն Նահապետյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտանեկան բռնությունՀՀ ՆԳՆ

Հարակից հոդվածներ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

15:51, 24 Օգս, 2026

Հայաստանում վերջին տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում միաժամանակ երկու միտում է նկատվում․ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների և արձանագրվող իրավախախտումների թվերը, մինչդեռ...

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

13:23, 15 Հլս, 2026

Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

Հարակից հոդվածներ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

15:51, 24 Օգս, 2026

Հայաստանում վերջին տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում միաժամանակ երկու միտում է նկատվում․ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների և արձանագրվող իրավախախտումների թվերը, մինչդեռ...

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

13:23, 15 Հլս, 2026

Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens