Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանը հունիսի 14-ին Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Պատմության թանգարանին:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ իրադարձությունը ներկայացնելիս հաճախ չեն նշել, որ խոսքը կրկնօրինակի, այլ ոչ թե բնօրինակի մասին է: Դրանց թվում էին «Ազատություն» ռադիոկայանը, «Ալիքմեդիան», 24news.am-ը այլ կայքեր: Ինքը՝ Պատմության թանգարանը ևս իրադարձության մասին հաղորդագրության մեջ կրկնօրինակի մասին չի հիշատակել։
Նոբելյան մրցանակի կրկնօրինակը
Բեյրութում հանգրվանած հայերի ընտանիքում ծնված Արդեմ Փաթափությանը Բժշկության ոլորտում 2021 թ. Նոբելյան մրցանակին է արժանացել ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար:
Որպես մրցանակակիր՝ Փաթափությանը ստացել է մեդալ, վկայական և 10 մլն շվեդական կրոն (շուրջ $1 մլն): Մրցանակակիրները կարող են պատվիրել նաև մեդալի մինչև 3 կրկնօրինակ՝ պատրաստված ոսկեզօծ բրոնզից: Բնօրինակը պատրաստվում է 18 կարատանոց վերամշակված ոսկուց։
Ի դեպ, բոլոր մեդալների համար քաշը սահմանված է 175 գ, բացառությամբ Տնտեսական գիտությունների մրցանակի մեդալի: Դրա քաշը սահմանվել է 185 գ։
Հայաստանին Փաթափությանը նվիրել է Նոբելյան մրցանակի երկրորդ կրկնօրինակը, ինչի մասին նա գրել է Թվիթերում:
The 2nd (out of 3) replica medals has found a home at the History Museum of Armenia in Yerevan!https://t.co/jBJGd472pa https://t.co/XHbbmgjl5U pic.twitter.com/4qtPwWgsMl
— Ardem Patapoutian (@ardemp) June 15, 2022
Հայաստանի պատմության թանգարանից FIP.am-ի հարցման ի պատասխան նշեցին, որ հայազգի առաջին Նոբելյան դափնեկիրն իր մրցանակը թանգարանին է հանձնել ստորագրված նվիրատվության պայմանագրով: Հայաստանի պատմության թանգարանն իրավունք չունի այն հանձնել երրորդ կողմին կամ օտարել, և այն պետք է օգտագործվի միայն կրթական, ցուցադրական և հրատարակման նպատակներով:
«Թանգարանը մրցանակը ընդունել է և հաշվառելու է իր հիմնական հավաքածուի մեջ՝ որպես մշտական պահպանության թանգարանային առարկա»,- հայտնում են թանգարանից:
Հաշվառումից հետո այն կազմելու է պետական սեփականություն համարվող հավաքածուի մի մասը
Առաջին կրկնօրինակը Փաթափությանը նվիրել է գործընկերոջը՝ Բերտրան Կոստեին:
Նոբելյան մրցանակի մասին
Գիտության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակը սահմանվել է 1895 թվականին՝ Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն: Դրանով շվեդ գիտնականն իր ունեցվածքի ամենամեծ բաժինը տրամադրեց ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, գրականության և խաղաղության մրցանակների համար, որոնք կոչվեցին Նոբելյան մրցանակներ: Վերջին դարի ընթացքում հանձնվել է 609 մրցանակ` 975 դափնեկրի:
Եղել են տարիներ, երբ մրցանակներ չեն շնորհվել: Հիմնականում դա տեղի է ունեցել համաշխարհային պատերազմների ընթացքում:
Լուսինե Ոսկանյան