Antifake.am կայքը երեկ՝ հունվարի 6-ի երեկոյան, հրապարակում է տարածել 2019 թվականին ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների ստացած պարգևավճարների վերաբերյալ։ Նյութում, մասնավորապես, գրված է. «Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության (մշակույթի-խմբ.) նախարարությունից հայտնում են, որ կառույցում պարգևավճարները կազմում են 1,774,225,600 դրամ»։
Այս հրապարակումը նույնությամբ վերատպել են yerevan.today, 168.am, Armdaily.am, galatv.am, news.am և այլ լրատվականներ։
Antifake.am-ի տարածած տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ևս ԿԳՄՍ էր ուղարկել նույնաբովանդակ հարցում, որի պատասխանից պարզ է դառնում, որ 1 միլիարդ 774 միլիոն դրամ կազմել է նախարարության 2019 թ․ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը և ոչ թե պարգևավճարները, ինչպես ներկայացնում է Antifake.am-ը։
Հատկանշական է, որ կայքը նույնությամբ մեջբերել է նախարարության պատասխանի մյուս հատվածը, որում հստակ նշված է, որ «պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ»։
Հետևաբար՝ ԿԳՄՍՆ-ն 2019-ի համար պարգևատրումներին հատկացրել է շուրջ 456 միլիոն դրամ, իսկ Antifake.am-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։
Անի Ավետիսյան