«Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) անկախ լրատվամիջոց է, որը հիմնադրվել է 2016 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից:
«Փաստերի ստուգման հարթակ»-ում հրապարակված նյութերի համար քաղաքացիաիրավական պատասխանատվությունը կրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն: FIP.am-ում տեղ գտած ձևակերպումները կամ գնահատականները կարող են չհամընկնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոտեցումների և դիրքորոշումների հետ և ներկայացնում են բացառապես FIP.am-ի խմբագրակազմի տեսակետները։
FIP.am-ը փաստերի ստուգման՝ ֆակտչեքինգային լրագրության առաջին և առաջատար մասնագիտացած լրատվամիջոցն է Հայաստանում:
FIP.am-ի հիմնական նպատակն է պաշտոնյաների, պաշտոնական մարմինների և լրատվամիջոցների կողմից հրապարակված ապատեղեկատվության և մանիպուլյացիաների բացահայտումը:
Հրապարակումները պատրաստելիս մեր լրագրողները պահպանում են լրագրողական էթիկայի կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Մենք չենք ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր։
Ակնհայտ ապատեղեկատվության տարածման կանխարգելումը մեր լրագրողների համար առաջնահերթ խնդիր է։
«Փաստերի ստուգման հարթակի» թիմը չի խթանում, չի հրահրում և չի արդարացնում ագրեսիվ պատերազմները, մարդու իրավունքների խախտումները, մարդկության կամ բնության դեմ հանցագործությունները:
FIP.am-ը չի հրապարակում նյութեր, որոնք խախտում են մարդկանց կյանքի գաղտնիությունը կամ արժանապատվության իրավունքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» (ԻՔՄ) FIP.am-ի մայր կազմակերպությունն է: ԻՔՄ-ի նպատակն է կարևոր խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելը՝ նվազագույնի հասցնելով ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա:
ԻՔՄ-ն հրապարակայնորեն թվարկում է յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման աղբյուրները, ներառյալ այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում են FIP․am-ը:
FIP.am-ը, իր հերթին, հրապարակայնորեն ներկայացնում է ծրագրի գործընկերներին՝ կայքի ստորին հատվածում:
2023 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» միացել է «Փաստերի ստուգման ցանցին»՝ համագործակցության հուշագիր ստորագրելով փաստերի ստուգմամբ զբաղվող գործընկերների հետ:
2025 թվականի մարտին «Փաստերի ստուգման հարթակը» դարձել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (International Fact-Checking Network, IFCN) անդամ՝ միանալով լրագրողական բարձր արժեքները պաշտպանող գլոբալ համայնքին։
FIP.am-ը միացել է «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» Լրագրողական վստահության նախաձեռնությանը (Journalism Trust Initiative, JTI)։ Մեր կազմակերպության ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են նախաձեռնության պաշտոնական կայքում։
Մեր թիմը

Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում և կազմակերպություններում՝ Panorama.am, MediaLab.am, Parliamentmonitoring.am, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ (Forrights.am): 2019-2021 թթ․ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես հանրային կապերի գլխավոր մասնագետ։ Մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային բազմաթիվ ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի լրագրողական վերապատրաստման կուրսերը։ 2023-ին ավարտել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիա կառավարման դասընթացը, այնուհետև մասնակցել Բոննում անցկացվող DW Global Media Forum-ին։ 2024 թվականի մայիսից աշխատում է FIP.am-ում՝ որպես գլխավոր խմբագիր։
Հասմիկ Համբարձումյան
Գլխավոր խմբագիր

Նանե Մանասյան
Նանե Մանասյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, մագիստրոսի կոչում է ստացել Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնից: Լրագրությամբ զբաղվում է 2014 թվականից՝ աշխատելով «Լրատվական» ռադիոյում, PanARMENIAN.Net կայքում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում։ 2017-2019 թվականներին եղել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ գլխավոր քարտուղարը, 2019 թվականից աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես ԶԼՄ-ների մոնիտորինգի փորձագետ, 2021 թվականի սեպտեմբերից աշխատում է FIP.am-ում՝ որպես լրագրող։
Նանե Մանասյան
Լրագրող

Շուշան Հարությունյան
Շուշան Հարությունյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: 2015 թվականից աշխատել է analitik.am լրատվական կայքում՝ որպես խմբագիր-թարգմանիչ: 2016 թվականի մայիսից աշխատում է մշակութային և կրթական «Ժամ» (Մոսկվա) ամսագրում՝ որպես սրբագրիչ: 2016 թվականի հունվարից աշխատում է FIP.am-ում՝ որպես թարգմանիչ և կայքերի մոդերատոր:
Շուշան Հարությունյան
Թարգմանիչ

Գայանե Մարկոսյան
Գայանե Մարկոսյանը մուլտիմեդիա լրագրող և մեդիա մենեջմենթի մագիստրոս է։
Ունի ավելի քան 15 տարվա փորձառություն՝ լրագրության և հանրային հաղորդակցության ոլորտում։
Համագործակցել է Հայաստանի և միջազգային հեղինակավոր մեդիա կազմակերպությունների հետ՝ որպես լրագրող, խմբագիր, խորհրդատու, ինչպես նաև հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ։
Տարբեր տարիներին ճանաչվել է հաղթող հայաստանյան ու միջազգային հեղինակավոր լրագրողական մրցույթներում։
2025 թ. հուլիսից միացել է «Փաստերի ստուգման հարթակին»՝ որպես փաստեր ստուգող լրագրող։
Գայանե Մարկոսյան
Լրագրող

Մանե Խաչիկյան
Մանե Խաչիկյանը 2025 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը։ Ներկայում շարունակում է կրթությունը նույն ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրում։ Հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է։
Նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ժողովրդավարությունը, կանանց մասնակցությունը քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածությունը, ինչպես նաև կոնֆլիկտների կարգավորման ու խաղաղաշինության հարցերը։
Մանեն մասնակցել և մասնակցում է տեղական ու միջազգային ծրագրերի և դասընթացների՝ իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում։
2025 թ. հունիսին միացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ որպես հաղորդակցության համակարգող։
Մանե Խաչիկյան
Հաղորդակցության համակարգող

Հարություն Սարոյան
Հարություն Սարոյանը ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի անիմացիոն ռեժիսուրայի բաժինը։
2017-2018 թթ. աշխատել է Para Tv-ում՝ որպես օպերատոր, 2019-2020 թթ.՝ Margasoft Corp-ում՝ որպես վիդեո արտադրող:
2020-2024 թթ. աշխատել է Academy Films ընկերությունում, Boon TV, CivilNet, Infocom լրատվամիջոցներում, Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, ռեժիսոր և մոնտաժող: 2025 թ. օգոստոսից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես օպերատոր-մոնտաժող:
Հարություն Սարոյան
Օպերատոր / Մոնտաժող

Արեն Նահապետյան
Արեն Նահապետյանը մոտ 200-ի հասնող երիտասարդական դասընթացների և կարողությունների զարգացման ծրագրերի մասնակից է, 5 երկարաժամկետ կարողությունների զարգացման դպրոցների շրջանավարտ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մեդիագրագիտության թեմաներով։ Զինվորական ծառայությունից անմիջապես անց՝ 2025 թվականի հոկտեմբերից, աշխատում է «Փաստերի ստուգման հարթակում»՝ որպես լրագրող։
Արեն Նահապետյան
Լրագրող
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր






